Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ողջ հայությանը, ովքեր կորոնավիրուսի պատճառով հնարավորություն չունեն ֆիզիկապես ներկա գտնվել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ կոչ է անում հեռակա կերպով մասնակցել Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը։ Այս մասին նա ասաց մամուլի ասուլիսին։
«Մեր հայրենակիցները կարող են իրենց անուններն ուղարկել հաղորդագրության միջոցով և բոլորի անունները կարտացոլվեն Ծիծեռնակաբերդի սյուների վրա։ Մենք այս քայլով, մի փոքր յուրահատուկ ձևով, ևս մեկ անգամ միահամուռ կերպով կբարձրացնենք մեր ձայնը։ Թող բոլորն իմանան, որ նույնիսկ կորոնավիրուսի պայմաններում մեր պանջատիրական ձայնը չի լռելու»,- նշեց Սինանյանը և հավելեց, որ հայերը պետք է շարունակեն պահանջել համամարդկային արժեքների հաղթանակ և արդարություն։
Սինանյանը հույս հայտնեց, որ 2021 թվականին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը հնարավոր կլինի անցկացնել ոչ արտակարգ դրության պայմաններում։