Ներկայացված նախագծում կան մի շարք դրույթներ, որոնք լրացուցիչ հիմնավորման կարիք ունեն։ Այս մասին խորհրդարանում ՀՀ Ընտրական օրենսգրքում (սահմանադրական օրենք) փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցը։
Որոշ դեպքերում փոխնախարարը առաջարկվող փոփոխությունները նույնիսկ առկա պայմանները վատթարացնող համարեց եւ առաջարկեց գործող կարգավորումը ուժի մեջ թողնել։
Այսպես, գործող կարգավորման համաձայն՝ ընտրություններին մասնակցող պաշտոնատար անձանց գործունեության մասին պաշտոնական հաղորդումները չեն համարվում նախընտրական քարոզչություն եւ չպետք է պարունակեն քարոզչական մեկնաբանություններ։ Նա նշեց, որ կարգավորման երկրորդ մասը, որը վերաբերում է պաշտոնական հաղորդագրություններում տեղեկատվության սահմանափակմանը, ներկայացված օրենսդրական փաթեթով հանվում է։
«Կարծում եմ՝ պետք է հասկանալ, թե ինչ երաշխիքներ են տրվում այս կարգավորման փոխարեն։ Հակառակ դեպքում դա հնարավորություն կտա պաշտոնական հաղորդագրություններն օգտագործել ընտրություններում սեփական թեկնածությունն առաջ տանելու համար»,- պարզաբանեց փոխնախարարը։