f

Անկախ

Անցնող շաբաթը Հայաստանում


Եթե փորձենք մեկ բառով բնորոշել անցնող շաբաթը, ապա պետք է ասենք, որ իշխանափոխությունից ի վեր այն ամենահուսահատականն էր: Բավական չէր արդեն իսկ պառակտված ու թշնամանքի  վիրուսով ախտահարված հասարակությանն այժմ էլ «այո»- «ոչ»-ի բաժանելը և ժողովրդավարական ու իրավական պետության վերջին կանգուն մնացած ու ամենաառանցքային կառույցի վրա գրոհումը նշանակված հանրաքվեով, գումարվեց  բանակը ներսից կազմաքանդվելու և միջազգային մակարդակներում մեր դիվանագիտության խայտառակ տկարության ու պարտության իրողությունների արձանագրումը:

 

Հասարակությունը «ոչ» է ասում, բայց տարբեր կերպ

Շաբաթը սկսվեց գալիք հանրաքվեի շուրջ ծայր առած քննարկումներով, ընդ որում՝ երկու հակադիր ճամբարներով: Իշխանությունները և մերձիշխանական շրջանակներն իրենց տեսակետը հիմնավորում են  «հեղափոխությունը պետք է ավարտին հասցնել», «իշխանությունը պատկանում է ժողովրդին», «հեղափոխությունը պետք է համապարփակ լինի» բնույթի «փաստարկներով», իսկ հակառակ կողմը մատնանշում է  սահմանադրության և օրենքների դրույթներ և ապացուցում, որ առաջադրվող հանրաքվեն ոտքից գլուխ իրավունքի ու օրենքի կոպիտ խախտում է: Բացի առանձին ելույթներից ու հրապարակումներից, անցած ուրբաթ տեղի ունեցավ «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի կազմակերպած քննարկումը, որտեղ հանդես եկան իրավաբաններ, իրավապաշտպաններ, քաղաքագետներ և փորձագիտական այլ շրջանակների ներկայացուցիչներ:

Սակայն հասարակության այն հատվածը, որը հակված է մերժման, ևս մեկ ընտրություն պետք է կատարի, թե ինչպես ասել այդ «ոչ»-ը, գնալ հանրաքվեի և «թռչնակը» դնել «ոչ»-ի դիմա՞ց, թե՞ ընդհանրապես չմասնակցել այդ անօրինական գործընթացին, որի արդյունքը, ըստ էության, հավասար է «ոչ»-ի, քանի որ հանրաքվեի մասին օրենքով  այն կայացած կարող է համարվել, եթե մասնակցել է ընտրազանգվածի կեսից ավելին: Իհարկե, անհատական մակարդակով այս երկընտրանքն այնքան էլ դժվարին խնդիր չէ, որքան քաղաքական կուսակցությունների և հասարակական միավորումների համար, քանի որ հանրաքվեն բոյկոտելու դեպքում դուրս ես մնում նաև պաշտոնապես քարոզարշավին մասնակցելու հնարավորությունից: Այսուհանդերձ խորհրդարանական երկու ընդդիմադիր համարվող խմբակցությունները՝ «Լուսավոր Հայաստանը» և «Բարգավաճ Հայաստանը», հայտարարեցին արդեն, որ չեն մասնակցում հանրաքվեի գործընթացներին, արտախորհրդարանական ընդդիմությունից էլ՝ Հայ հեղափոխական դաշնակցությունը: Իսկ Արցախի նախկին ՄԻՊ, «Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը հայտարարեց, որ սկսում է նախաձեռնություն «ՈՉ» քարոզչական կողմ ձևավորելու օրակարգով։  

Խուճապ՝ ի՞նչ է կատարվում բանակում

Անցած շաբաթ  թերևս հասարակության գրեթե բոլոր շերտերին այս հարցն էր հուզում, մարդկանց նյարդերն արդեն տեղի են տալիս, քանի որ տարվա սկզբից ի վեր՝ այս կարճ ժամանակամիջոցում, Արցախի պաշտպանության բանակն անընդմեջ զոհեր է տալիս, որոնք ընկնում են ոչ թշնամու գնդակից և մատուցվում են  «չպարզված հանգամանքներում» ձևակերպումով և մեծ մասամբ ինքնասպանության նախնական վարկածով:  

«2020 թվականին մեր բանակում 12 զինվոր է զոհվել։ Նրանք չեն զոհվել հակառակորդի կրակոցից։ Չպարզված հանգամանքներ են նշվում նախարարության հաղորդագրություններում։ Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարները լուռ են, նախագահը լուռ է, Ազգային ժողովի նախագահը և պատգամավորները լուռ են, վարչապետը խոսում է, բայց այս թեմայով լուռ է։ Հիմա ազգովի ինչ ենք քննարկո՞ւմ, Սահմանադրական դատարանի 7 դատավորներին պաշտոնազուրկ անելու հանրաքվեն։ Իսկ դա հաստատ մի զինվորի կյանքի չափ արժեք չունի»,- գրում է «Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանը։

Դրանից հետո ստացանք 13-րդ զոհի՝ Հայկ Ասրյանի սպանվելու բոթը: Այն էլ նշենք, որ եղավ մի օր՝ անցած չորեքշաբթի, երբ միանգամից երկու այդպիսի զոհ ունեցանք: Պաշտպանության բանակի զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային վիրավորումից զոհվեցին  Տիգրան Մանվելյանը և Տիգրան Մխոյանը։  

Հիմա հասարակությանը հուզում է այն հարցը, թե ինչ «չպարզված հանգամանքների» մասին է խոսքը, ինչո՞ւ են դրանք այս աստիճանի հաճախակի դարձել, և ինչո՞ւ չպարզված, ե՞րբ են պարզվելու:  Այս հուսահատության հասցնող անհասկանալի վիճակը վերածվում է խուճապի, երբ մանավանդ իշխանական թևերը փորձում են իրավիճակը բացատրել հասարակության մեջ բուն դրած «քրեական ենթամշակույթով», բայց ոչ իրենց իսկ սերմանած թշնամանքով, հասարակությունը հյուծող պառակտիչ քաղաքականությամբ, երբ մի շարք լուրջ ու հեղինակավոր վերլուծաբաններ սկսել են արդեն խոսել ահաբեկչության և հիբրիդային պատերազմի մասին, երբ մարդիկ խոսքեր չեն գտնում զոհերի հարազատներին սփոփելու համար:

Մյունխենյան ներկայացումը

Շաբաթի երկրորդ կեսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայում էր, նախ այցելեց Բեռլին, հանդիպում ունեցավ կանցլեր Անգելա Մերկելի հետ, այնուհետև մեկնեց Մյունխեն՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին, այնտեղ ունեցավ մի շարք հանդիպումներ և հեռուստատեսային բանավեճ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:  Բնականաբար շաբաթ օրը համայն հայության հայացքը գամված էր հեռուստացույցին, որից հետո մատնվեց խոր ընկճախտի:  Ասել, թե Ալիևը բարձրության վրա էր, իհարկե, ոչ մի կերպ հնարավոր չէ: Բայց ինչո՞վ բացատրել, որ նրա ցինիկ հարցադրումները արժանի հակահարված չէին ստանում, այն էլ ո՞ւմ կողմից, Նիկոլ Փաշինյանի, որը հայրենիքում բոլորին աջուձախ «ասֆալտին է փռում», ո՞ւր մնաց նրա խրոխտ, իր խոսքով՝ «դուխով» կեցվածքը, նույնիսկ Ալիևի արծարծած հակամարտության կարգավորման փուլային վարկածին պատասխան չտրվեց: Փաստորեն բոլորի, նույնիսկ նրա անվերապահ կողմնակիցների համար, որքան էլ շարունակեն դիֆերամբներ երգել, մեկընդմիշտ ակնհայտ դարձավ, որ նրա թուրը միայն իր հայրենիքում և հայրենակիցների վրա է կտրում, իսկ միջազգային ասպարեզում և մանավանդ դիվանագիտական հարթակներում մենք արդեն շատ-շատ ենք նահանջել, կորցրել ենք այն քիչ ձեռքբերումները, որ ունեցել էինք տասնամյակների  ընթացքում (այդ մասին խոսվում ու գրվում է գրեթե ամեն օր) և այսպես շարունակվելու դեպքում տանուլ ենք տալու ամեն ինչ:  

Մինչդեռ առաջիկայում այնպիսի իրադարձություններ են սպասվում, որոնք նոր փորձություններով են սպառնում:

 

հասարակություն շաբաթվա ամփոփում

Այլ հոդվածներ հեղինակից

Բանակում նոր կարգով սնունդ մատուցող կազմակերպություններին կանխավճար կտրվի
Շուտով կկարողանանք օրական մոտ 1500 թեստ անել. Արսեն Թորոսյան
«Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկան և ծննդատունը կշարունակեն իրենց բնականոն աշխատանքը
Օպերայի երգչուհի Աննա Սարդարյանը հրաժարվել էր հոսպիտալացումից. ԱՆ
Վարակակիրներ են հայտնաբերվում բեռնատարների վարորդների թվում. Նախարար
«Վարդաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցներից մի քանիսի մոտ ախտորոշվել է COVID-19
Վարակակիրների խմբում երեխաներ քիչ կան, հղիների թիվը նույնպես քիչ է. Թորոսյան
Ներքնակների արտադրությամբ զբաղվող ընկերությունը արտոնություն ստացավ
Արցախում բնակվող 440 միայնակ քաղաքացիներին պետությունը մեկ ամսվա պարենամթերք և հիգիենիկ պարագաներ է տրամադրում է
Հակաճգնաժամային 9-րդ միջոցառումը՝ օրավարձով աշխատողների համար. Փաշինյան
Կան նոր, դրսից բերովի դեպքեր՝ թե ցամաքային ճանապարհով, թե օդային. Շփման շրջանակը պարզվում է. Արսեն Թորոսյան
Խնդրում եմ, այդքան հանգիստ մի վերաբերվեք կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին. Փաշինյան
Քաղավիացիան դադարեցրել է «Ֆլայ Արմենիա Էյրվեյզի» օդանավ շահագործողի վկայական ստանալու համար հայտի ուսումնասիրությունը
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսը. Ուղիղ
Սերժ Սարգսյանը լավ գիտեր պատերազմի և հաղթանակի գինը, հայ զինվորի զորեղ ոգին ու անկոտրում կամքը. 3–րդ նախագահի գրասենյակ
Միանվագ ֆինանսական աջակցություն կտրամադրվի մինչև 18 տարեկան այն երեխաներին, որոնց ծնողները գրանցված աշխատող չեն և ընտանեկան նպաստ չեն ստանում
Օրենքով պետք է արգելել Եռաբլուր գնալ բոլոր նրանց, ովքեր փողով, կեղծիքով ազատվել են ծառայությունից. Մուրազի
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն այսօր ամբողջությամբ կդատարկվի եւ կզբաղվի միայն կորոնավիրուսի պացիենտներով. նախարար
Այս տարվա 1-ին եռամսյակում բյուջեի եկամուտներն աճել են 16,5 տոկոսով. Ակնհայտ է, որ այս տեմպերը կորցնելու ենք. Փաշինյան
Պուտինը՝ նավթի գների մասին
Փրկարարներն օգնություն են ցուցաբերել խափանված ավտոմեքենայի վարորդին և ուղևորներին
Ցերեկային խնամքի ծառայություն մատուցող կենտրոններում երեխայի ճանապարհածախսը կհոգա պետությունը
Ես կարծում եմ, որ տեղի են ունեցել բարձր որակի ընտրություններ. Փաշինյանը՝ Արցախի ընտրությունների մասին
Ունենք կորոնավիրուսից առողջացած՝ 2 վարակակիր. ԱՆ խոսնակ
Կառավարությունը հաստատեց «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի» ռեկտորի ընտրության արդյունքները
Ավելին
Ավելին