f

Անկախ

Ռուսաստանն այսօր հնարավորինս փորձում է զսպել Թուրքիային, որպեսզի նրա միջոցով Ռուսաստանի դեմ նոր ճակատ չբացեն այստեղ՝ Հայաստանում. քաղաքագետ


Հայաստանի շուրջը տիրող աշխարհաքաղաքական իրավիճակի, Ադրբեջանի պատերազմական ագրեսիայի և դրա հավանական զարգացումների, Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Հայաստան այցից սպասելիքների մասին Ankakh.com-ը զրուցել է քաղաքագետ Արարատ Կոստանյանի հետ:

- Նենսի Փելոսիի այցը ադրբեջանցիները փորձում են ներկայացնել որպես տարածաշրջանային: Որոնք են այցի քաղաքական նպատակները և արդյոք դա կարող է ազդել Ադրբեջանի կողմից ՀՀ դեմ ծավալված պատերազմի վերսկսման վրա:

- Ադրբեջանը ցանկանում էր և իր լոբբիի միջոցով փորձում էր այնպես անել, որ Փելոսին այցելի նաև Բաքու, որպեսզի տպավորություն ստեղծվեր, որ Փելոսիի այցը Անդրկովկաս տարածաշրջանային բնույթ է կրում: Ինչ վերաբերում է քաղաքական նպատակին, ապա Միացյալ Նահանգների առաջնային նպատակը եկող ընտրություններում հայ համայնքի ձայները ստանալն է, և դա բնականաբար ունենալու է իր արդյունքը՝ հաշվի առնելով այսպիսի բարձր մակարդակի այցը Միացյալ Նահանգների կողմից Հայաստան: Այդ իմաստով, ես կարծում եմ, ամերիկահայերի մեծամասնությունը կոգևորվի այս իրադարձությունից և շատ հավանական է, որ ձայնը տա դեմոկրատներին:

Իսկ այս տարածաշրջանի հետ կապված զուտ քաղաքական իմաստով այս այցն իր ազդեցությունը որոշ չափով կունենա և կսանձի Ադրբեջանին և Թուրքիային՝ ապագա  ոտնձգություններ նախաձեռնելու դեպքում, բայց, միևնույն ժամանակ, մենք պետք է շատ նրբորեն մոտենանք այս հարցին և նուրբ քաղաքականություն վարենք: Կարող եմ մեկ օրինակ բերել: Փելոսիի վերջերս այցը Թայվան գիտեք, թե ինչ մեծ միջազգային իրադարձություն հռչակվեց, մեծ սկանդալ, Չինաստանը նույնիսկ սպառնաց և կարողացավ ռազմանավերով  պաշարել Թայվանը՝ ի պատասխան Փելոսիի այցելության:

Իհարկե, Թայվանը ճանաչված պետություն չի և կոնֆլիկտային կետերից մեկն է այնտեղ, Չինաստանը համարում է, որ Թայվանը պատկանում է իրեն, դա հասկանալի է: Սակայն, այստեղ չպետք է այսպիսի ցուցադրական այցելություններով մեր հարաբերությունները սրել Ռուսաստանի և հատկապես Իրանի հետ, որը Արցախի պատերազմի սկզբից, արդեն երեք տարի է՝ հայտարարում է, որ Հայաստանի սահմանները պետք է լինեն անփոփոխ, Հայաստանի սահմանները կարմիր գիծ են: Եվ այստեղ է, որ պետք է վարենք նուրբ դիվանագիտություն, որպեսզի մեր դաշնակիցներին չլարենք մեր դեմ և դա չունենա ավելի վատ հետևանքներ մեզ համար: Մեզ համար Ռուսաստանն ու Իրանը շատ ավելի կարևոր դաշնակիցներ են,երկրներ են այս տարածաշրջանում, քան Միացյալ Նահանգները:

- Այս պահին այսպես կոչված մարդասիրական հրադադար է: Որքա՞ն կարող է տևել հրադադարը, և Ձեր կարծիքով՝ որո՞նք են լինելու Ադրբեջանի հետագա քայլերը:

- Այս հրադադարը կարող է երկար տևել, բայց դա կախված է մեր դիրքորոշումից, նայած, թե  մեր արտաքին քաղաքականությունը և մեր ռազմական պատրաստվածությունն ինչպիսին կլինեն: Հրադադարը կարող է պահպանվել, եթե միջազգային ուժերը ճնշումներ բանեցնեն Արդբեջանի վրա և Թուրքիայի հնարավորությունները չեզոքացնեն, որպեսզի նրանք  երկրորդ անգամ չփորձեն այս տարածաշրջանում ռազմական  գործողություններ կիրառել կամ ահաբեկիչներ ուղարկել: Ես կարծում եմ, որ վերջին օրերին տեղի ունեցած բախումները ամբողջական լայնածավալ պատերազմ չէին, բայց այդ պատերազմը լինելու դեպքում և Հայաստանի առաջխաղացում լինելու դեպքում Թուրքիան առանց վարանելու մասնակցելու է նորից, այդ իսկ պատճառով մենք պետք է միջազգային գերտերությունների հետ այնպիսի աշխատանք վարենք, մասնավորապես հակաթուրքական կոալիցիայի հետ, որպեսզի  Թուրքիան չփորձի այդպիսի ոտնձգություններ, մենք պետք է ցույց տանք, որ Թուրքիան և Ադրբեջանն այստեղ, այս հարցում միասնական են և Թուրքիան է հրահրում պատերազմները այս տարածաշրջանում:

- Շատերն են հիմա խոսում Ռուսաստան-Թուրքիա համագործակցության մասին, որքանո՞վ եք իրատեսական համարում փոխհամաձայնեցված գործելու մասին խոսակցությունները:

- Պարզ է, որ կողմերն արդեն Սիրիայի պատերազմի ժամանակ հստակեցրին, որ Մերձավոր Արևելքում, եթե կան գետնի վրա իրավիճակ փոխողներ, ապա դրանք Թուրքիան և Ռուսաստանն են, այսինքն՝ այդ ռեգիոնալ պատերազմում իրենց կարողություններով և հնարավորություններով: Եվ այնտեղից սկսեց անցկացվել այդ ջրբաժանը Թուրքիայի և Ռուսաստանի որպես թշնամիների միջև: Այստեղ նույնպես գոյություն ունի այդ մրցակցությունը և հակամարտությունը, սակայն, իմ կարծիքով, Ռուսաստանը վերջին շրջանում Ուկրաինայի պատերազմի և դրանից առաջ Կենտրոնական Ասիայում Ռուսաստանի դեմ այդ խլրտումների պատճառով չցանկացավ նոր ճակատ բացել Թուրքիայի դեմ այստեղ: Նա որոշ չափով կարողանում է զսպել Թուրքիային մեր տարածաշրջանում, ճիշտ է, մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանը պետք է հարվածեր Թուրքիային, երբ վերջինս միջամտեց Արցախյան պատերազմին, հիմա առավել ևս պետք է, սակայն կարծում եմ, որ Ռուսաստանն այսօր հնարավորինս փորձում է զսպել Թուրքիային, որպեսզի նոր ճակատ չբացեն այստեղ Թուրքիայի միջոցով Ռուսաստանի դեմ:

- Իրանը հասցեական արձագանքեց ու հստակ գնահատական տվեց Ադրբեջանի պատերազմական ագրեսիայի մասով: Իրանն ինչպե՞ս կարող է թույլ չտալ Հայաստանի կամ տարածաշրջանում աշխարհաքաղաքական սահմանների փոփոխություն: Հետաքրքիր էր նաև Հնդկաստանի արձագանքը:

- Հնդկաստանն ունի իր ուրույն դիվանագիտությունն ու արտաքին քաղաքականությունը: Հնդկաստանը ցանկանում է հանդես գալ որպես առանձին բևեռ և բազմաբևեռ աշխարհում հանդիսանում է դերակատարներից մեկը՝ Ռուսաստանի հետ, Հարավային Աֆրիկայի հետ, Չինաստանի հետ և Բրազիլիայի հետ: Այսպիսով, Հնդկաստանն ունի լուրջ խնդիր Թուրքիայի դաշնակից Պակիստանի հետ և Քաշմիրում ունի լուրջ ահաբեկչության խնդիր, իսկ Թուրքիան հովանավորում է այդ ահաբեկչական կազմակերպություններին: Եթե նկատել եք, վերջերս Հնդկաստանը մեծ ուշադրություն է ցուցաբերում Հայաստանի նկատմամբ, և ես կարծում եմ՝ այդ հարաբերությունները կարևոր է զարգացնել ու հույս ունեմ, որ դրանք կզարգացվեն, լինի քաղաքական, տնտեսական, ռազմական  թե մշակութային բնագավառներում:

Ինչ վերաբերում է Իրանին, ապա վերջինս արդեն սահմանին կուտակել է իր զորքերը, և եթե ոտնձգություն լինի, Իրանն անպայման կարձագանքի, որովհետև այս պատերազմի նպատակներից մեկն է Իրանին մեկուսացնել Հայաստանի հետ կապող սահմանից, որպեսզի ապագայում կարողանան Իրանի դեմ պատերազմ սկսել և հարվածել: Դա կարող է լինել Ադրբեջանի տարածքով, դա կարող է լինել հեռահար հրթիռների միջոցով, բայց այս պարագայում բոլորի համար, այդ թվում նաև Իրանի համար հստակ է, որ նրանք ցանկանում են Իրանի բարեկամ Հայաստանի հետ սահմանից զրկել, որպեսզի այս տարածաշրջանում այն լինի Ադրբեջանի ազդեցության տակ:

- Ո՞ր կողմի ճնշման միջոցով Ադրբեջանը զինադադար հայտարարեց:

- Կարծում եմ, որ մեկ կողմի ճնշման միջոցով չէր, որ Ադրբեջանը հրադադար հաստատեց: Ես կարծում եմ՝ մի քանի գերտերությունների արձագանքը՝ Հնդկաստանի, Ֆրանսիայի, Իրանի, տարածաշրջանում Ռուսաստանի դերի՝ խաղաղապահ ուժերի ներկայությամբ, Ադրբեջանը հասկացավ, որ նրանք չեն կարող այսպիսի ռազմական գործողություններով ներթափանցել Հայաստան: Կարծում եմ՝ Ադրբեջանը չէր սպասում, որ այսպիսի արձագանք կլինի տարբեր գերտերությունների կողմից , որոնք հստակ մեղադրում էին Ադրբեջանին՝ քաջ գիտակցելով, որ Ադրբեջանը սկսեց հարձակումը Հայաստանի վրա:

- Ի՞նչ պետք է անի հայկական կողմը ստեղծված իրավիճակում:

- Այս պայմաններում մենք պետք է շատ արագ մեր բանակը բերենք պատրաստվածության բարձր աստիճանի և կարողանանք ինչ-որ ձևով նախահարձակ լինել: Որովհետև, եթե մենք անընդհատ այսպես պաշտպանվենք և հետ մղենք թշնամուն մեր հողերից, նրանք պետք է շարունակեն այսպես հարձակումներ կատարել: Մենք ինչ-որ կետից պետք է կարողանանք նախահարձակ լինել, ինչպես մի ժամանակ մեր քաջ զինվորների կռվելու շնորհիվ նրանք հումանիտար զինադադար խնդրեցին: Ադրբեջանում արդեն իսկ ցույցեր են տեղի ունենում պատերազմի դեմ, ուրեմն նրանք ունեն վախեր պատերազմից: Ահա այս պատճառով մենք պետք է լինենք նախահարձակ և մեր կորցրած ու ռազմական կարևորություն ունեցող դիրքերը վերադարձնելուց հետո միայն պետք է նստենք բանակցությունների սեղանի շուրջը:

Չի կարելի նստել բանակցությունների սեղանին որպես զիջումների գնացած պարտված կողմ: Մինչև մեր հողերը չազատագրենք ամբողջությամբ, մենք չենք նստելու բանակցությունների սեղանին, սա պետք է լինի հստակորեն ամրագրված, որովհետև թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան պետք է հասկանան, որ իրենք չեն կարող իրականացնել այն, ինչ ցանկանում են այս տարածաշրջանում, մենք ունենք մեր ուրույն քաղաքականությունը, մեր ուրույն պահանջներն ու տեսլականը: Ինչքան էլ լինի Հայաստանը փոքր սահմաններով պետություն, մենք ունենք մեր հնարավորությունները, մենք ունենք Սփյուռք, մենք ունենք մեր դաշնակիցները և մենք պետք է առավելագույնը օգտվենք մեր բոլոր հնարավորություններից՝ թե՛ արաբական աշխարհում, թե՛ Ռուսաստանում, թե՛ Ասիայում, թե՛ Եվրոպայում:

Հարցազրույցը՝  Հայկանուշ Ալոյան

Աշխարհում Տարածաշրջան Հայաստան Ադրբեջան Իրան Ռուսաստան հարցազրույց Հայկա Ալոյան խմբագրի ընտրանի

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
Հայկ Մարությանը ոչ մի դեպքում չի համագործակցի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ
Մենք օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության
Եղանակը Հայաստանում
Նոր իշխանությունն իր հախուռն գործողություններով մոտեցրեց Ադրբեջանի հետ պատերազմը. Մարության
Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության
«Տավուշը հանուն Հայրենիքի»-ն հերքում ու ներողություն է պահանջում Բագրատ Սրբազանի մասին սուտ լուր տարածած ՔՊ-ականից
Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը այլեւս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ Մարության
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ
«Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս». Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը
Արտաշավան և Սաղմոսավան բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ
«2018-ին եկած իշխանությունը կորցրեց արագ ռեֆորմների հնարավորությունը». Հայկ Մարությանի նոր կուսակցության համագումարը
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
Տոկաեւը ողջունել է ԱԳ ղեկավարների բանակցություններն Ալմաթիում անցկացնելու Բաքվի եւ Երեւանի համաձայնությունը
Երևան-Երասխ ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
«Տեղյա՞կ եք՝ ինչ ա կատարվում Տավուշում». Քաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը
Մենք տագնապալի օրերում ենք ապրում. Բագրատ Սրբազան
Արտահերթ պատմական ընտրություններ. Վահե Հովհաննիսյան
Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը
Վայոց ձորում հրդեհ է բռնկվել «Mercedes» կցորդիչով բեռնատարում. կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից
Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 հատ խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց
Սուրեն Պապիկյան, մի գիշերվա ընթացքում 15 զոհ ես տվել, թուրքը էդքան չէր կարա. կացարանի հրդեհից զոհված զինվորի հայր
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
«Խելքներդ գլուխներդ հավաքեք». Կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Ավելին
Ավելին