Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին մեղադրել է ԱՄՆ-ին և արևմտյան երկրներին Իրանում հակակառավարական ցույցեր հրահրելու մեջ՝ տարածելով լուրեր և ապատեղեկատվություն։ Այս մասին հայտնում է Al-Alam հեռուստաալիքը, փոխանցում է ТАСС գործակալությունը։ Գրում է Gazeta.ru-ն։
«Իսլամական հեղափոխության թշնամիները կեղծիքներ տարածելով չեն կարողանա հասնել իրենց նպատակներին և պառակտել Իրանի ժողովրդին։ Երիտասարդները մեր երեխաներն են, և բոլոր նրանց, ովքեր խաբվել են, կընդունվեն հայրենիքի գիրկը, բայց դավաճանների նկատմամբ ողորմություն չի լինի»,- ասել է նախագահը։
Պետության ղեկավարը նաև նշել է, որ սեպտեմբերի կեսերին Իրանում տեղի ունեցած անկարգությունների կազմակերպմանը ներգրավվել են «կեղծավորները, միապետները և հակահեղափոխականները, այսինքն՝ բոլոր նրանք, ովքեր ընդդիմանում էին Իսլամական Հանրապետությանը»։
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ԱՄՆ-ը «կոկորդիլոսի արցունքներ է թափում» իրանցիների համար։ Նման կերպ Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի հայտարարությանը, որը գրել էր, որ ԱՄՆ-ը «սգում է Իրանի ժողովրդի հետ» և վերահաստատում իր «հավատարմությունը Իրանի ժողովրդին»։
Դեկտեմբերի 8-ին Իրանի իշխանությունները հայտարարեցին երկրում ցուցարարի առաջին մահապատժի մասին։ Մոհսեն Շեքարին դատապարտվել է Թեհրանում անվտանգության աշխատակցի վրա հարձակվելու և փողոց փակելու համար։ Ըստ քննիչների՝ տղամարդը մաչետեով հարձակվել է իրավապահների վրա և վիրավորել նրանց։
Իրանում զանգվածային անկարգություններն ու բողոքի ցույցերը շարունակվում են սեպտեմբերի կեսերից՝ բարքերի ոստիկանության կողմից բերման ենթարկված 22-ամյա Մահսա Ամինիի մահվան ֆոնին։ Երկրի բնակիչները Մահսայի մահվան մեջ մեղադրել են կառավարությանը։