Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովն առաջարկել է գումարել հանձնաժողովների համատեղ նիստ։ Այս մասին Ազգային ժողովում, հանձնաժողովի նիստի ժամանակ, համապատասխան նախաձեռնության քննարկման ընթացքում, հունվարի 9-ին ասել է հանձնաժողովի նախագահ, կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը։
Առաջարկվում է նիստը գումարել հունվարի 20-ին, ժամը 11.00-ին։ Նիստին կմասնակցեն ֆինանսավարկային եւ բյուջետային խորհրդարանական մշտական հանձնաժողովի եւ առողջապահության խորհրդարանական մշտական հանձնաժողովի անդամները։
Կքննարկվեն Հաշվեքննիչ պալատի եզրակացությունները։ Խոսքը, մասնավորապես, առողջապահության նախարարությունում իրականացված ստուգումների արդյունքների մասին է։
Կարճ քննարկումներից հետո խորհրդարանական մշտական հանձնաժողովի անդամները հավանություն տվեցին այս նախաձեռնությանը։