f

Անկախ

ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՆԵՐԻ ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ ԱՇԽԱՐՀՈՒՄ


Ակնարկի հերոսուհին առանձնահատուկ

ճակատագրի տեր արվեստագետ է, ով ստեղծագործել է

կիրառական արվեստի եզակի ճյուղում

և 28 տարի շարունակ եղել Վազգեն Ա Վեհափառի

անձնական մանրանկարչուհին:

1962 թվականի աշնանային մի օր Երևանից մի երիտասարդ աղջիկ էր մեկնում Ռուսաստանի Իվանովոյի մարզ: Մեկնում էր մեն-մենակ՝ իր նվիրական երազանքը իրականացնելու: Նա որոշել էր ուսումնասիրել և Հայաստան բերել ռուսական Պալեխ գյուղում գործող ժողովրդական վարպետների հինավուրց արվեստը:

Դեռ մարզկենտրոն Իվանովո չհասած՝ օրը մթնեց, և ավտոբուսի նստարանի անկյունում բրդյա շալով փաթաթված փոքրամարմին աղջիկը հուսահատությունից սկսեց արտասվել:

- Ի՞նչ է եղել: Ինչո՞վ կարող եմ օգնել,- հարցրեց կողքին նստած դեռահաս ռուս տղան:

- Ախր ես պետք է այսօր Պալեխ հասնեի, իսկ ավտոբուսի մեկնելու ժամը վաղուց անցել է: Փաստորեն սխալվել եմ իմ հաշվարկներում:

- Մի՛ հուզվեք: Ես Ձեզ տատիկիս տուն կտանեմ, այնտեղ կգիշերեք, վաղ առավոտյան՝ առաջին իսկ ավտոբուսով Պալեխ կգնաք:

Աղջիկը շփոթվեց ու մի պահ վարանեց, բայց վստահելի, բարի տղային չհավատատալ չէր կարող: Քիչ անց նա իսկապես տուն հասցրեց աղջկան, ծանոթացրեց մոր և տատի հետ:

Անծանոթ քաղաքում մի գիշեր մնալով՝ աղջիկը առանձնահատուկ անկեղծ հյուրընկալություն և ջերմություն զգաց ռուս մայրիկից ու տատիկից, իսկ առավոտյան նրանց նվիրելով Երևանից բերած մրգերով լի ողջ զամբյուղը՝ շարունակեց ճանապարհը:

Անցյալ դարի 60-ականների Պալեխը միջնադարյան ռուսական բնակավայր էր հիշեցնում՝ երկնագույն գմբեթներով երկնասլաց ճերմակ եկեղեցի, ավանդական շինարվեստով կառուցված ռուսական տներ՝ թաղված փարթամ եղևնիների ու սոճիների, սլացիկ կեչիների ու լորենիների մեջ:

Գյուղ հասնելուն պես աղջիկը շտապեց Շույսկայա 18 հասցեում գտնվող՝ Մ. Գորկու անվան գեղարվեստի ուսումնարան, գտավ տնօրենին:

- Շահանե՞,- ծանոթանալով նորեկի հետ՝ զարմացավ ուսումնարանի տնօրեն Վյաչեսլավ Աստախովը:- Հետաքրքիր է, ոչ միայն արևաշող Հայաստանից եք, այլև Եսենինի հայ ընկերուհու անունն եք կրում: Այս ամենից հետո ինչպե՞ս կարող ենք Ձեզ մերժել:

- Վյաչեսլավ Իվանովի՛չ, ուղղակի կխնդրեի ինձ հեռակա բաժին ընդունել:

- Մենք հեռակա բաժին չունենք, բայց Դուք բացառության կարգով կլինեք մեր ազատ ունկնդիրը: Միանգամից երկրորդ կուրս կնստեք, տարվա մեջ մի քանի ամիս Ձեզ հարմար ժամանակ կգաք, վարպետության դասեր կառնեք Ձեր իսկ ընտրած ուսուցիչ-վարպետների մոտ և կստանաք այն, ինչ Ձեզ անհրաժեշտ է:

Այդպես էլ եղավ: Երեք տարի Շահանե Սարգսյանը դարձավ մշակույթի այդ եզակի կենտրոնի ուսանողը, որտեղ սովորողները մասնագիտանում էին ազգային մանրանկարներով սրբապատկերների, փայտյա զարդատուփերի և կենցաղային գեղարվեստական այլ իրերի գեղարվեստական նկարազարդման արվեստում: Այդ տարիներին ոչ միայն հրաշալի ուսուցիչ-վարպետների հետ շփվեց և սովորեց նրանցից, այլև ձեռք բերեց ռուս ընկերներ և ընկերուհիներ, ապրեց ժողովրդական արվեստի մաքրամաքուր մթնոլորտով հագեցած մի շատ հետաքրքիր աշխարհում:

Հեշտ չէր առաջին հայացքից հրապուրիչ և դյուրին թվացող այդ եզակի արվեստի բոլոր նրբություններին միանգամից տիրապետելը, նուրբ վրձինները և նրբանուրբ գույները հնազանդեցնելը: Սակայն տարիների հետևողական աշխատանքից հետո կարողացավ այդ տարաշխարհիկ արվեստին այնպես տիրապետել, որ աշխատելիս թվում էր՝ մանկության տարիներին իր ծննդավայրում հարևան երեխաների համար շրջած խաշխաշից տիկնիկներ է պատրաստում, ծղոտից զամբյուղներ հյուսում կամ թաշկինակներ ասեղնագործում:

- Վյաչեսլավ Աստախովը բավական ճանաչված և հարգված մասնագետ էր Ռուսաստանում՝ մշակույթի վաստակավոր գործիչ, քանդակագործ,- հիշում է Շահանեն:- Ծնունդով, որքան հիշում եմ, Ռյազանից էր: Ասում էին, որ նրա ջանքերով է 50-ականներին վերակազմակերպվել և վերածնվել գեղարվեստի ուսումնարանը և դարձել այնպիսին, ինչպիսին բախտ վիճակվեց տեսնել: Իմ կյանքի պալեխյան շրջանի և հետագա համագործակցության համար ամենաշատը նրան եմ պարտական: Ցավոք, մեր Պարույր Սևակի ավտովթարից մի քանի տարի անց նա էլ, զարմանալիորեն միևնույն չարագուշակ սցենարով, վթարի ենթարկվեց՝ ինքն ու կինը զոհվեցին, երկու տղաները փրկվեցին՝ նույնպիսի հարթ տեղանքում...

Եվ ահա, երբ ուսումնառությունից հետո Հայաստան եկավ և առաջին գործերը նկարազարդեց, բնականաբար՝ հայկական մանրանկարչության հարուստ ավանդույթների կիրառմամբ, մասնագետների կողմից միանգամից բարձր գնահատականի արժանացավ նրա արվեստը, որ միանգամայն նորարարություն էր այդ օրերի Հայաստանում: Առաջին աշխատանքները՝ չորս մանրանկարազարդ զարդատուփեր, միանգամից գնեց Ազգային պատկերասրահը:

Ոգևորությունը մեծ էր, և նկարչուհին ձեռնամուխ եղավ նոր, ավելի նուրբ աշխատանքի՝ Ս. Հռիփսիմեի վանքի մանրանկարով զարդատուփի ստեղծմանը: Աշխատանքն ավարտելուց ընդամենը մի քանի օր անց զանգահարեց Երևանի գեղարվեստի կոմբինատի տնօրեն Ցոլակ Կանայանը և անսպասելիորեն ասաց, որ զարդատուփը Վազգեն Վեհափառին են ուղարկել, և... Վեհափառը, հավանելով աշխատանքը, խնդրել է հեղինակին ծանոթացնել իր հետ:

- Ինձ համար ոչ միայն անսպասելի էր տնօրենի ասածը, այլև անպատկերացնելի: Ինչպե՞ս կարող է Վեհափառ Հայրապետը ծանոթանալ ցանկանար ինձ նման մի սկսնակ նկարչուհու հետ՝ մտածեցի: Շփոթմունքս և հուզմունքս այնքան մեծ էր, որ տնօրենին խնդրեցի մեր կոմբինատի տղաներից մեկի հետ Էջմիածին ուղարկել:

Առաջին անգամ Վեհարան մտնելը, առաջին հանդիպումները Վեհափառի հետ անջնջելիորեն մնում են նկարչուհու հիշողություններում: Երկրորդ հանդիպմանը Վեհափառը միայն իրեն հրավիրեց, արդեն հարազատի պես ընդունեց և ծիրանով ու շոկոլադով սուրճ հյուրասիրեց.

- Երևի արմատներով Թիֆլիսի՞ց եք,- հարցրեց Վեհափառը:

- Ծնունդով Վայոց ձորից եմ, Վեհափա՛ռ,- պատասխանեց նկարչուհին:

- Բայց Հովնաթանյանների դիմանկարներում պատկերված իշխանուհիներին որքա՜ն եք նման,- ժպտալով ասաց Վեհափառը:

Այդ ժամանակ Շահանեն չգիտեր, որ 112 տարի Խաչիկ գյուղում ապրած իր Զարդար տատը Հովնաթանյանների հայրենակիցն է եղել. նրա ծննդավայրը՝ Նախիջևանի Օծոփ գյուղը, Հովնաթանյանների բնօրրան Շոռոթից հեռու չէր, այնուամենայնիվ, զգաց, որ Վեհափառը ինչ-որ տեղ ճիշտ էր նկատել այդ նմանությունը: Տարիներ անց նաև կիմանար, որ իր պապի պապը 19-րդ դարի առաջին կեսին Վանից էր Վայոց ձոր եկել: Ոսկերիչ-արծաթագործ Մարտիրոսը ընտանեկան հանգամանքների բերումով Վանը թողել և Խաչիկ գյուղում էր հաստատվել՝ սկիզբ դնելով Զարգյարենց բազմանդամ գերդաստանին, որից սերվել էին բավական հայտնի մարդիկ՝ մարզպետներ, նախարար, գյուղապետներ, բժիշկներ, ուսուցիչներ, ոսկերիչներ... Եվ Շահանեի շնորհներն էլ, անշուշտ, հենց վանեցի նախապապից փոխանցված ժառանգություն էր:

Վայոց ձորի Խաչիկ գյուղում ծնված Շահանեն գյուղի խորհրդային շրջանի գյուղապետ Սարգիս Սարգսյանի չորս զավակներից երրորդն էր: Եսենինի բանաստեղծություններով հրապուրված հայրն էր նրան Շահանե անունը տվել, բայց տնեցիները գերադասեցին Լաուրա կոչել՝ հավանաբար քույրերի Ռիմա, Ռոզա անուններին հարմահունչ: Երբ յոթ տարեկան էր, հայրը զոհվեց Երկրորդ աշխարհամարտում, և երեխաներին մեծացնելու հոգսը մայրիկին փոխանցվեց:

Հետո, երբ Երևան տեղափոխվեցին, դեռևս անչափահաս Լաուրան մոր հոգսերը թեթևացնելու նպատակով Գեղարվեստի կոմբինատում աշխատանքի ընդունվեց: Մի օր բախտ ունեցավ կոմբինատում տեսնելու Հակոբ Կոջոյանին, որին հետագայում իր հեռակա ուսուցիչն էր համարելու: Հանրահայտ նկարիչը նկատեց դեռևս սկսնակ նկարչուհու աշխատանքները և զարմացած ասաց նրա ուսուցչին՝ Ռուբեն Շահվերդյանին. «Եզակի գունային զգացողություն ունի այս աղջիկը»:

1970-ից դառնալով Հայաստանի նկարիչների միության անդամ՝ տարիների ընթացքում շատ նշանավոր արվեստագետների դրվատանքի խոսքեր լսեց Շահանեն, բայց իր համար շատ թանկ և ոգևորիչ են եղել հատկապես հոգևոր ուսուցիչների՝ Հակոբ Կոջոյանի և Ռիշար Ժերանյանի կարծիքները, նաև վաղեմի գործընկեր և բարեկամ Արա Շիրազի հաճախ հնչող կատակը. «Լաուրան իր մանրանկարներում ինքն իրեն է նկարում»:

...Այն անմոռաց օրը Վեհափառի հյուրասիրած սուրճից հետո Շահանեն փոքրիկ ուլունքազարդ նվեր-պայուսակում տեղավորված առաջին հոնորարը ստացավ: Հետո Վեհափառը հանձնարարեց Պալեխի հետ կապերը պահպանել և պարբերաբար կատարել իր պատվերները՝ մանրանկարազարդ սրբապատկերներ, զարդատուփեր, գեղանկարներ՝ արտերկիր ուղևորությունների ժամանակ հոգևոր գործիչներին ու հայրենակիցներին, ինչպես նաև Մայր Աթոռ ժամանած հյուրերին նվիրելու համար:

- Անբացատրելի տպավորություն և դրական լիցքեր եմ ստացել Վեհափառի հետ գրեթե երեք տասնամյակի անմոռաց շփումներից: Էջմիածին գնալիս միշտ ինձ արտահերթ էր ընդունում՝ իր ամենափոքրիկ աշխատասենյակում: Ինձ համար երջանկության աննկարագրելի պահեր էին, երբ նա երկու ձեռքով գրկում էր իմ հերթական աշխատանքը, երեխայի նման կրծքին սեղմում և ասում. «Շատ գեղեցիկ է ստացվել, օրիո՛րդ Լաուրա»: Նրա զարմանալիորեն լուսավոր, իմաստուն և բարի հայացքը միշտ ուղեկցում է ինձ անգամ նրա երկրային կյանքից շատ տարիներ անց: Հիշում եմ, Պալեխի իմ ընկերուհուն՝ Վալենտինային այնքան էի պատմել Նորին Սրբության մասին, որ նա Վեհափառի պատկերով մատանի էր պատրաստել և իմ ծննդյան օրն ինձ նվիրել: Վեհափառը, տեսնելով եզակի մատանին, զարմացավ և ժպտալով հարցրեց. «Ո՞վ է նկարել»: Հետո Վալյան, իմանալով, որ Վեհափառին դուր է եկել իր աշխատանքը, նրա դիմանկարն էլ նկարեց և ինձ հետ Էջմիածին ուղարկեց:

Նկարչուհի Լաուրա-Շահանե Սարգսյանի տանը առաջին անգամ անհավատալիորեն ուղիղ քառասուն տարի առաջ եմ եղել՝ «Ակունք» ազգագրական համույթի համար տարազներ նկարազարդելու խնդրանքով: Նրա աշխատասենյակում արվեստանոցային եռուն մթնոլորտ էր տիրում՝ գրասեղանին խնամքով դասավորված նուրբ ու գերնուրբ վրձինների մի ամբողջ հավաքածու, երևի աշխարհի բոլոր գույներն ընդգրկող ներկապնակներ, ավարտուն և դեռևս անավարտ աշխատանքներ՝ աստվածաշնչյան թեմաներով պատկերներ, առասպելական հուշկապարիկներ, փերիներ, նվագածուներ և պարուհիներ, թռչուններ և առասպելական էակներ... Եվ այդ ամենը նրբորեն վրձնած փիրուզագույնի ու մարջանագույնի, յասամանագույնի ու զմրուխտագույնի, ծիրանագույնի ու մանուշակագույնի՝ ամենանուրբ գույների ու երանգների հիասքանչ համադրություններով... Այդ անմոռաց օրը նաև Արուս մայրիկից Վայոց ձորի բարբառի քաղցրությունը և վայոցձորյան խոհանոցի հայտնի ուտեստներից մեկի համը վայելեցի:

Եվ ահա այսօր՝ անպատկերացնելիորեն արդեն չորս տասնամյակ անց, կրկին նկարչուհու տանն եմ: Ցավոք, ամեն ինչ չէ, որ նույնն է մնացել այստեղ: Երկու տարի առաջ՝ կրտսեր քրոջ մահից հետո, Լաուրան հրաժարվել է վրձնից: Գրասեղանին միայն ընտանեկան հին լուսանկարներ են և հոր՝ ռազմաճակատից ուղարկած նամակները, որոնք նա հաճախ է ընթերցում ու վերընթերցում: Միայն պատերին կախված սակավաթիվ նկարներն են հիշեցնում երբեմնի կենսախինդ արվեստանոցի մասին:

Իսկ շուրջ երեք տասնամյակ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծառայելու տարիների մասին են պատմում Վեհափառի նվիրած բազմաթիվ գրքերն ու պատկերագրքերը, որոնցից մեկին իր կյանքում ստացած ամենաթանկ ընծայագիրն է. «Տաղանդավոր նկարչուհի Լաուրա Սարգսյանին, գնահատանքով և օրհնությամբ: Վազգեն Ա Կաթողիկոս Ամենայն Հայոց, 9 դեկտեմբերի 1975թ.»...

Արտակ Վարդանյան

 

Քրիստոնյա Հայաստան, թիվ 3 Բ, 2020

Արտակ Վարդանյան ՖԲ Գրառում Վազգեն Ա Վեհափառ Շահանե Սարգսյան Պալեխ Ռուսաստան

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին