f

Անկախ

Ինչպե՞ս կարող ենք անտեսել մարդու տարիների փորձը, հարաբերակցել այն ընդամենը թեստային գիտելիքների հետ. Արմինե Դավթյան


Միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչներն առաջիկա ուսումնական տարվանից այլևս չեն կարողանա դասավանդել դպրոցում: Բացառություն կկազմեն միայն այն մասնագետները, որոնք կմասնակցեն կամավոր ատեստավորմանը և 60 տոկոսի շեմը կհաղթահարեն: ԿԳՄՍՆ տվյալներով՝ ներկայում ունենք 1300-ից ավել միջին մասնագիտական կրթությամբ մանկավարժ:

Որքանո՞վ է ճիշտ տասնամյակների փորձ ունեցող մանկավարժներին հեռացնել աշխատանից այն պարագայում, երբ մանկավարժական կադրերի պակաս ունենք: Ի՞նչ խնդիրներ կառաջացնի ԿԳՄՍՆ այս որոշումը հանրակրթության ոլորտում: Այս և այլ հարցերի մասին է «Անկախը» զրուցել  «Ուսուցիչների իրավունքների պաշտպանության կոմիտե» ՀԿ  նախագահ, ԳՊՀ դասախոս, մանկավարժ, հոգեբան Արմինե Դավթյանի հետ:

-Տիկին Դավթյան, ինչպե՞ս եք գնահատում ԿԳՄՍՆ այս որոշումը: Առանց այն էլ ուսուցիչների պակասի խնդիր կա, այս որոշումն ինչպե՞ս կանդրադառնա կրթական համակարգի վրա:

 -Նախագծային մոդելը, որն այսօր այդքան շահարկում են որպես կրթական նորամուծություն, կարիք կա ներդնելու կառավարման համակարգում, ինչը չի արվում: 

Նախագծային մոդելը  հնարավորություն է տալիս ինստիտուցիոնալ մակարդակում, վիճակագրական ցուցանիշների միջոցով  որոշել, թե ընտրված մոտեցումը, ռազմավարությունը որքանով է լուծում այս կամայն խնդիրը, բարձրացնում առկա հիմնախնդիրների լուծման արդյունավետությունը։ 

 2 տարի է՝ մենք տեսնում ենք՝ կամավոր ատեստավորման գործընթացը կյանքի է կոչվել, սակայն ուսուցիչների արձագանքները տարբեր են՝ սկսած «անիմաստություն է»  մինչև «խիստ կարևոր է»։ Բայց ես վստահ եմ, որ ինստիտուցիոնալ վերլուծություն այս առումով մենք չունենք։

Կարծես  լավ նպատակ է դրված՝ բարելավել  ուսուցիչների գործունեության որակը, բարձրացնել աշխատավարձը, «մաքրել դպրոցը», սակայն այդ նպատակի իրականացման համար ընտրված մեխանիզմն  արդյունավետ անվանել չեմ կարող, այն կարելի է միայն անվանել «ուսուցիչների հիշողության ստուգման մեթոդ»։

Ողջ աշխարհում այսօր մասնագետի որակը գնահատվում է ոչ միայն նրա հիշելու կարողությամբ, այլ նաև հաշվի են առնվում նրա կարողություններն ու հմտությունները, անձնային որակները, մասնագիտական փորձը: Իսկ գնահատման համար կիրառվում են բազմաթիվ հոգեբանական, անձնային թեստեր, հարցարաններ, այլ մեթոդներ։

Միայն գիտելիքների ստուգման թեստը տալիս է ուսուցչի ընդհանուր կարողությունների նկարագրի միայն 10 տոկոսի մասին պատկերացում:  Նման մեթոդով ստուգման առաջ կանգնելը հատկապես բարդ է տարիների փորձ ունեցող  միջին և ավագ տարիքի մասնագետների համար, որովհետև հիշողությունը ֆիզիոլոգիապես արդեն ունակ չէ ընդունել այնքան տեղեկատվություն անգիրի մակարդակով, որքան պահանջվում է 3 ժամ թեստ լրացնելու համար։

Հետևաբար կարծում եմ՝ կամավոր ատեստավորման միջոցով ուսուցչի կոմպետենտության մակարդակը լիարժեք որոշել հնարավոր չէ: Պետք է մշակել ուսուցչի մասնագիտական, մանկավարժական և անձնային գործունեության գնահատման մեխանիզմաներ, ոչ թե միայն գիտելիքների։

Իհարկե,  մասնագիտական անհրաժեշտ գիտելիքները կարևոր են, սակայն դրանք անգիր անելու կարիք առհասարակ չկա, եթե մարդը ստացել է մասնագիտական կրթություն (թեկուզ միջին) և տարիներով արդեն աշխատում է, ու հատկապես, եթե աշխատում է բարձր արդյունավետությամբ, ձեռք է բերել բարձր հեղիակություն և այլ որակներ այդ գիտելիքների կիրառման շնորհիվ։

Կարծում եմ՝ պարտադիր ատեստավորման մեխանիզմներն այս առումով ավելի ինֆորմատիվ են, եթե ճիշտ կիրառվեն, քան կամավորը, քանի որ այն ավելի շատ տեղեկություն է հաղորդում գործունեության, անձի, նրա մասնագիտական, մանկավարժական, հետազոտական որակների մասին։

 Այս որոշումն, իմ  համոզմամբ, շատ խնդրահարույց է, և կանխատեսում եմ բավական լուրջ խնդիրներ կրթության որակի ապահովման ոլորտում։ Անձամբ ես այլ տարբերակներ կմշակեի։

  -Ուսուցիչների իրավունքների ապահովման  առումով ի՞նչ խնդիրներ եք տեսնում այս որոշման իրագործման պարագայում:

 -Կանխատեսում եմ ուսուցիչների զանգվածային բողոքներ, դատարաններում անօրինական հիմքով աշխատանքից ազատման գործերի հոսք, որն առանց այդ էլ այսօր մեծ թիվ է կազմում  ու մեծ վնասներ հասցնում պետական բյուջեին, քանի որ նոր իշխանություններն  իրենց դիրքերն  ամրապնդելու համար շատ մասնագետների են անօրինական կերպով  ազատում իրենց պաշտոններից, ինչի հետևանքով հսկայական  պետական միջոցներ են վատնվում  հարկադիր պարապուդների վճարման համար: Նույն խնդիրը նաև կրթության ոլորտում կունենանք:

ՀՀ  աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածով սահմանվում են գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու արգելքները, որոնք աշխատողների իրավունքների պաշտպանության լրացուցիչ երաշխիքներ են:

Օրենքով սահմանված ընդհանուր երաշխիք է  գործատուի կողմից իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում աշխատողին իր մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք առաջարկելու պարտականությունը: 

Միաժամանակ, օրենսդրությամբ նախատեսված են նաև հատուկ երաշխիքներ, որոնք արգելում են աշխատանքային պայմանագրի լուծումը, ուստի այդ պարագայում համապատասխան երաշխիքներից օգտվող աշխատողներին այլ աշխատանք առաջարկելու անհրաժեշտություն չկա, քանի որ նշված աշխատողների հետ աշխատանքային պայմանագրի լուծումն արդեն իսկ արգելված է:

Կարծում եմ նախարարության հրամանը կարող է իրավական ուժ ունենալ միայն այն դեպքերում, երբ անձը նոր է ցանկանում ընդունվել աշխատանքի, ոչ թե հետադարձ ուժ ունենա և տարածվի նրանց վրա, որոնք  արդեն աշխատում են այլ ժամանակափուլի օրենքների համաձայն, որոնց հիման վրա կնքվել է նրանց աշխատանքային պայմանագիրը։ Սա ևս կարգավորվում է ՀՀ օրենքով։

Նախարարությունը ձգտում է բարձրացնել ուսուցիչների որակավորումը: Բայց այս ամենի հետևանքով էլ ավելի կաճի անտարբերությունն առանց այդ էլ ցածր աշխատավարձի պատճառով անհրապույր ու հեղինակազրկված մանկավարժի աշխատանքի հանդեպ:  Կառաջանա մասնագետների սով, որի պատճառով հատկապես գյուղական դպրոցները ստիպված կլինեն դասաժամերը բաշխել ոչ մասնագետների միջև, որպեսզի կատարեն ուսումնական ծրագիրը։ Իսկ սա ավելի վատ հետևանքներ կունենա։ Չունենալով համապատասխան մասնագիտացում՝ այդ մանկավարժները չեն կարողանա որակ ապահովել։

Բացի այդ,  ո՞վ է որոշել, որ այսօրվա ուսանողը ավելի լավ կկարողանա դասավանդել, քան ժամանակին Ա. Բակունցի անվան պետական մանկավարժական քոլեջն ավարտածը: Ես գիտեմ, որ այդ ուսումնարանը ժամանակին բավականին  բարձր մակարդակով մասնագետներ է թողարկել։ Իհարկե, կողջունեի, եթե նրանք շարունակեին բաձրագույն կրթություն ստանալ, չբավարարվեին դրանով, բայց չէ որ մենք  գիտենք՝  ինչ արժե այսօր այդ կրթությունը հատկապես մարզում բնակվողների համար․ ուսման վճար, ճանապարհածախս, ընտանիքի հոգս և այլ գործոններ գոյություն ունեն, որոնք շատերի համար, անկախ սովորելու մեծ ցանկությունից, խոչընդոտ են հանդիսացել կրթությունը շարունակելու համար։ Այս դեպքում ի՞նչ այլընտրանքային մեխանիզմ ունենք առաջարկելու անձին, դպրոցին։

 -Այս մասնագետներն ունեն տարիների փորձ: Մի՞թե փորձառությունը բավարար գործոն չէ բարձրագույն կրթության բացը լրացնելու համար: Որքանո՞վ եք ճիշտ համարում այդ պահանջը գործող ուսուցիչների հանդեպ կիրառելը:

 -Եթե մենք ուսանողին 2-3 տարիների ընթացքում մեկական ամսով պրակտիկաների ուղարկելով  տալիս ենք մասնագիտական որակավորում, որը նրան իրավունք է տալիս աշխատելու մասնագիտությամբ, ապա ինչպե՞ս կարող ենք անտեսել մարդու տարիների փորձը, հարաբերակցել այն ընդամենը թեստային գիտելիքների հետ։ 

Եթե  բուհում մեկամսյա պրակտիկաներով անձին տրվում է մասնագիտությամբ աշխատելու իրավունք, ապա կամավոր ատեստավորմամբ աշխատանքի իրավունքը կարելի է դիտարկել նաև  օրենքի լրջագույն խախտում։ 

Հատկապես, բազմաթիվ գիտական, մագիստրոսական աստիճան ունեցող ուսուցիչների համար սա ուղղակի անընդունելի երեվույթ է։

 «Կամավոր» ատեստվորումը իմաստազրկվում է, երբ դրան չմասնակցելու արդյունքում անձին զրկում են աշխատանքի իրավունքից, որը նա իրականացրել է տարիներ շարունակ, այսինքն այն դառնում է «հարկադիր»։

-Նախարարությունն առաջարկում է 4-րդ կուսրեցիներին գյուղական դպրոցներում դասավանդելու հնարավորություն ընձեռել: Այսպիսով արդյոք հնարավո՞ր է լրացնել ուսուցչական կադրերի պակասը, որն էլ ավելի կսրվի 1300 ուսուցիչների համակարգից դուրս թողնելու պարագայում:

 -Գուցե՛։ Դա վատ քայլ չէ, սակայն սերնդափոխությունը պետք է լինի սահուն, բնական։ Դպրոցի փորձառու, հեղինակավոր մասնագետների վարպետաց դասերն ու փորձը յուրացնելով՝ նրանք ավելի շատ բան կարող են ստանալ, քան բուհի նստարաններին  ուղղակի տեսական դասընթաց յուրացնելով։ Այս առումով մի առաջարկ կանեի․ նրանց կցվեին հատուկ պատրաստված մանկավարժներ՝ փորձառու և սովորեցնելու պատրաստակամ, որպեսզի երիտասարդների առջև  բացեին իրենց փորձառության շտեմարնները։ Սակայն այս մշակութը մեզ մոտ այդքան էլ ընդունված չէ, որը բացասական եմ դիտում։ Եթե օրինակ՝ մի փոքր խրախուսանք էլ ուսուցիչը ստանար այս մենթորական գործունեության համար, հավատացած եմ՝ այս մշակույթը կարմատավորվեր մեր դպրոցներում ու կնպաստեր դրական փորձի յուրացմանը։

 -Ի՞նչ է պետք ուսուցչի աշխատանքի գրավչությունը բարձրացնելու և որակյալ կադրեր ներգրավելու համար:

-Օ՜, ես կսկսեի մանկավարժի  որակավորում տվող բուհերից, վերապատրաստող կազմակերպություններից, որտեղ, ըստ իս, պետք է դասավանդեն բացառապես մասնագիտական փորձով, գիտահետազոտական որակներով, ճանապարհ անցած մասնագետները, ոչ թե բուհն ավարտելուց հետո դասախոս դարձածները, ովքեր կարդում են դասախոսություններ, որոնք կյանքում երբեք չեն կիրառել, չունեն սեփական փորձ, որ պատասխանեն ուսանողի պրակտիկ հարցերին։ Իսկ մեր բուհերում նրանք մեծ թիվ են կազմում։ Մասնագիտական գրավչությունն  սկսվում է այն դասախոսներից, ովքեր անցել են մասնագիտական, գիտամանկավարժական ուղի, կարողանում են գիտելիքից մշակել փորձ, փորձը վերածել գիտելիքի և մատուցել հենց այն գրավիչ միջոցներով, որով պետք է աշխատի ապագա ուսուցիչը դպրոցում։

Իսկ քանի՞սն են մեր վերապատրաստողներից կիրառում այն, ինչ պարտադրում են ուսուցիչներին։ Համոզված եմ՝ քչերը, դրա վառ ապացույցը ուսուցիչների կողմից հրապարակված բողոքներն ու ընդվզումներն են։

 -ԿԳՄՍՆ  կողմից արդյոք այդ պայմանների ապահովման  ուղղությամբ աշխատանք տեսնու՞մ եք:

 -Չեմ կարող ասել, որ չկա, բայց կառավարման առումով մեխանիզմները, սուբյեկտները, որակի ապահովման գնահատման միջոցները  շատ ոչ պրոֆեսիոնալ են, չհղկված, չմշակված, հաճախ անիմաստ ու անտեղին։

 Անկեղծ,  կցանկանայի, որ նախնական մակարդակում այդ թեստավորումը անցնեին նախ թեստ կազմողները, մասնագիտական կրթություն ապահովողները, ապա նոր մատուցեին ուսուցիչներին։ Տեղյակ եմ, որ դրանցում ևս կան բավական խնդիրներ, անհարկի բարդացված են, որպեսզի շատերը չհաղթահարեն։

Կարծում եմ այստեղ նաև խնդիրները համապատասխան ինստիտուցիոնալ կառույցի աշխատանքների ոչ արդյունավետ կառավարման, համակարգային մոտեցման բացակայության հետևանք են։ Եթե հին կտորի վրա նոր կարկատան ես փորձում ամրացնել, նորն էլ հետն է փչանում։

Մենք խնդիրների լուծման նախագծային մոտեցումը կյանքի պետք է կոչենք այնպես, ինչպես դպրոցում ենք նախագծային մտածողություն փորձում ձևավորել։

 Պետք է լուծենք խնդիրները գիտական, ինստիտուցիոնալ մակարդակներում, համակարգված մոտեցում ցուցաբերելով, կարիքն ու առաջարկը համաձայնեցնելով։ Սակայն ես տեսնում եմ, որ այս ոլորտներում դեռ շատ բացեր ու հարցեր ունենք։

Իհարկե դրանք երբեք չեն ավարտվում,  սակայն կառավարման արդյունավետությունը հենց նրանով է բարձր, թե որքան կարճ ժամանակում ինչքան  խնդիրներ են հաղթահարվում ոլորտում։Մինչդեռ այսօր իբրև  մի խնդիրը լուծելով նոր բազմաթիվ այլ խնդիրներ են վեր հառնում, որոնք հնարավոր էր լուծվեին նախագծային մակարդակում, բայց արի՛ ու տե՛ս, որ դեռ այդպես չէ։

 

 

 

Արմինե Դավթյան հարցազրույց ատեստավորում ուսուցիչներ խմբագրի ընտրանի Հայաստան

Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն ձերբակալի, եթե նա գա Հայաստան
Քաղաքացու օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (ուղիղ)
2018 թվականի պայքարը աթոռի, իշխանության և, ինչպես կարճ ժամանակ հետո պարզ դարձավ, Արցախի հանձնման ու ՀՀ տարբեր տարածքների զիջման համար էր
Պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում, հանդես գալու Սբ Եկեղեցու շուքի ներքո. դո՛ւրս եկեք ասպարեզ և ինքնե՛րդ գործեցեք
«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ռուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարար
Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերականգնել հարաբերությունները. Պուտինի մամուլի քարտուղար
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Էրդողանը հետաձգել է այցը Միացյալ Նահանգներ
Ավելին
Ավելին