Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մուհամեդ Հոսեյն Բաղերիի հետ։ Գրել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով՝ երկրի պաշտպանության նախարարությանը։
Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում տիրող իրավիճակի և անվտանգության հարցերի շուրջ։
Բաղերին ընդգծել է, որ «որոշ ուժերի կողմից տարածված կեղծ տեղեկատվությունը, թե Իրանը կենդանի ուժ և զինտեխնիկա է կուտակում Ադրբեջանի հետ սահմանին և տարբեր զորավարժություններ է անցկացնում, իրականում որևէ հիմք չունի»։
Նա նշել է, որ «նման տեղեկատվության տարածումը նպատակ ունի վնասել երկրների միջև գոյություն ունեցող բարեկամությանը և բարիդրացիական հարաբերությունները»։
Հեռախոսազրույցի ընթացքում Հասանովն ու Բաղերին քննարկել են նաև Ադրբեջանի և Իրանի միջև ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները։