Հոկտեմբերի 18-ին Ջիդդայում Իսլամական համագործակցության կազմակերպություն գործադիր կոմիտեի նախարարների մակարդակով արտահերթ նիստի շրջանակներում հանդիպել են Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդուլլահիանը:
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվականները, հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության ընթացիկ օրակարգը, բազմակողմ տարածաշրջանային համագործակցության հարցերը, ինչպես նաև տարածաշրջանում առկա իրավիճակը:
Հաղորդվում է, որ Բայրամովը նաև մանրամասներ է ներկայացրել հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանում առկա իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի օրակարգի հեռանկարների, ինչպես նաև Ղարաբաղի շրջանում հակաահաբեկչական միջոցառումներից հետո տարածաշրջանում իրականացվող աշխատանքների մասին: