ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պատվիրակությունը այսօր կժամանի Իսրայել՝ քննարկելու համար «հետպատերազմյան Գազայի» պլանավորումը, տեղեկացրել է Սպիտակ տունը։
Պատվիրակությունը կգլխավորի ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի ազգային անվտանգության գծով խորհրդական Ֆիլ Գորդոնը, որը անցած հանգստյան օրերին նրա հետ Դուբայում մասնակցել է այս հարցի վերաբերյալ արաբ ղեկավարների հետ տեղի ունեցած հանդիպումներին։ Նրան կմիանա Հարիսի Մերձավոր Արեւելքի գծով խորհրդական Իլան Գոլդենբերգը, ինչպես նաեւ մի քանի այլ մարդիկ։
Walla լրատվական կայքի տեղեկացմամբ՝ ԱՄՆ պատվիրակությունը կհանդիպի Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Ցախի Հանեգբիի եւ ռազմավարական հարցերի նախարար Ռոն Դերմերի, ինչպես նաեւ Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասի հետ Արեւմտյան ափին։