Եվրոպան բախվում է «ահաբեկչական հարձակումների մեծ ռիսկի» Սուրբ Ծննդյան շրջանում Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի հետևանքների պատճառով, երեքշաբթի նախազգուշացրել է Եվրամիության ներքին գործերի հանձնակատար Իլվա Յոհանսոնը, հաղորդում է AP-ն:
«Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի և մեր հասարակության մեջ դրա բևեռացման պատճառով, ինչպես նաև տոնական սեզոնի մոտենալով, Եվրամիությունում ահաբեկչական հարձակումների մեծ վտանգ կա», - ասաց Յոհանսոնը լրագրողներին:
Սակայն, նա մանրամասներ չի հայտնել, թե ինչ տեղեկություն կարող է հիմք լինել իր նախազգուշացման համար
«Մենք վերջերս տեսանք, որ դա տեղի ունեցավ Փարիզում, բայց ցավոք, մենք դա տեսել ենք նախկինում», - ասաց նա:
Հիշեցնենք, որ կիրակի օրը Փարիզի կենտրոնում 26-ամյա երիտասարդը դանակով ու մուրճով հարձակվել է օտարերկրյա զբոսաշրջիկների վրա։ Հարձակման հետևանքով մեկ մարդ է մահացել։ Ֆրանսիայի դատախազությունը հայտնել է, որ հարձակման մեջ կասկածվողը տեսագրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը հավատարմության երդում տալով։