Թուրքիայի ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ հերքելով համացանցում տարածվող տեղեկությունները, որ Անկարան զենքի առևտուր է անում Իսրայելի հետ։ Մասնավորապես, պաղեստինյան աղբյուրներում տեղեկություններ են տարածվում, որ ըստ Թուրքիայի վիճակագրական բյուրոյի (TUIK) հրապարակած պաշտոնական տվյալների՝ Անկարան 2024 թվականի հունվարի սկզբից Իսրայել է արտահանել զինամթերք, պայթուցիկ նյութեր, վառոդ և զենքի մասեր։
Թուրքիայի ՊՆ-ն նշում է, որ որ Իսրայելի հետ ռազմական ոլորտում որևէ գործունեություն չի իրականացնում։ «Թուրքիայի Հանրապետությունը, որը միշտ աջակցել է Պաղեստինին, չի կարող իրականացնել կամ մասնակցել որևէ գործողության, որը կարող է վնասել պաղեստինցիներին։ Ազգային պաշտպանության նախարարությունը Իսրայելի հետ որևէ գործունեություն չի իրականացնում, այդ թվում՝ ռազմական ուսուցում, վարժանքներ և պաշտպանական արդյունաբերության համագործակցություն»,- ասվում է հայտարարության մեջ։
Հավելենք, որ չնայած Գազայի հատվածում շարունակվող հակամարտությանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հնչեցրած կոշտ հայտարարություններին՝ Իսրայելը շարունակում է մնալ կարևոր առևտրային գործընկեր Թուրքիայի համար՝ 2023 թվականին զբաղեցնելով 13-րդ տեղը արտահանման ցանկում:
Անցյալ տարի երկու երկրների միջև առևտուրը կազմել է 5,42 միլիարդ դոլար, ինչը կազմում է Թուրքիայի ընդհանուր արտահանման 2,1 տոկոսը։ Թուրքիայի Տրանսպորտի նախարարության տվյալները ցույց են տալիս, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում օրական միջինը ութ նավ ընդհանուր 701 ուղևորություն է կատարել թուրքական նավահանգիստներից դեպի Իսրայել։
Դրանցից 480-ը նավարկել է ուղղակիորեն, իսկ 221-ը Թուրքիան օգտագործել է որպես տարանցիկ երկիր։ Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ փետրվարին Թուրքիայի առևտուրը Թել Ավիվի հետ աճել է 20,7 տոկոսով՝ հասնելով 422 միլիոն դոլարի։ Իսրայելի գյուղատնտեսության նախարարության տվյալները ցույց են տվել նաև, որ Հորդանանն ու Թուրքիան այն երկու երկրներն են, որոնք ամենից շատ միրգ ու բանջարեղեն են մատակարարել Իսրայել։