f

Անկախ

Անցնող շաբաթը Հայաստանում


Նախորդ շաբաթվա վերջում՝ հունիսի 7-ին, Covid-19 վիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել էր 13130-ի, ապաքինվածներինը՝ 4014-ի, մահվան դեպքերինը՝ 200-ի: Անցնող շաբաթվա վերջում՝ հունիսի 14-ին, վարակվածների թիվը հասավ 16667-ի, որոնցից 6214 -ն առողջացել են, մահացել է 269 մարդ, ընդհանուր կատարվել է 82324 թեստավորում:

Կորոնավիրուսով վարակման շարժընթացը շաբաթվա ընթացքում այսպիսին էր. երկուշաբթի՝ հունիսի 8-ին, հայտնաբերվել էր 195 նոր դեպք,  հունիսի 9-ին՝ 350, հունիսի 10-ին՝ 428, հունիսի 11-ին՝ 566,  հունիսի 12-ին՝ 612, հունիսի 13-ին՝ 723, հունիսի 14-ին՝ 663: 

Այսպիսով մի շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով հիվանդների թիվը աճեց 3537-ով և ընդհանուր հատեց 16 հազարը, մահերի թիվն ավելացավ 69-ով: Փաստորեն ներկայումս մի շաբաթվա ընթացքում վարակվածների թիվը մեծանում է ավելի քան 3 հազարով, մահացողների թիվը՝ մոտ 7 տասնյակով:

Շաբաթվա սկզբին մեկ միլիոն բնակչին բաժին ընկնող վարակակիրների թվով Հայաստանն աշխարհում 20-րդ տեղում էր, շաբաթվա վերջում՝ արդեն 15-րդ: Նշենք, որ երկիրը հունիսի 5-ին այս ցուցանիշով աշխարհում 22-րդն էր, իսկ հունիսի 3-ին՝ 28-րդը: Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հաշվումներով էլ պարզվեց, որ 100 000 բնակչի հաշվով ՀՀ-ում իրավիճակը 1.6 անգամ ավելի վատ է, քան միջինը աշխարհում։ «Վարակակիրների քանակով մենք 64-րդն ենք, իսկ բնակչության թվաքանակով՝ 138-րդը։ Այստեղից կարող եք ՀՀ-ում տիրող իրավիճակի շուրջ և կառավարության գնահատական տալ»,- գրեց նա իր ֆեյսբուքյան էջում։

Համեմատության համար՝ Վրաստանում շաբաթ օրը հայտնաբերվել էր 8 նոր դեպք, 5 մարդ ապաքինվել էր:

Ի լրումն՝ ուրբաթ կառավարության արտահերթ նիստում պաշտոնապես հայտարարվեց, որ կորոնավիրուսով վարակված մոտ 7 հազար մարդ տնային հսկողության տակ է: Ողջ շաբաթվա ընթացքում խուճապային իրավիճակ էր ստեղծել վարչապետի հայտարարությունն այն մասին, որ  200 մարդ սպասում է հիվանդանոցում տեղավորվելու իր հերթին, և առնվազն երկու մարդ մահացել է վերակենդանացման բաժանմունքում տեղ չլինելու պատճառով:

Ի՞նչ ձեռնարկեց կառավարությունը. որոշեց ևս մեկ ամսով երկարաձգել արտակարգ դրությունը, այն կտևի մինչև հուլիսի 13- ը:  Բացի այդ, ոստիկականական բոլոր ուժերը գործի դրվեցին փողոցներում դիմակ չկրողներին տուգանելու կամ բերման ենթարկելու համար: Շաբաթվա վերջում էլ քաղաքով մեկ տարածվում էր Նիկոլ Փաշինյանի ձայնը, որը կարդում էր կորոնավիրուսից անվտանգության ապահովման կանոնները:

Այս իրավիճակում ամպրոպի պես պայթեց հիվանդանոցները սևերի ու սպիտակների բաժանելու սկանդալը:  Պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունին հայտարարեց, որ մարտից Համալսարանական 1-ին կլինիկականում հատուկ covid-բաժանմունքը դատարկ է մնացել և չի օգտագործվել անհայտ պատճառներով։ Մարտից կլինիկան կարող էր բուժօգնություն ցույց տալ վարակակիրներին, բայց «չէր նկատվում» առողջապահության նախարարության կողմից. «Այդ ատյանի ղեկավարը նախընտրում էր ոչ միայն հիվանդների «սորտավորումը», այլև՝ բուժհիմնարկների»: Դրանից հետո համանման հայտարարությամբ հանդես եկան ևս մի քանի հիվանդանոցներ:

Կորոնավիրուսի համավարակի հետ կապված միակ լավ լուրը նույնպես աղմկոտ էր: Երկուշաբթի պարզվեց, որ վարչապետ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների կրկնակի թեստերի պատասխանը բացասական է։ «Հենց նոր ստացանք մեր ընտանիքի անդամների կրկնակի թեստերի պատասխանները: Բոլորիս պատասխանը բացասական է: Վերադառնում եմ լիարժեք աշխատանքի»,- գրեց Փաշինյանը։ Եվ առեղծված մնաց, թե ինչպես ընտանիքի չորս անդամները միաժամանակ հիվանդացան և մի շաբաթ անց միաժամանակ էլ ապաքինվեցին, այն դեպքում, երբ ամբողջ աշխարհում և Հայաստանում բուժումը պահանջում է առնվազն 14 օր:

Մյուս լավ լուրն այն էր, որ շաբաթվա վերջում հատուկ չվերթով Հայաստան ժամանեց ֆրանսիացի 10 բժիշկ: Հայաստանին օգնություն ցույց տալու պատրաստակամություն են հայտնել նաև  Լիտվայի և Վրաստանի կառավարությունները, ռուսաստանցի մոտ 50 մասնագետ:

Վերջապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարություններով արձանագրեց, որ Հայաստանում տիրող աղետալի վիճակի միակ պատասխանատում «հայտնի» քաղաքական ուժերն են, որոնք տենչում են, որ կորոնավիրուսի հետ կապված վիճակը վատ լինի, և իր սիրելի հպարտ քաղաքացիները, որոնք չեն պահպանում արտակարգ դրության կանոնները, մասնավորապես՝ դիմակ չեն դնում և միմյանցից հեռավորություն չեն պահպանում:

Շաբաթը նշանավորվեց նաև քրեաքաղաքական լարվածությամբ և ձերբակալությունների մեծ ալիքով

Նախ՝ շաբաթը սկսվեց աղմկոտ պաշտոնանկություններով ու նշանակումներով: Ազատվեցին զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը և ոստիկանապետ Արման Սարգսյանը: Այնուհետև հայտնի դարձավ, որ ԶՈւ գլխավոր շտաբի պետ է նշանակվել  գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը,  ԱԱԾ տնօրեն՝ գնդապետ Արգիշտի Քյարամյանը, ոստիկանապետ՝ գնդապետ Վահե Ղազարյանը:

Քանի որ այս անակնկալ և հապճեպ կադրային փոփոխությունները տեղի ունեցան վարչապետին ուղղված հրաժարականի կոչերի խորապատկերում, փորձագետների և քաղաքական գործիչների ճնշող մեծամասնությունը սա բացատրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի վախերով և իր դիրքերն առավել վստահելի և հավատարիմ ղեկավարներով ամրապնդելու մղումով: Համենայն դեպս, պարետատան նիստում անդրադառնալով ուժային ղեկավարների պաշտոնանկություններին, Փաշինյանը հայտարարեց, որ բարձրաստիճան պաշտոնյաների գործողությունները չպիտի հակասեն վարչապետի ուղերձներին:

Այնուհետև ծայր առան հարձակումները ԲՀԿ-ի և մասնավորապես նրա նախագահ Գագիկ Ծառուկյանի դեմ, որ ակներևաբար պայմանավորված է վերջինիս այն հայտարարությամբ, թե այս աղետալի վիճակում կառավարությունը պետք է 100 տոկոսով փոխվի:

Նախ՝ երեքշաբթի վարչապետի ընտանիքին պատկանող թերթի կայքէջում Գագիկ Ծառուկյանի՝ 1979 թվականի խմբակային բռնաբարության վերաբերյալ գործի դատավարությանն առնչվող փաստաթղթեր հրապարակվեցին: Դրան հակադարձվեց  21 տարի անց  տվյալ գործը կարճելու մասին դատարանի որոշումը:

Ուրբաթ բերման ենթարկվեցին մի շարք իրավապաշտպաններ և իրավաբաններ: Նրանք Ազգային ժողովի դիմաց կոչ էին անում արտակարգ դրության պայմաններում վերացնել հավաքների սահմանափակումները։

Կիրակի հայտնի դարձավ, որ Գագիկ Ծառուկյանի դեմ գործ է հարուցվել մի քանի դրվագներով: Համացանցում տարածվեցին Ծառուկյանի գործով «փաստաթղթեր»: Ի դեպ, այդ գործին էր լծված նաև առողջապահության նախարարը: Այնուհետև հայտնի դարձավ, որ խուզարկություններ են ընթանում Ծառուկյանի տանը, ինչպես նաև ԲՀԿ-ի մարզային ներկայացուցիչների տներում: Ծառուկյանի տան մոտ հավաքվեցին նրա կուսակիցներն ու համակիրները, և երբ Ծառուկյանին տարան ԱԱԾ հարցաքննվելու, հանրահավաքի մասնակիցները տեղափոխվեցին ԱԱԾ-ի շենքի մոտ:  Ծառուկյանը ԱԱԾ-ից դուրս եկավ միայն ուշ երեկոյան և հայտարարեց, որ այս ամբողջ գործընթացը քաղաքական է: Մինչ   ԱԱԾ մտնելն էլ հայտարարեց, որ չի ընկրկելու և գնալու է մինչև վերջ: «Հայաստանում այլևս երբեք իշխանությանը չի հաջողվելու շանտաժով ու բռնությամբ լռեցնելու ընդդիմությանը»,- հայտարարեց ԲՀԿ-ն:

Ամբողջ օրվա ընթացքում բախումներ տեղի ունեցան ոստիկանության և ցուցարարների միջև, վերջիններիս նկատմամբ անհամաչափ ուժ էր կիրառվում, հատկապես՝ կանանց նկատմամբ, նաև՝ պատգամավոր կանանց: Ավելի քան 100 մարդ ձերբակալվեց: Պարզվեց, որ Երևանի մեկուսարանները լիքն են, արդեն տեղ չկա, ինչպես հիվանդանոցներում՝ կորոնավիրուսով հիվանդացածների համար:

Հայաստանը փաստորեն համատարած բռնաճնշումների հանգրվան է մտել, երբ իշխանությունների հասցեին յուրաքանչյուր քննադատական խոսք կարող է քրեական հետևանք ունենալ:

Շաբաթն աղետալի էր նաև արտաքին քաղաքականության առումով  

Եվրախորհրդարանի պատգամավորները համատեղ հայտարարությամբ հանդես եկան, որով դժգոհություն հայտնեցին Հայաստանի և Արցախի միջև նոր ճանապարհի կառուցման կապակցությամբ: Նշվել է, որ Հայաստան-Լեռնային Ղարաբաղ երրորդ մայրուղին անցնելու է Կուբաթլիի և Ջաբրայիլի շրջանների միջով, որոնք «օկուպացված» են: Եվրախորհրդարանի պատգամավորները բողոքել են, որ որոշումը կայացվել է առանց Ադրբեջանի իրավասու մարմինների համաձայնության՝ միջազգային իրավունքի խախտմամբ:

Այս աննախադեպ իրողությունը միայն և միայն վկայում է այն մասին, որ ներկայիս իշխանությունները տապալել են ոչ միայն կորոնավիրուսի դեմ պայքարը, ոչ միայն տնտեսությունն ու սոցիալական ապահովությունը, այլև արտաքին քաղաքականությունը՝ բոլոր ուղղություններով:

 

 

Հասարակություն գլխավոր իրադարձություններ

Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Երևանում իրար են բախվել «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում․ Shamshyan.com
Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Ավելին
Ավելին