f

Անկախ

Ի՞նչ է մեզ անհրաժեշտ թուրք–ադրբեջանական ռազմաճակատ չստանալու և 1920 թվի պատմությունից խուսափելու համար


Եթե կարճ պատասխանեմ այդ հարցին, ապա՝ պետական մտածողություն, խելք, կամք, վճռականություն։ Ունե՞նք։ Եթե միշտ հպարտանում ենք, որ հայերս խելքի տոպրակ ենք, ապա հիմա եկել է ապացուցելու ժամանակը։

Այժմ՝ մի փոքր մանրամասնեմ հարցիս պատասխանը։

1. Տավուշյան դեպքերը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ Ադրբեջանն ունի նվաճողական խնդիր, ընդորում՝ այն չի սահմանափակվում Արցախով։ Թիրախում հայկական զույգ պետություններն են։

«Երևանն ադրբեջանական քաղաք է» ձևակերպումը զուտ ալիևյան պոպուլիզմ չէ, այլ իրենց ռազմավարական նպատակը։

Ի դեպ, Թուրքիայում ստեղծվել է, այսպես կոչված, արևմտյան Ադրբեջանի վտարանդի կառավարություն։ Լրացուցիչ մեկնաբանության կարիք, կարծում եմ, չկա։

2. Թուրքիայի ագրեսիվ պահվածքը և օպերատիվ արձագանքը տավուշյան դեպքերին ցույց են տալիս, որ մեր արևմտյան ոխերիմ հարևանն իրեն պահում է այնպես, ինչպես 90–ականներին, երբ մենք ազատագրեցինք Քելբաջարը՝ ներկայիս Քարվաճառը։

Ի դեպ, այն օրերին էլ ինչպես հիմա Ռուսաստանն օպերատիվ արձագանքեց Թուրքիայի ագրեսիվ պահվածքին՝ զգուշացնելով, որ հանկարծ չփորձեն քթները խոթել կովկասյան գործերի մեջ։

ՌԴ պաշտպանության նախարարը ժամանեց Երևան ու հենց օդանավակայանում սառեցրեց տաքգլուխ թուրքերին։ Արդյունքում՝ մենք չստացանք երկու ճակատ, կենտրոնացանք ադրբեջանական ուղղությամբ ու հաղթեցինք։

Հիմա ռուսներն, ի պատասխան Թուրքիայի պահվածքի, մեծ և արտահերթ զորավարժություններ են մեր տարածաշրջանում անցկացնում՝ ներգրավելով հայկական զինվորական ստորաբաժանումներին։

Տարբերությունը 90–ականների ու հիմիկվա միջև այն է, որ ՀՀ և ՌԴ առաջին դեմքերի միջև ներկայումս կա գրեթե զրոյական շփում. անձնական ու քաղաքական հակակրանքը հասել է գագաթնակետին։ Փաշինյանն ու Պուտինը նույնիսկ հեռախոսազրույց չեն ունեցել տավուշյան դեպքերի առիթով, ինչը արտասովոր երևույթ է ռազմավարական դաշնակիցների պարագայում։

Կրեմլյան քարոզչության հիմնական պատասխանատուներից մեկի շուրթերով օրերս հնչեցրած մեղադրանքները Փաշինյանի հասցեին բացահայտեցին այն, ինչը երևում էր շուտվանից։

Ռուսական քաղաքական վերնախավում «դասակարգային» թշնամի են համարում Փաշինյանին ու նյարդայնանում են Հայաստանում հակառուսական քարոզչության ու հակառուսական քայլերի փաշինյանական քաղաքականությունից՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։

Մտահոգիչն այստեղ այն էր, որ Մարգարիտա Սիմոնյանի ու ռուսական մի շարք լրատվամիջոցների մեսիջը Փաշինայնին ու ՀՀ քաղաքացիներին նույնն էր՝ եթե Փաշինյանն աշխատում է Ռուսաստանի ու Պուտինի դեմ, ապա ի՞նչ բարոյական իրավունք ունեք մեզանից պահանջել անվտանգության երաշխավորում։

3. Ինչպե՞ս կարելի է Հայաստանում ունենալ իշխանություն, որի արտաքին քաղաքական վեկտորը հակառուսական է, և որի շուրջ վխտում է թուրքական 5–րդ շարասյունը, ու միևնույն ժամանակ անվտանգության ապահովման հարցում ակնկալել աջակցություն Ռուսաստանից։ Հայ ժողովուրդն իրո՞ք այդքան «շուստրի» է։

4. Այն, որ մեր երկրի անվտանգության թիվ մեկ երաշխավորը մեր բանակն է, երկրորդ կարծիք չկա։ Բայց բանակին չի կարելի մենակ թողնել։ Հարկավոր է ապահով թիկունք և որակյալ դիվանագիտություն։

Թիկունքը տնտեսությունն է և չբզկտված հասարակությունը։

Փաշինյանը տնտեսությունը զարգացնելու շանս չունի, քանզի իր որդեգրած կուրսն է սխալ։ Դե իսկ հանրային մոբիլիզացիայի փոխարեն նա մինչև վերջ պառակտել է հանրությունն ու դրա տարբեր հատվածներին հանել իրար դեմ։

Ինչ մնում է արտաքին քաղաքականությանը, ապա Փաշինյանն իր քայլերով Հայաստանին դե ֆակտո թողել է առանց դաշնակից։

Ի դեպ, առանց դաշնակից մնալը ոչ թե ինքնիշխանության (ինչպես փորձում են հրամցնել նիկոլական քարոզիչները), այլ սնանկ արտաքին քաղաքականության դրսևորում է։

5. Թուրքիան բացահայտորեն սպառնում է Հայաստանին և որոշ լրատվամիջոցների փոխանցմամբ՝ զորք է հավաքագրում իսլամիստների շարքերից՝ Ադրբեջան ուղարկելու համար։

Թուրքիայում հիշել են Վուդրո Վիլսոնի մասին՝ հիմնավորելու համար, որ Հայաստանի դեմ ոտնձգություն անելու իրավունք ունեն, որպեսզի պաշտպանեն ներկայիս Թուրքիայի սահմանները։

Թուրքիան քարոզչական, բարոյական ու անվտանգային լեգիտիմություն է ուզում հաղորդել իր հակահայկական քաղաքականությանը՝ շատ լավ հասկանալով, որ Հայաստան չի կարող զուրք մտցնել այնպես, ինչպես Սիրիա էր մտցրել, քանի դեռ ռուսական գործոնը կա։

Դա է պատճառը, որ Թուրքիան միջնորդավորված ձևով հովանավորում է Հայաստանում հակառուսական քարոզչությունը։

Ի դեպ, այդ քարոզչությունն իրականացվում է փաշինյանական իշխանության փայատեր դարձած սորոսաթուրքական շրջանակների կողմից, որոնք ներկայանում են, իբր, արևմտամետներ, «անկախ պատգամավոր», «գերանկախ փորձագետներ» կամ պարզապես հակառուս ակԾիվիստներ, որոնց շարքերում մի ժամանակ «փայլում» էին «Իմ քայլի» կարկառուն ներկայացուցիչները։

6. Թուրքիայում շատ լավ գիտեն, որ թուրքական աշխարհի ճանապարհին կանգնած է միայն փոքրիկ Հայաստանը։

Մեր երկիրը թուրք–ադրբեջանական աքցանի տակ չհայտնվելու երկու խոչընտոդ կա՝ 1) հայկական պետությունն իր բանակով, 2) հայ–ռուսական ռազմավարական հարաբերությունն ու ռուսական ռազմաբազայի գործոնը։ Այս երկու կետերից ցանկացած մեկի թուլացումը անվտանգության ու նաև պետականության կորստի գին կարժենա մեզ համար։

Բանակը ցույց տվեց, որ կատարել ու կատարում է իր առաքելությունը։ Ինչ մնում է քաղաքական ղեկավարության գործողություններին, ապա այստեղ ամբողջական ձախողում է, քանզի հայ–ռուսական հարաբերություններն իշխանական վերնախավերի մակարդակով հիմա հասել է թշնամության, ինչը նոնսենս է։ Միայն քաղաքականապես անմեղսունակ կամ պետական դավաճան պետք է լինել կովկասյան խառնարանում հակառուսական կեցվածք ընդունելու համար։

7. Հայ–ռուսական հարաբերությունները Փաշինյանի իշխանության պարագայում չեն կարող կարգավորվել։ Սա արդեն դատավճիռ է։

«Եթե ձեզ համար թանկ են ոչ թե պետությունը և անվտանգությունը, այլ Փաշինյանի լայվերը, ապա մենք ի գիտություն ենք ընդունում այդ որոշումը», – հայ ժողովրդին տարբեր ձևակերպումներով այս «մեսիջն» են հասցնում Վլադիմիր Պուտինը, Սերգեյ Լավրովը, Մարգարիտա Սիմոնյանը։

8. ՀՀ վարչապետն այնքան է խորացել հայ–ռուսական հարաբերություններում առկա խնդիրները և այնքան մեծացրել իշխանական վերնախավերի միջև առկա անդունդը, որ հետդարձի ճանապարհի շանսերը քիչ են։ Բացի այդ՝ չկա խնդրի գիտակցում ու լուծման ուղիների փնտրտուք։

9. Հույս դնել այն բանի վրա, որ ռուսներն այս տարածաշրջանում սեփական ռազմավարական շահերն ունեն և անկախ ՀՀ իշխանության նկատմամբ ունեցած վերաբերմունքից կպաշտպանեն մեզ Թուրքիայից, քաղաքական անմեղսունակություն է։ Ինչպե՞ս կարելի է սեփական անվտանգության հարցում հաշվարկ անել՝ երրորդ կողմի շահերի շահվարկից ելնելով։

10. Հայաստանը պետք է ամեն ինչ անի ռուս–թուրքական բախման կամ առևտրի կիզակետում չհայտնվելու համար։ Իսկ դրա համար պետք է փոխել ներքին ու արտաքին քաղաքականության փիլիսոփայությունը։ Եթե դա չարվեց, 1920 թվի պատմությունը կարող է նորից կրկնվել, բայց այս անգամ լրիվ ուրիշ վերջաբանով։

Փաշինյանն ակնհայտորեն չի համապատասխանում Հայաստանի ու Արցախի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման համար պահանջվող որակներին։ Սա ակնհայտ է, որ նույնիսկ լրացուցիչ բացատրության կարիք չունի։ Մնացածը հայ ժողովրդի որոշելիքն է։

Հ.Գ.։ 1–ին աշխարհամարտի ժամանակ մնացինք օսմանյան կայսրության փլատակների տակ, հետապնդվեցինք թուրքական ֆաշիզմի կողմից ու ցեղասպանություն տեսանք։

2–րդ աշխարհամարտին մասնակցեցինք որպես սովետական կայսրության մասնիկ, տվեցինք հսկայական քանակի զոհեր ու վիրավորներ, հաղթեցինք գերմանական ֆաշիզմին։

Կորոնավիրուսային ճգնաժամը 3–րդ աշխարհամարտի դրսևորում է։ Համաճարակային առումով մենք պարտվել ենք անտեսանելի թշնամուն։ Բայց դա դեռ փոքրիկ դժբախտությունն է։ Կարևորը տեսանելիի թշնամուն չպարտվելն է։

Անդրանիկ Թևանյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան Թուրքիա Հայաստան պատերազմ

Այլ հոդվածներ հեղինակից

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2314 նոր դեպք. մահացել է 27 մարդ
Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում
Վաղ առավոտյան թարմ ապրանք. Հովհաննիսյանը լուսանկար է հրապարակել ադրբեջանական պետհամարանիշներով մեքենայից (լուսանկար)
Ադրբեջանը հրետակոծել է Արցախի Կարմիր Շուկա, Թաղավարդ, Գիշի, Սպիտակաշեն ու Ավետարանոց գյուղերը
Ֆրանսիացի խորհրդարանականների պատվիրակություն է ժամանել Հայաստան եւ Արցախ
Աշխատում են թուրքի շահերից ելնելով՝ ձեռք ձեռքի տված. yerevan.today
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների հետ
Մարտունու Շեխեր, Թաղավարդ և Զարդարաշեն գյուղերի ուղղությամբ թշնամին դիվերսիոն գրոհներ է ձեռնարկել. Վահրամ Պողոսյան
Ռուսաստանը գործում է՝ հաշվի առնելով իր ազգային, պետական շահերը․ քաղաքագետ
Ֆրանսիան հետ է կանչում Թուրքիայում իր դեսպանին
Արծրուն Հովհաննիսյանն առաջնագծում տիրող իրավիճակը ներկայացրեց քարտեզի տեսքով. լուսանկար
Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ-ում մեկ օրում  կորոնավիրուսի ռեկորդային 83,7 հազար դեպք է հայտնաբերվել
Հայրենիքի պաշտպանության առաջնագծում․ հերթական տեսանյութը ՊԲ-ից
Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հակառակորդի կորուստների մասին վերջին տվյալները
Ի՞նչ ճակատագրի են արժանանում Ադրբեջանի դրոշները
Արցախի նախագահը հանդիպել է հայրենիքի պաշտպանների հետ
Դավիթ Տոնոյանն այցելել է վիրավոր զինծառայողներին
Մերօրյա հերոսները. մեկ տասնյակից ավելի զինծառայողներ կպարգևատրվեն
Երջանիկ լինեք․ Արցախի նախագահը շնորհավորել է նորապսակներին
Պարգև Սրբազանը կոչով դիմում է միջազգային հանրությանը
Արսեն Թորոսյանը կոչով է հանդես եկել
«Այ սենց սալյուտ ա, կեցցեն մեր լավ ախպերները». մերոնք խոցում են թշնամու «ТОС-1» ծանր հրանետային համակարգը
Գերեվարված ադրբեջանցի զինծառայողի վիրահատությունը բարեհաջող է անցել, վիճակը կայուն ծանր է․ Շուշան Ստեփանյան
Ավելին
Ավելին