Քանի որ ես վստահ եմ, որ սա երկրի բարձրագույն ղեկավարության կողմից հանձնարարված ստորություն է իմ հանդեպ, զգում եմ, որ նախաքննությունը տանում են դեպի կարճում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ անդրադառնալով իր եւ իր ընտանիքի անդամների հետ տեղի ունեցած միջադեպին:
«Այսինքն նորմալ է, որ քո կնոջ ու երեխաների վրա 4 հատ ստահակ հարձակվում են: Ես հարցաքննվել եմ, առերեսվել եմ: Իմ ընտանիքի անդամները նույնպես հարցաքննվել են, առերեսումներ են եղել: Ես զգում եմ, որ հանձնարարություն կա այդ ստահակներին փրկելու: Որովհետեւ եթե դա չլիներ երկրի բարձրագույն իշխանության կողմից հանձնարարություն, այդ մարդիկ վաղուց կունենային մեղադրանք: Ես դա գիտեմ, ես իրենցից չեմ սպասում արդարություն: Արդարությունը կլինի իր ձեւով, իր ժամանակին»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ 2020թ. մայիսի 21-ին ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում Տիգրան Աթանեսյանի կողմից՝ իր եւ իր ընտանիքի անդամների հասցեին հայհոյանքներ, սպանության եւ մարմնական վնասվածքներ պատճառելու սպառնալիքներ հնչեցնելու վերաբերյալ ներկայացված հաղորդման հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասով հարուցված քրեական գործը 2020թ. մայիսի 26-ին վարույթ է ընդունվել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում: