Հայաստանի Կենտրոնական բանկին միանշանակ հաջողվում է վերահսկողության տակ պահել հանրապետության տարածքում գործող տարբեր վարկային կազմակերպությունների աշխատանքի ոճը եւ գործունեությունը։ Այս մասին սեպտեմբերի 24-ին ԱԺ նիստերի դահլիճում ընթացող՝ «Վարկերի եւ ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների եւ վարկային տոկոսադրույքների կիրառման, դրանց համաներման եւ այլ վարկային հիմնախնդիրները ՀՀ բանկային համակարգում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը՝ պատասխանելով «Ո՛չ վարկային կողոպուտին» նախաձեռնության համահիմնադիր եւ անդամ Հովհաննես Հարությունյանի հարցին։
ԿԲ փոխնախագահի հավաստիացմամբ՝ Կենտրոնական բանկում կա պրոֆեսիոնալների խումբ, եւ եթե նրանք ինչ-ինչ խախտումներ հայտնաբերեն, ապա վարկային կազմակերպության դեմ խիստ պատժամիջոցներ կկիրառեն։ «Մենք չենք ուշանա որոշակի միջոցառումների կիրառման հարցում՝ արդարության պաշտպանության նպատակով»,- հավաստիացրեց Երիցյանը։