f

Անկախ

Մենք այստեղ ենք, մեր սիրտն՝ Արցախում․ ի՞նչ են պատմում Երևանում ապաստանած արցախցիները


«Չէի կարող պատկերացնել, որ մի օր վեր կկենամ ու կտեսնեմ, որ իմ քաղաքի ամեն մի ծայրից մի ծուխ է ելնում, ու դա ոչ թե տան ծուխ է, այլ պայթյունների ծուխ։ Չէի կարող պատկերացրել, որ քրոջս գրկած՝ դուրս կգամ փողոց ու չեմ իմանա՝ ուր մտնեմ, որ վերևից չխփեն»։

17 տարեկան արցախցի Սևակն է։ Մայրը, եղբայրն ու փոքրիկ քույրը Սևակի հետ միասին հիմա Երևանում են, ապահով տանիքի տակ։ Նրանց իր տանը հյուրընկալել է Էդուարդ Աթոյանը։ Ոչ միայն Սևակի, այլև արցախցի ևս 3 ընտանիք է նրա տանը հյուրընկալվել։ 

Պայմանները հրաշալի են, ընդունելությունը՝ ջերմ, բայց Սևակն իր տեղը չի գտնում, իր քաղաքն է ուզում, իր սիրուն, մաքրամաքուր Ստեփանակերտը։ Ասում է՝ անգամ այս օրերին, ռումբերի հարվածների տակ մաքրուհիներն ամեն առավոտ փողոցները փայլեցնում են, և նույնիսկ ծխախոտի մնացորդ չես գտնի։

Սևակի հայրը զինված ուժերի սպա է, այս օրերին՝ առաջնագծում։ Սևակն էլ կուզեր հոր կողքին լինել, բայց ընտանիքին մենակ թողնել չի կարող, հիմա ինքն է ընտանիքի գլխավորը։

Այն, ինչ իր աչքով տեսավ մի քանի օրում, մեկընդմիշտ վերջակետ դրեց նրա պատանեկությանը։ Ռումբերի պայթյուններ, կրակ, նույնիսկ գլխավերևում պտտվող ԱԹՍ։

«Անօդաչուն բարձրանում ու իջնում էր, մոտ մեկուկես ժամ։ Պատուհանի մոտ կանգնած հետևում էի, ու մեջս ինչ-որ բան ասես ծակում էր։ Երբ լսում ես դրա ձայնը, էդպիսի զգացողություն ես ունենում։ Չեմ կարող բացատրել, Աստված չանի՝ զգաք, թե դա ինչ է։ Պատկերացրեք՝ ինքնաթիռը մտնում է տուրբուլենտ զոնա։ Ի՞նչ եք զգում։ Նման մի բան է»։

Բայց նույնիսկ ԱԹՍ-ի սարսափելի ձայնը Սևակին չէր ստիպի դուրս գալ Արցախից, եթե չլիներ փոքրիկ քույրը՝ Անին։

«5 տարեկան է, արդեն 2 պատերազմ է տեսել։ Ամեն անգամ նկուղից դուրս գալուց հետո հարցնում էր՝ վերջ, չէ՞, վաղը էլ չենք իջնելու․․․»։

Ստեփանակերտի հրթիռակոծման մասին ամեն մի լուրը Սևակին է՛լ ավելի է մթագնում։ Ասում է՝ ախր շատ ջանք ու եռանդ էր դրվել քաղաքում, ոչ մի բան չէր խնայվել, որ քաղաքը 90-ականների պատերազմի տոնայնությունից դուրս գա։ Ու դուրս էր եկել։ Քաղաքը շնչում էր կյանքի ու սիրո ռիթմով։

«Երբ դուրս գալուց առաջ նայեցի մեր քաղաքին, փշաքաղվեցի։ Ես ոչ մի օր քաղաքս էդպես մռայլ ու մոխրագույն չէի տեսել։ Իսկ ընդամենը մի քանի օր առաջ էտ նույն փողոցներում մարդիկ քայլում էին, երեխեքը՝ ուրախ խաղում․․․»։

Սևակը կասկած չունի․ նորից քաղաքը գեղեցկացնելու են ու շենացնելու։

«Մեր քաղաքը հերոս քաղաք է,-ասում է,-ուրիշ է մեր քաղաքը, մարդկանց մտածելակերպը։ Մեզ մոտ ոչ ոք մեքենաների դռները չի փակում, ոնց որ մի մեծ ընտանիք լինի։ Ու հիմա որ տեսնում ես՝ ընտանիքդ փշրվում է, ու դա անում է մի ազգ, որը նույնիսկ պատմություն չունի, սիրտդ ուղղակի պայթում է»։

Անգամ չի հետաքրքրվում, թե ինչ վիճակում է հիմա իրենց տունը, կա՞, թե չկա։ «Պատրաստ չեմ լսել վատ բան»,-ասում է։

Սևակը չի ուզում, որ Ղարաբաղյան հարցը վերջնականապես չլուծված՝ հրադադար կնքվի։ Ամեն անգամ զոհվածների ցուցակը շունչը պահած է կարդում։ Ծանոթ անուններ շատ կան։

«Միգուցե վատ բան եմ ասում, բայց չեմ ուզում, որ էս պահին պատերազմը կանգնի կամ զինադադար լինի։ Էսքան զոհ ունենք։ Խելքին մոտիկ չի, որ մենք 4-5 տարին մեկ էսքան զոհ տանք։ Հարցը պիտի վերջնական լուծվի։ Ես զարմանում եմ մեր դիվանագետների վրա։ Ինչու՞ մինչև հիմա չեն կարողանում աշխարհին ապացուցել, որ Արցախը դա հայկական հող է, ո՞նց կարող է լինել Ադրբեջանի կազմում»։

Սևակը վստահ է՝ Ադրբեջանն այս պատերազմում արդեն իսկ պարտված է։ Բլից կրիկը չի ստացվել։

«Եթե առաջին երկու օրը նրանց չհաջողվեց իրենց ծրագիրն իրականացնել, հիմա արդեն հաստատ չեն կարող։ Բացի դա, աշխարհին է հայտնի, որ Կովկասում մեր բանակի մարտունակությունն ամենաբարձրն է։ Իսկ Ադրբեջանն առանց Թուրքիայի աջակցության ընդհանրապես չէր կարող որևէ բան անել»։

Սևակի հորեղբոր կինն ու երեխաները նույնպես իրենց հետ են։ Փոքրերն անհոգ խաղում են, մեծերը՝ լարված սպասում։ Օրվա ամենաարժեքավոր պահը սահանին գտնվող հարազատների ձայնը լսելն է։ Շատ բան չեն հարցնում։ Ձայնը լսելն արդեն մեծ բան է․․․

Սևակի քույրը՝ 5-ամյա Անին, վերջին օրերի իր ամենասիրած ոտանավորն է արտասանում․

«Արցախ եկեք ու ոտք դրեք հողիս վրա, խնդացե՛ք,

Հողն ուժեղ է զավակներով, վաղուց պարզ է, իմացեք։

Կենաց մահու կռիվ է սա, քաջ գիտակցենք մենք հիմա։

Զարկն է վերջին, շունչը հողի, հայը պետք է դիմանա։

Մեր պապերի այս սուրբ հողում մեր թոռները պիտ ապրեն։

Զարկն է վերջին, շունչը հողի, էս անգամ էլ պիտ հաղթենք,

Ջարդենք դունչը անաս չարի, որ մեր դռնից հեռանա,

Մի լավ խրատ տվեք, տղե՛րք, որ մեր ճամփեն մոռանա․․․»։

***

Տիկին Ելենան 84 տարեկան է։ 4 պատերազմ է տեսել։ «Լավ օր ե՞ս տեսալ, հարցրու»,-ասում է ու գեղեցիկ աչքերը թացանում են։

Դեռ մանկությունից պատերազմը նրանից խլել է ամենաթանկ մարդկանց։ Հայրենական պատերազմից տուն չի վերադարձել հայրը՝ մոր խնամքին թողնելով 8 երեխա։ Հետո ինքն է 5 որդի ունեցել։ Մեկը զոհվել է Արցախյան ազատամարտի ժամանակ՝ 34 տարեկանում։ Երեքին էլ կորցրել է տարբեր պատճառներով։ Մի որդին է մնացել։ Հիմա Ստեփանակերտում է։ Այնտեղ է նաև թոռը։ Փրկարար է։

Տիկին Ելենան Երևան է տեղափոխվել հարսի, թոռան ու հարսի ծնողների հետ, որոնցից մեկն անկողնային հիվանդ է։ Հիվանդ, անշարժ վիճակում գտնվող կնոջը մի կերպ են տեղափոխել, մեքենայի նստարաններն իջեցրած։

Ծեր կնոջ աչքերում դառնությունների շղթան հետք չի թողել․ աչքերը վճիտ են, սպասումով լի։ «Վերջը բարի լինի, մատաղ ըլնեմ։ Կռիվը պրծնի, հետ քյնանք մեր տները․․․»։

Տնից դուրս են եկել մի քանի հագուստով։ Չեն պատկերացրել, որ ռազմական գործողությունները կերկարեն։ Այսօր էլ առավոտից երեկո միայն լարված լրահոսին են հետևում, մնացածը կարևոր չէ։

***

Տիկին Վարդուհին Արցախի Այգեստան գյուղից է։ Այգեստանը շատ է վնասվել, հենց առաջին օրվանից եղել է թշնամու թիրախում։ Բայց մեկ է, տղամարդիկ հսկում են իրենց տունը։

Որդին պայմանագրային զինծառայող է։ Նախօրեին վիրավոր տեղափոխել են Երևան։ Վիճակը ծանր չէ, շուտով կապաքինվի ու նորից կվերադառնա Արցախ։ Մայրն ասում է՝ իր պարտքն է, պիտի գնա, կատարի։

***

Արցախցի մի ընտանիքի էլ Երևանում իր տանը Մանուկ Մարգարյանն է հյուրընկալել։ Ի դեպ, Մանուկը նաև ԱՄՆ-ից ընկերների օգնությամբ շատ կարևոր դեղորայք է հասցրել Հայաստան և ուղարկել սահման։

Արցախցի կինը, դուստրն ու թոռները Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղից են։ Թաղավարդը մեծ, շեն գյուղ է, պատմամշակութային հարուստ հուշարձաններով։ Դուստրը, որ չցանկացավ անունը հրապարակել, պատմում է, որ ամուսինն այժմ առաջնագծում է, ամենաթեժ վայրերում։

«30 տարեկան եմ, բայց արդեն 3 պատերազմ եմ տեսել»,-ասում է ու փորձում ցավը զսպել ժպիտով։

Ապրիլյան քառօրյան հազիվ էին հաղթահարել, կյանքի նորմալ հունի մեջ մտել, վարկով տուն վերցրել։ Կանգու՞ն է տունը, թե ոչ։ Չգիտեն։

Սեպտեմբերի 26-ին մոր ծնունդն էր։ Տորթը թխել էին, բայց չէին կտրել։ Այդպես էլ մնաց սառնարանում։

Լուսաբացին, երբ հրետակոծության ձայներից արթնանում են, կարծում են, թե կարկտակայաններն են աշխատում, քանի որ գիշերն անձրևոտ էր եղել։ Բայց պատերազմի ձայնն ուրիշ էր, պատերազմի հոտն էլ էր ուրիշ, ու շուտով այն տարածվում է ողջ գյուղում։

Փոքրիկ Միլենան գիտի, թե ինչու են տնից դուրս եկել։ Կրակ է՝ կարճ բացատրում է ու ասում՝ շուտով կրակը կանցնի, տուն կվերադառնան։

Ամենաշատը տիկնիկին է կարոտել, որին չի հասցրել հետը վերցնել։ Տիկնիկը տանն իրեն է սպասում։ Անպայման պիտի վերադառնա․․․

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին