Մեղավոր եմ, որ չհասցրեցի չորս ամսվա ընթացքում խաղաղություն և միասնություն սերմանել գոնե Հայրենիքիս ներսում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։
«Մեղավոր եմ, որ պաշտոնյա լինելն առ ոչինչ է չճանաչված երկրում, մեղավոր եմ, որ միակ զենքս տղաներս են, ովքեր դեռ դիրքերից ընդդիմանում են իրականությանը, մեղավոր եմ, որ անզոր եմ...
Իմ թոռներին մի պատգամ ունեմ միայն. Սողոմոն Թեհլերյան դառնալ այս կյանքում»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ նոյեմբերի 9-ին ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:
Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:
«Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է»,- ասել է նա: