f

Անկախ

2020-ը պատմության մեջ․ ի՞նչ իրադարձություններով է առանձնացել անցնող տարին


2020-ը հայոց պատմության մեջ կմնա որպես ծանր պարտության, հայրենիքի ¼  կորստի, մեծաքանակ զոհերի  ու խայտառակ կապիտուլյացիոն համաձայնագրի տարի։

Անցնող տարին, սակայն, դյուրին չէր նաև աշխարհի համար։ 2020-ը մեկնարկի առաջին իսկ օրերից աչքի է ընկել աղետներով ու «փոթփրկալից» իրադարձություններով։ «Անկախն» առանձնացրել  է այդ պատմական իրադարձություններից մի քանիսը։

Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը

Տարին սկսվեց Մերձավոր Արևելքում կրքերի բորբոքմամբ․ հունվարի 3-ին ԱՄՆ-ն ավիահարված հասցրեց Բաղդադին, որի հետևանքով սպանվեց Իրանի գլխավոր ռազմական ստրատեգ, ԻԻՀ հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ նշանակության ուժերի հրամանատար, լեգենդար գեներալ-մայոր  Ղասեմ Սոլեյմանին։ Նրա սպանության հրամանն արձակել էր անձամբ Դոնալդ Թրամփը։ 

Իրանը սպառնաց ցավոտ պատասխան տալ, իսկ մի քանի օր անց  հրթիռակոծեց Իրաքում ԱՄՆ ռազմաբազան։ Դրան ի պատասխան, Թրամփի վարչակարգն ավելի խստացրեց հակաիրանական պատճամիջոցները։

Թեհրանից Կիև թռչող քաղաքացիական ինքնաթիռի կործանումը

Հունվարի 8-ին Թեհրանի մոտակայքում կործանվեց Բոինգ 737 ինքնաթիռը։ Պարզվեց, ուկրաինական ինքնաթիռը սխալմամբ թիրախավորվել էր Իրանի  հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից՝ այն շփոթելով ամերիկյան հրթիռի հետ։

 Թեհրան-Կիև երթուղով թռչող ինքնաթիռի բոլոր 176 ուղևորները մահացան։ Իրանի իշխանություններն ի վերջո ընդունեցին իրենց մեղքը և համաձայնեցին փոխհատուցում հատկացնել բոլոր զոհերի ընտանիքներին։

Անտառային հրդեհներ՝ Ավստրալիայում

Դեռ 2019-ի դեկտեմբերից շարունակվող հրդեհները 2020-ի տարեսկզբին ավելի մոլեգնեցին։ Ավստրալիայի համար աննախադեպ ծավալով հրդեհն ընդգրկեց 47 մլն հա տարածք, կրակին զոհ դարձավ ավելի քան 1 միլիարդ կենդանի։

Արդեն ամռանն աննախադեպ ծավալներով կործանարար հրդեհներ եղան Կալիֆոռնիայում։ Այստեղ ևս բնական աղետին զոհ դարձան կենդանիներ և մարդիկ։

Արքայազն Հարրին հրաժարվեց արքայական ընտանիքի անդամի կարգավիճակից

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին և նրա կինը՝ դքսուհի Մեգան Մարքլը, հրաժարվեցին արքայական ընտանիքի անդամի կարգավիճակից և այդ կարգավիճակով պայմանավորված պարտավորություններից ու արտոնություններից։ Նրանք հայտարարեցին, որ որպես շարքային քաղաքացիներ տարվա մի մասը կապրեն Մեծ Բրիտանիայում, մի մասն էլ՝ ԱՄՆ-ում։

COVID 19 համավարակ

Հունվարի 11-ին  Չինաստանում  հայտարարեցին, որ նոր տիպի վիրուսից՝ COVID 19-ից առաջին մահն է արձանագրվել։  Թոքաբորբով հոսպիտալացված տարեց տղամարդը Ուհանի շուկայից ծավամթերք էր գնել։ Ուհանը դարձավ COVID 19-ի համաշխարհային «ճամփորդության» մեկնակետը։ Հունվարի վերջին Չինաստանի իշխանությունները աշխարհին զգուշացրեցին վիրուսի վտանգավորության և պանդեմիա առաջացնելու պոտենցիալի մասին, սակայն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը միայն մարտի 11-ին հայտարարեց համավարակի  մեկնարկի մասին։ Այդ պահին վիրուսն արդեն մոլեգնում էր աշխարհի 114 երկրում։

Համավարակի պատճառով գլոբալացած աշխարհում երկրների սահմանները փակվեցին, չեղարկվեց  օդային և ցամաքային հաղորդակցությունը,  մարդիկ ամիսներով ստիպված եղան պահպանել խիստ կարանտինային կանոններ և տնից դուրս գալ խիստ անհրաժեշտության դեպքում և այն էլ՝ անցաթղթով։ Իսկ կարանտինի կանոնները խախտած քաղաքացիների նկատմամբ կիրառվեցին վարչական տույժեր տուգանքների տեսքով։

Երկամսյա կարանտին գործեց նաև Հայաստանի Հանրապետությունում։

Խիստ կարանտինը և սահմանափակումները  կործանարար հարված հասցրեցին  համաշխարհային տնտեսությանը, սակայն ոչ նոր տիպի կորոնավիրուսին․ այն շարունակեց իր հաղթարշավը և տարվա ընթացքում ունեցավ 2-րդ և անգամ 3-րդ ալիք։

Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործընթացը

ԱՄՆ-ում նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի թեմայով լսումներ տեղի ունեցան։ Թրամփին մեղադրում էին նրանում, որ խնդրել է Ուկրաինային հետաքննել իր  հիմնական մրցակցի՝ Ջո Բայդենի որդու  հետ ուկրաինական գործարար հարաբերությունները՝ այդ երկրին տրվող ռազմական աջակցությունը  պայմանավորելով այդ հետաքննությամբ։ Չնայած այս թեմայով բազմաթիվ փաստերին ու վկայություններին՝ ամիսներ տևած քննարկումներից հետո ԱՄՆ Սենատն, այնուամենայնիվ, 2020-ի փետրվարին  արդարացրեց Թրամփին։  Իմփիչմենթի գործընթացը, սակայն, ինքնին պատմական էր․ Թրամփը ԱՄՆ 3-րդ նախագահն էր, որին ընդդիմադիրները փորձեցին վաղաժամ պաշտոնանկ անել։

Brexit-ը՝ վերջապես իրականություն

Հունվարի 31-ին ԵՄ-ի համար պատմական իրադարձություն տեղի ունեցավ․ կառույցի ստեղծումից ի վեր առաջին անգամ անդամներից մեկը լքեց այդ միությունը։  Մեծ Բրիտանիան ի վերջո իրագործեց 2016-ից մեկնարկած Brexit-ի գործընթացը։

 Brexit-ից մեկ ժամ առաջ այդ երկրի վարչապետ  Բորիս Ջոնսոնը հայտարարեց, որ ԵՄ-ից դուրս գալը  «սկիզբն է, ոչ թե վերջը»։

Նշենք, որ 2020-ը անցումային տարի էր, և այս տարվա ընթացքում Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն պետք է հստակեցներին փոխադարձ առևտրի պայմանները։ Տարեվերջին, սակայն, կողմերը դեռևս համաձայնության չեն հասել։

Արժեթղթերի շուկայի փլուզումը

Մարտը սկսվեց  ՕՊԵԿ + (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) գործարքի ձախողմամբ․ Ռուսաստանը հրաժարվեց նվազեցնել նավթի արդյունահանումը միջազգային շուկայում գների կայունացման նպատակով (COVID 19 համավարակի պատճառած համաշխարհային սահմանափակումներով պայմանավորված՝ նավթամթերքի պահանջարկը նվազել էր), ավելին, հայտարարեց արդյունահանման ծավալների մեծացման մասին։  Հաջորդիվ Սաուդյան Արաբիան հայտարարեց, որ կմեծացնի նավթի արդյունահանման ծավալները։ Արդյունքում արդեն մարտի 9-ին Բրենթ տեսակի նավթի գինը 1991-ից ի վեր խոշորագույն անկումը գրանցեց՝ 32 դոլար։ Նավթի գնի ռեկորդային նվազումը շարունակվեց նաև հետագայում։  Հաջորդիվ փլուզվեցին համաշխարհային ֆոնդային բորսաները։

Black lives matter շարժումը

Մայիսի վերջին ԱՄՆ-ն ալեկոծվեց  բազմամարդ ցույցերից։ Պատճառը սևամորթ Ջորդ Ֆլոյդի սպանությունն էր։ Ոստիկանի կողմից․բերման ենթարկելիս ոստիկանը ծնկով սեղմել էր տղամարդու վզին՝ ինչի հետևանքով նա խեղդամահ էր եղել։ Ռասիզմի և ոստիկանության անօրինությունների  դեմ ուղղված ցույցերն արագորեն տարածվեցին ողջ ԱՄՆ-ով՝ ուղեկցվելով բռնություններով և կողոպուտով։ Հունիսին ցույցերի աշխարհագրությունն ընդլայնվել էր՝ ընդգրկելով 60 երկիր և 2000 քաղաք։

Ռասիզմի դեմ ուղղված Black lives matter շարժումը, որի շրջանակներում էլ տեղի էին ունենում ցույցերը, դարձավ խոշորագույնը ԱՄՆ պատմության մեջ․ ցույցերին մասնակցել են ԱՄՆ 15-26 մլն քաղաքացիներ։ Շարժման արդյունքում պատմության վերարժևորման և  հուշարձաների ապամոնտաժման գործընթաց սկսվեց աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում ԱՄՆ-ում, Բելգիայում, Մեծ Բրիտանիայում և այլն։

Մասնավոր այց տիեզերք

Պատմության մեջ առաջին անգամ մասնավոր կազմակերպությունը մարդկանց տեղափոխող տիեզերանավ շահագործեց։ Մայիսի 30-ին Իլոն Մասկի Space X ընկերությունը տիեզերք ուղարկեց Crew Dragon տիեզերանավը, որը միջազգային տիեզերական կայան տեղափոխեց ամերիկյան երկու տիեզերագնացների։ Սա առաջին անգամն է, որ մասնավոր կազմակերպությունն է մարդկանց տիեզերք դուրս բերում։

Սահմանադրական փոփոխություններ Ռուսաստանում

Հուլիսի 4-ին ուժի մեջ մտան ՌԴ սահմանադրության փոփոխությունները, որին կողմ քվերակեց  քվեարկողների 78 տոկոսը։ Փոփոխություններից մեկն էլ վերաբերում էր նախագահի պաշտոնավարման ժամկետի սահմանափակման վերացմանը։ Վլադիմիր Պուտինը այսպիսով հաջորդ ընտրություններում առաջադրվելու հնարավորություն է ստացել։  Նշենք նաև, որ նոր սահմանադրությամբ ռուսաստանյան պաշտոնյաներին արգելվում է երկքաղաքացիություն և արտասահմանյան բանկերում հաշիվ ունենալ։

Հաքերային հարձակում Թվիթերի վրա

Հուլիսի 15-ին հայտնի դարձավ, որ Թվիթերի 130 օգտահաշիվ է կոտրվել։ Կոտրվածների թվում էին ԱՄՆ այն ժամանակ նախագահի թեկնածու Ջո Բայդենի, նախկին նախագահ Բարաք Օբամայի, SpaceX-ի ղեկավար  Իլոն Մասկի, Մայքրոսոֆթի համահիմնադիր Բիլ Գեյթսի, Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և այլ հայտնի անձանց օգտահաշիվները։ Հաքերները, սակայն, ոչ թե որևէ երկրի անվտանգության ծառայություն էին ներկայացնում, այլ մի խումբ երիտասարդներ էին։ Նրանք կոտրված օգտահաշիվներում բիթքոիններն իրենց փոխանցելու և որոշ ժամանակ անց կրկնակին հետ ստանալու մասին հայտարարություն էին տեղադրել։ Արդյունքում հաքերները վաստակեցին ավելի քան 100 հազար դոլար։

Հաքերները կարողացել էին մանիպուլացնել Թվիթերի մի քանի աշխատակիցների և նրանց տվյալներով մուտք գործել սոցիալական ցանցի անվտանգության համակարգ։

Պայթյուն Բեյրութում

Օգոստոսի 4-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում հզոր պայթյուն որոտաց, որին զոհ դարձավ 200-ից ավել մարդ, վնասվածքներ ստացավ  7000-ը։ Պարզվեց, որ պահեստներից մեկում պայթել է շուրջ 2700 տոննա ամոնիումի նիտրատ։ Վտանգավոր բեռը պարտքերի դիմաց տիրոջից առգրավվել էր դեռ 2014-ին և այդքան տարի մնացել էր պահեստում։ Պաշտոնեական թերացումների շղթան շարունակելով՝ պայթյունի օրը պահեստի պատի վրա եռակցման աշխատանքներ են իրականացվել։ Կայծից բոցավառվել են նախ հրավառությունները, ապա և ամոնիումի նիտրատը։

Պայթյունն էլ ավելի սրեց Բեյրութի՝ առանց այդ էլ ծայրահեղ ծանր սոցիալ-տնտեսական և անկայուն քաղաքական իրավիճակը։

Նախագահական ընտրություններ Բելառուսում

Օգոստոսի 9-ին տեղի ունեցան նախագահական ընտրություններ Բելառուսում։ 80,1 տոկոս քվեներով հաղթանակ տոնեց Ալեքսանդր Լուկաշենկոն, որը ղեկավարում է այդ երկիրը ԽՍՀՄ-ից անկախանալուց ի վեր։ Նրա հիմնական մրցակիցը՝ Սվետլանա Տիխոնովսկայան, ստացավ 10 տոկոսից քիչ ավել քվե։

Մինչ երկրում զանգվածային ցույցեր էին ընթանում  նոր ընտրությունների պահանջով, օգոստոսի 11-ին Տիխոնովսակայն ապաստան ստացավ Լիտվայում՝ այնտեղից շարունակելով պահանջել  Լուկաշենկոյի հրաժարականը։ Ցույցերի ընթացքում ձերբակալվել է շուրջ 17 հազար մարդ։ ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից մի շարք պատժամիջոցներ են սահմանվել Բելառուսի նկատմամբ։ Լուկաշենկոյին, այնուամենայնիվ, հաջողվեց մնալ նախագահի պաշտոնում, իհարկե, ոչ առանց Ռուսաստանի օգնության։

Իսրայելի և արաբական աշխարհի հարաբերությունների ջերմացում

Այս տարվա սեպտեմբերին Արաբական Միացյալ Էմիրությունները և Բահրեյնը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին  համաձայնագիր ստորագրեցին Իսրայելի հետ։  Այն ենթադրում է, որ այդ արաբական երկրները և Իսրայելը փոխադարձաբար դեսպանատներ կբացեն միմյանց տարածքում և կսկսեն առևտրային կապեր հաստատել։ Ավելի ուշ նախաձեռնությանը միացան նաև Սուդանը և Մարոկոն։

Արաբական երկրները հայտարարել են, որ այսպիսով չեն մոռացել Պաղեստինի մասին, հակառակը, պահանջել են, որ Իսրայելը համաձայնագրի դիմաց հրաժարվի Հորդանանի արևմտյան ափի զգալի հատվածը բռնակցելու ծրագրից։

Արցախյան պատերազմ

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի քաղաքական և ռազմական աջակցությամբ հարձակվեց Արցախի վրա։ 44 օր տևած պատերազմը դադարեցվեց ՀՀ կողմից կապիտուլյացիոն համաձայնագրի ստորագրությամբ։ Մինչ օրս դեռևս հայտնի չէ պատերազմում հայկական կողմի զոհերի, վիրավորների, գերեվարվածների հստակ թիվը։ Անորոշ է Արցախի կարգավիճակը։ Վտանգված է ՀՀ սահմանների անվտանգությունըչնայած եռակողմ համաձայնագրում այդ մասին խոսք չկա, ՀՀ սուվերեն տարածքից օրեցօր նոր տարածքներ են անցնում Ադրբեջանում սահմանազատման անվան ներքո։

Զուգահեռաբար, մինչ ՀՀ-ում կապիտուլյացիոն համաձայնագիր ստորագրած իշխանությունները  համառորեն քայլեր չեն ձեռնարկում  ՀՀ շահերի պաշտպանության ուղղությամբ, բայց նաև հրաժարվում են հեռանալ՝ նման հնարավորություն չտալով այլ քաղաքական ուժի, Ադրբեջանը մեծացրել է իր ռազմական բյուջեն, ինստենսիվորեն շարունակում է զինվել, Թուրքիան և Ադրբեջանն էլ ավելի ու ավելի են սրում իրենց հակահայկական հռետորաբանությունը։

Արտաքին թշնամուն դիմագրավելու փոխարեն ՀՀ իշխանությունները շարունակում են հանրության պառակտման ուղղությամբ քայլերը, ինչպես վերջին 2,5 տարիներին։

ԱՄՆ նախագահական ընտրություններ

Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որոնք բնորոշվում էին որպես ամենալարվածը և անկանխատեսելին։  Ընտրություններն  առանձնացան ընտրողների ռեկորդային ակտիվ մասնակցությամբ և փոստի միջոցով քվեարկությամբ։ Նոյեմբերի 7-ին ԶԼՄ-ները հայտարարեցին Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջոզեֆ Բայդենի հաղթանակի մասին, իսկ Դոնալդ Թրամփը  հայտարարեց, որ այդ ընտրությունները կեղծված էին՝ այն համարելով խայտառակություն ԱՄՆ-ի համար։ Թրամը նաև հայտարարել է, որ մտադիր չէ լքել Սպիտակ տունը, քանի որ չի ճանաչում ընտրությունների արդյունքները։

 

 

 

2020 տարվա ամփոփում խմբագրի ընտրանի Աշխարհում Տարածաշրջան Ղասեմ Սոլեյմանի Արցախ արցախյան պատերազմ Լիբանան պայթյուն Բեյրութում համավարակ COVID 19

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին