f

Անկախ

Աղետալի անցնող տարին և եկող վճռական տարին


Մի քանի ժամից ժամացույցը կազդարարի նոր տարվա սկիզբը: Ամեն տարի այս պահերին, ինչպես բոլոր երկրներում, մեզանում էլ եռուզեռ էր, ուրախ տրամադրություն: Այս տարի ամենուրեք նույնն  է, Հայաստանում՝ ոչ: Ամենուրեք երեխաները Ձմեռ պապին նամակ են գրել, իրենց չունեցած խաղալիքը կամ իրն են  խնդրել, իսկ մեր երեխանե՞րը…  8-ամյա Անիի այս նամակը, որ տարածվեց ֆեյսբուքում, երեխայի պարզ մտքերով ու բառերով  ցույց է տալիս մերկ ճշմարտությունը: Երեխան ուզում է, որ «մենք այլևս չտեսնենք այդ զզվելի Նիկոլ Փաշինյանին, նա մեր երկրից հեռանա կամ փուչիկի պես պայթի»:

Մի 20 օր առաջ հայրենիքի փրկության շարժման ակտիվ մասնակիցներից մեկը շատ վստահ կանխատեսում արեց. «Կտեսնես, նոր տարուն նա այլևս չի լինի, ուրիշ մարդ կշնորհավորի, մենք դուրս կպծնենք էս մեռյալ կետից»: Այդ հասուն տղամարդը փաստորեն նույնքան լավատես էր, որքան 8-ամյա երեխան, կամ նույնքան միամիտ:

Նույն սոցիալական ցանցում կարդում ենք, որ անհայտ կորածների ծնողները հանդիպում են խնդրել վարչապետից, քանի որ պաշտպանության նախարարությունը ոչինչ չի անում, անգործության է մատնված, սակայն նրանց պատասխանել են, որ վարչապետը չի կարող ընդունել, զբաղված է նոր տարվա ուղերձով: Այնպես որ Ձմեռ պապն ի վիճակի չէ կատարել Անիի խնդրանքը:  Գլխավոր չարիքը՝ մեր դժբախտությունների աղբյուրը, ոչ միայն չի հեռանում, այլև պատրաստվում է ամանորյա ուղերձին: Եվ ի՞նչ է խոստանալու, նոր զոհե՞ր, նոր տարածքների հանձնո՞ւմ, մեր վերջնական կործանո՞ւմ, աշխարհի քարտեզից ու քաղաքական թատերաբեմից Հայաստանի անհետացո՞ւմ… Ուրիշ ի՞նչ է խոստանալու, որ դեռ չի հասցրել անել:

Անիի խնդրանքը Ձմեռ պապին չի կատարվի, քանի որ խանգարող հանգամանքներ կան: Նախ՝ աշխարհի քաղաքական պապերին, որոնք հետաքրքրված են մեզանով, ձեռնտու է, որ Նիկոլ Փաշինյանը մնա: Նա անցանկալի ու մերժելի է մեզ համար: Բայց շատ ցանկալի է և՛ մեր թշնամիներին՝ Ադրբեջանին ու Թուրքիային, և՛ մեզ բարեկամ ու դաշնակից Ռուսաստանին: Սրանցից յուրաքանչյուրն իր շահերն ունի:

Ադրբեջանի համար ցանկալի է, քանի որ շարունակում է առանց իսկ կրակոցների  ոչ միայն Արցախից, այլև բուն Հայաստանից տարածքներ կորզել: Թուրքիայի համար ցանկալի է, քանի որ դեռ չի իրականացել նրա առաջնահերթ նպատակը՝ Հայաստանի տարածքով Նախիջևանն Ադրբեջանի հետ կապող միջանցքը, իսկ դրա լավագույն երաշխիքը Հայաստանի ներկայիս պարտված  ու ապազգային իշխանությունն է: Ռուսաստանի համար էլ ցանկալի է, քանի որ նա էլ, բնականաբար,   իր ազգային շահերն է հետապնդում Այսրկովկասում՝ իր աշխարհաքաղաքական ազդեցությունը: Իսկ դրա համար նա ձգտում է լավ հարաբերություններ պահպանել և՛ Անկարայի, և՛ Բաքվի հետ ու միաժամանակ պահպանել ռազմավարական երկխոսությունը Երևանի հետ: Եվ հաջողվում է, քանի որ աննախադեպ բարենպաստ իրավիճակ է ստեղծվել այդ  անլուծելի հավասարումը լուծելու համար: Եթե Անկարան ու Բաքուն հետևողականորեն հետապնդում են իրենց շահերը, ապա Երևանն էլ անուղղակիորեն գործում է նրանց դիրքերից, իր գլխավոր սահմանադրական խնդրի լուծումն էլ (երկրի բնակչության անվտանգության ու տարածքային ամբողջականության ապահովում) ուրախությամբ վերապահել է Ռուսաստանին: Ե՛վ տարածաշրջանի խաղացողների, և՛ հեռավոր Արևմուտքի համար հստակ է, որ Ռուսաստանը մեծ խաղերի մեջ է Թուրքիայի հետ, և քանի որ Հայաստանն այսօր փաստացի զուրկ է իր շահերը պաշտպանող առաջնորդից, հաջողությամբ կարող է Հայաստանն օգտագործել որպես խաղաքարտ բանակցությունների սեղանին: Այս է պատճառը, որ Պուտինն անսպասելիորեն իր պաշտպանության տակ է առել Փաշինյանին չարախնդալու և վերժ լուծելու փոխարեն  նրա հակառուսական հռետորաբանության, ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ խաղեր տալու համար:

Այս երեքի համար էլ այժմ իրենց շահերն առաջ տանելու բավական բարենպաստ պայմաններ են ստեղծված, քանի որ հեռավոր Արևմուտքն ու Արևելքն ընդամենը ուշադիր դիտորդի դերում են: Մի անհանգստություն կա միայն:  Չլինի այնպես, որ Հայաստանում այնուամենայնիվ հաջողվի հեռացնել Փաշինյանին, քանի որ բացառված չէ, որ գան ազգային ուժեր և սկսեն  բանակցությունների սեղանին նաև Հայաստանի շահերը դնել ու «սառեցնել» հայտնի հրադադարի համաձայնության որոշ կետեր:  Գոնե Թուրքիան բացահայտ ցույց է տալիս իր անհանգստությունը, քանի որ  առաջիկայում դեռ դրվելու է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, իսկ դրա հետ կապված բանակցությունները կարող են տևական լինել: Բացի այդ, օր օրի սրվում է Հայաստանում Ադրբեջանի հետ սահմանների  վերանայման (այսպես կոչված սահմանագծման ու սահմանազատման) գործընթացի հետ կապված լարված դրությունը,  և այդ խմորը նույնպես դեռ շատ ջուր կարող է առնել: Հետևաբար հիմա նրան պետք է ժամանակ շահել և արանքում արագորեն կյանքի կոչել Նախիջևան-Ադրբեջան միջանցքի հարցը: Իսկ դրա հաջողության հավանականությունն ուղղակիորեն պայմանավորված է Հայաստանի ներկայիս իշխանության կայունությամբ:

Սա է Փաշինյանի թիկունքը՝ մեր թշնամիներին անհրաժեշտ «ժամանակը», ոչ թե «ժողովուրդը», ինչպես հայտարարում է: Ու թեպետ շատերը նրան անմեղսունակ են համարում, այդքան հիմար չէ, որ չհասկանա՝ իր առաջարկած արտահերթ ընտրություններում  անգամ կեղծումների ողջ գործիքակազմը գործադրելու դեպքում էլ շատ դժվար է լինելու  իշխանությունը պահել: Բայց արտահերթ ընտրություններն էլ ժամանակ են պահանջում, այն ժամանակը, որ պետք է և՛ իրեն, և՛ մեր թշնամիներին:  Իսկ մինչ այդ, գուցե կա՛մ էշը սատկի, կա՛մ իշատերը: Սա է նրա ռազմավարությունը: Բացի այդ, թիկունքում ունենալով օտար, մանավանդ թշնամի տերությունների աջակցությունը, չի վարանի գնալ արյուն թափելու ճանապարհով, մի բան, որ անցանկալի ու մերժելի է նրա դեմ պայքարող ներքին քաղաքական ուժերի համար. առանց այդ էլ արյունաքամ եղած երկրում  դա պարզապես կործանարար կլինի: Այդ է պատճառը, որ քաղաքական կոչերի ու խաղաղ ցույցերի սահմանը ոչ ոք չի փորձում հատել:

Ովքե՞ր, ե՞րբ, ինչպե՞ս կքանդեն այս թնջուկը: Այս հարցերն են, որ տանջում են բոլորին այս նոր տարվա շեմին:  Բայց մի հարց հստակ պատասխան ունի. կա՛մ կազատվենք չարիքից՝ ներկայիս իշխանությունից և կսկսենք կամաց-կամաց բուժել նրա հասցրած խոր վերքերը, կա՛մ կկործանվենք վերջնականապես:

Բայց որքան էլ տխուր լինի, միևնույն է, նոր տարին նոր հույսեր է բերում:  Բնական ու սովորական է՝ Ամանորին ամենուրեք մարդիկ մաղթում են միմյանց, որ բոլոր փորձանքները մնան հին տարում, չարը հեռանա՝ բարին գա,  և գոնե մի կարճ ժամանակ սկսում են հավատալ հրաշքներին: Մեր դեպքում այս տարի սա նաև մեր լինել-չլինելու հարցն է: Ասում են՝ հրաշքներ լինում են, եթե հավատում ես, եթե նստած չես սպասում, որ մի օր դուռդ թակի, այլ ինքդ ես գնում դրա հետևից: Նրանք, ովքեր չեն հուսահատվում և ամեն օր արթնանում են պայքարելու վճռականությամբ, գիտեն այս ճշմարտությունը:

Ուստի «Անկախը» չարը վանելու և բարին բերելու օրհնանքի հետ մեկտեղ վճռականություն է մաղթում բոլորիս հանուն այն երեխաների ապագայի, որոնք նամակներ են գրում Ձմեռ պապին, հանուն նրա, որ նրանց երազանքները կապված լինեն մե՛ր երկրի, մե՛ր ազգի ապագայի հետ, ոչ թե սոսկ գոյատևման, հանուն նրա, որ նրանք ամենուրեք պարծանքով ասեն. «Ես հայ եմ» կամ «Ես Հայաստանի քաղաքացի եմ»:  

Հասարակություն

Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Ավելին
Ավելին