Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ, կարեւորել 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո երկուստեք հարաբերությունների որակական նոր փուլ մտնելն ու Հայաստանում դեսպանատուն բացելու Նիդերլանդների որոշումը։ Ռուստամ Բադասյանը համոզմունք է հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում կիրացվի արդարադատության ոլորտում առկա ներուժը։
Հայաստանի արդարադատության նախարարը նաեւ բարձր է գնահատել Նիդերլանդների խորհրդարանում վերջերս հավանության արժանացած միջնորդությունները, որոնցով կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարների դեմ՝ Արցախում կատարված ռազմական հանցագործությունների համար: Այս համատեքստում Ռուստամ Բադասյանն ընդգծել է․ «Նիդերլանդները ցույց տվեց, թե ինչպես է իրականում գործում ժողովրդավարությունը, երբ վտանգվում են մարդկային կյանքը, մարդու իրավունքները»։
Դեսպան Սխերմերսը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, նշել, որ մեծ ուրախությամբ է ստանձնել Հայաստանում դիվանագիտական առաքելություն իրականացնելու առաջարկն ու առանձնացրել այն առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ համագործակցելու հեռանկար կա՝ իրավունքի գերակայություն, ժողովրդավարության ամրապնդում։
Նախարար Բադասյանը Նիդերլանդների դեսպանին ներկայացրել է դատաիրավական ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզը, արդեն իսկ գրանցած ձեռքբերումներն ու կարեւորել այդ նպատակով միջոցառումներ իրականացնելու համար Եվրամիության կողմից Հայաստանի կառավարությանը հատկացված 9 մլն եվրո աջակցությունը։
Անդրադառնալով 2020 թվականին Նիդերլանդների Թագավորություն կատարած այցին ու դրա արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին՝ նախարար Բադասյանը դրանցից հատկանշական է համարել Եվրաջասթի հետ համագործակցության համաձայնագրի ստորագրման բանակցությունների, ՀՀ ոստիկանության եւ Եվրապոլի միջեւ համագործակցության իրավական շրջանակ նախատեսող փաստաթղթի կնքման ուղղությամբ տարվող աշխատանքները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ պրոբացիայի եւ քրեակատարողական ոլորտներում համագործակցության խորացման հնարավորությունները։
Կողմերն արդյունավետ փոխգործակցության պայմանավորվածություն են ձեռք բերել։