Եթե Արմեն Սարգսյանը ստորագրի Օնիկ Գասպարյանի ազատման առաջարկը, ապա բանակը չպետք է ենթարկվի անօրինական հրամանի։ Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, Բաղրամյան պողոտայում՝ լրագրողների հետ զրույցում, հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
«Ես համոզված եմ, որ Արմեն Սարգսյանն առարկությամբ հետ կուղարկի փաստաթուղթը, հակառակ դեպքում կստացվի Ալիևի ասածը, որ Հայաստանը մահացած է և այլևս ոտքի չի կանգնի։ Այնուամենայնիվ, եթե այդպիսի բան չլինի, բանակը չպետք է ենթարկվի անօրինական հրամանի»,- ասաց Վազգեն Մանուկյանը։
Վազգեն Մանուկյանը կոչ արեց ոստիկանությանը և ԱԱԾ-ին միանալ բանակին։
«Կպահանջեն հրաժարական, թե ոչ, դա իրենց գործն է, բայց սատար թող կանգնեն բանակին։ Եվ ես համոզված եմ, որ հենց այսօրվա ընթացքում իրենք սատար կկանգնեն բանակին։ Նիկոլ Փաշինյանի հենարաններն իրար հետևից վայր են ընկնում։ Երբ բոլոր հենարանները կոտրվեն, «Իմ քայլը» խմբակցության հենարանն ինքնիրեն կկոտրվի»,- նշեց Մանուկյանը։