f

Անկախ

Հակազդելով Թուրքիային՝ Իրանը ցանկանում է տնտեսական ակտիվություն ցուցաբերել Հայաստանում և ընդհանրապես Հարավային Կովկասում․ իրանագետ


Մինչ Հայաստանում զբաղված էինք քարոզարշավով և արտահերթ խորհրդարանական ընտրություններով, հարևան Իրանում ևս ընտրություններ տեղի ունեցան։ Իրանի նոր նախագահն է դատական իշխանության ղեկավար, պահպանողական թևի ներկայացուցիչ,  61-ամյա Էբրահիմ Ռայիսին։ Նա իսլամական հեղափոխությունից ի վեր  տարբեր պաշտոններ է զբաղեցրել պետական համակարգում։  Լուրեր են շրջանառվում, որ հենց Ռայիսին է լինելու հաջորդ հոգևոր առաջնորդը (ունի հոգևոր կրթություն)։ Իսկ առայժմ նա երկրի ղեկին է որպես նախագահ։

Ի՞նչ փոփոխություններ են հնարավոր Իրանի ներքին և արտաքին քաղաքականությունում նոր նախագահի օրոք և ի՞նչ սպասել հայ-իրանական հարաբերություններից․ այս և այլ հարցերի մասին է «Անկախը» զրուցել իրանագետ Գարիկ Միսակյանի հետ։

-Պարոն Միսակյան, Իրանն ունի նոր նախագահ։ Պահպանողական նախագահի օրոք արդյոք կփոփոխվե՞ն Իրանի ներքին և արտաքին քաղաքական առաջնահերթությունները։

-Իրանում  արտաքին քաղաքական առաջնահերթությունները սահմանվում են  ոչ անմիջապես երկրի նախագահի կողմից։ Այդ հարցում   որոշիչ դերակատարություն ունի հոգևոր առաջնորդը և նրա գրասենյակը։ Իսկ նախագահի  ինստիտուտը և արտաքին գործերի նախարարությունը հիմնականում այդ առաջնահերթություններն իրականացնող մարմիններն են։

Ասվածի  վառ օրինակ՝  Վիեննայում ընթացող բանակցությունները  սկսեց Հասան Ռոուհանիի կառավարությունը, իսկ հիմա կշարունակի Ռայիսին։  Օրերս ԱԳ նախարարը և փոխնախարարը մի քանի ժամանոց հանդիպում են ունեցել նորընտիր նախագահի հետ, նրան ներկայացրել բանակցությունների ընթացքը և ձեռք բերված պայմանավորվածությունները։ Սա նշանակում  է, որ Իրանի նոր կառավարությունը շարունակելու է նույն քաղաքական գիծը, ինչ եղել է Հասան Ռոուհանիի օրոք։

 Իսկ ահա ներքին, հատկապես   տնտեսական ոլորտում  Իրանի նախագահները միշտ որդեգրում են իրենց սեփական քաղաքականությունը, իհարկե, նույն հոգևոր առաջնորդի և նրա  գրասենյակի հետ համաձայնեցնելով։

Ի՞նչ փոփոխություններ են հնարավոր արտաքին քաղաքականությունում։ Եթե դատենք Իրանի նախկին պահպանողական նախագահների վարած քաղաքականությունից և ընդհանրապես պահպանողական քաղաքական ուղղվածության դիրքորոշումից, ապա կարելի է ենթադրել, որ կարող է փոխվել տարածաշրջանի երկրների  հանդեպ  վարվող  քաղաքականությունը։ Ռոուհանին վարում էր զրո խնդիր հարևանների հետ քաղաքականությունը՝ փորձելով  զարգացնել տնտեսական համագործակցությունը, ինչն արդյունավետ  չեղավ Թրամփի  սահմանած պատժամիջոցների պարագայում։

Իսկ պահպանողականները  սովորաբար  ավելի կոշտ դիրքորոշում են որդեգրում,  հատկապես Իսրայելի և Արևմուտքի հետ  շատ սերտ համագործակցող պետությունների հանդեպ։ Այսինքն այս  առումով որոշակի փոփոխություններ են հնարավոր Ադրբեջանի   հետ հարաբերություններում, քանի որ իսրայելական  ներկայությունը Ադրբեջանի տարածքում վերջին շրջանում մեծացել է։ Իրանն անհանգստությամբ է հետևում հատկապես պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում իսրայելական ներդրումների, խելացի քաղաքներ կառուցելու մասին լուրերին։  Կարելի է եզրակացնել, որ Իրանը սկսելու է պայքարել դրա դեմ, նաև որոշակիորեն կարող է փոխվել Ադրբեջանի հանդեպ այս լոյալ վերաբերմունքը, որ կար Ռոուհանիի օրոք և որը պայմանավորված էր տնտեսական օգուտներով։

-Իսկ ինչպիսի՞ն կլինեն Իրանի և Թուրքիայի հարաբերությունները։ Վերջին շրջանում Թրամփի պատժամիջոցների ազդեցությամբ այս երկու  երկրների հարաբերությունները բավականին ջերմացել են, չնայած առկա հակասություններին։

-Իրան-Թուրքիա հարաբերությունները տարածաշրջանում կարելի է բնութագրել որպես գործընկերային, բայց նաև մրցակցային։ Այսինքն այս երկու երկրները որոշ դեպքերում համագործակցում են տնտեսական ոլորտում, բայց նաև երբեք չեն դադարում  լինել մրցակիցներ տարածաշրջանում և իսլամանական աշխարհում։

Եթե Թուրքիան փորձի իր ռազմական և  տնտեսական ներկայությամբ Ադրբեջանից   լիովին դուրս մղել Իրանին, ապա Իրանը հակաքայլեր կձեռնարկի։

Նշեմ, որ Իրանում քննարկվում են  տնտեսական ներդրումների միջոցով Հարավային Կովկասում իրենց  ազդեցությունը  մեծացնելու հեռանկարները, ինչին, կարծում եմ, հետևելու է Ռայիսիի կառավարությունը։  Հարավային Կովասում Թուրքիայի աճող ազդեցության ու ներկայության դեմ Իրանը  պայքարելու  է   սեփական տնտեսական ներկայությամբ։

-Իրանի նորընտիր նախագահ Ռայիսիի մասին խոսելիս փորձագիտական շրջանակները նշում են, որ նրա աքիլլեսյան գարշապարը արտաքին քաղաքականությունն է։ Այս հանգամանքն ինչ-որ նշանակություն ունի՞, թե՞ զուտ պատահականություն է։

-Նախ,  պիտի  սպասենք՝ Ռայիսին  որոշի, թե ովքեր են լինելու իր կառավարության անդամները։ Արտաքին գործերի նախարարի գործոնից  է շատ բան կախված։ Սակայն Իրանի Իսլամական Հանրապետության պարագայում դժվար է ակնկալել, որ կարող է ինչ-որ ոչ պրոֆեսիոնալ մարդ լինել արտաքին քաղաքականության ղեկին։

Իսկ Ռայիսիի հիմնական գործունեությունը դատական համակարգում է եղել, սակայն ունի նաև կառավարման մեծ փորձ և  մշտապես ներկայություն է ունեցել Իրանի քաղաքական համակարգում՝ սկսած իսլամական հեղափոխությունից մինչև մեր օրեր։ Նա  նախագահ է, որի հանդեպ դրական են տրամադրված և Իրանի զինված ուժերի բոլոր ներկայացուցիչները, և հոգևոր առաջնորդը, և խորհրդարանը։

-Հայտնի դարձավ, որ մոտ հազար ոլորտներում Իրանի դեմ պատժամիջոցները պիտի չեղարկվեն։ Ի՞նչ է սա նշանակում։  Արդյոք Արևմուտքը փոխո՞ւմ է իր մարտավարությունը և փորձելու է փափուկ ուժով հասնել գունավոր հեղափոխության իրականացման։

-Իրանի տարածքում որևէ հեղաշրջման կամ հեղափոխության փորձ ներկա փուլում բացառվում է։ Իսկ Վիեննայի բանակցությունների առումով բոլոր կողմերից կա դրական արձագանք։ Իմ կարծիքով, այս բանակցությունները վերջնական դրական արդյունքի կհասնեն, սակայն երբ և ինչ հանգամանքերում, պետք է սպասենք։

 Կա  դրական գործընթաց, որը վերաբերում է Թրամփի պաշտոնավարման շրջանում սահմանված պատժամիջոցների չեղարկմանը։ Բայց  սա չի նշանակում, որ ԱՄՆ-Իրան հարաբերությունները լինելու են բարեկամական, փոխվում է ընդամենը Թրամփի ռադիկալ՝ Իրանի հանդեպ առավելագույն ճնշումների  քաղաքականությունը, որն արդյունավետ չեղավ․ այդ ժամանակահատվածում, չնայած տնտեսական դժվարություններին, Իրանը մեծացրել է իր ազդեցությունը տարածաշրջանում։

-Այսինքն կարծեք  Բայդենը  Օբամայի քաղաքականությունն է փորձում շարունակել, ոչ թե Թրամփի։

-Մոտավորապես այո, Թրամփի քաղաքականությունը շարունակել չեն ցանկանում և Իրանի հետ փորձում են բանակցել, որպեսզի նա  հետ գա Միջուկային համաձայնագրի  իր պարտավորություններին։ Վիեննայում որոշակի դրական տեղաշարժ լինելու է, և այդպիսով որոշակիորեն նվազելու է լարվածությունն Իրանի շուրջ, որը կար տարածաշրջանում վերջին շրջանում։

-Մի կողմից ենթադրվում է, որ պահպանողականների օրոք Արևմուտքի հանդեպ կորշտ հռետորաբանություն է կիրառվելու, մյուս կողմից էլ Արևմուտքը զիջումներ է ակնկալում Միջուկային համաձայնագրի շրջանակներում։ Այս երկու գործընթացները որքանո՞վ են համատեղելի Ձեր կարծիքով։

-Կողմերը խաղաքարտերը բարձրացնելով փորձում են հասնել առավելագույնին՝  և Իրանը,  և ԱՄՆ-ն։  Ինչ  վերաբերում է պահպանողականների հռետորաբանությանը, այն միշտ կոշտ է եղել ԱՄՆ և  Իսրայելի նկատմամբ՝ նաև  պայմանավորված   ԱՄն և Իսրայելի վարած քաղաքականությամբ։  Եթե ԱՄՆ-ն փորձում է առավելագույն ճնշման քաղաքականությունն Իրանի նկատմամբ փոխել, ապա կարծում եմ՝ Իրանը որոշակիորեն իր հռետորաբանությունը կվերանայի ԱՄՆ հանդեպ ։

Նշեմ, որ Իրանի արտաքին քաղաքականության պարագայում պետք է փաստել, որ հռետորաբանությունը ոչ միշտ է համարժեք իրական գործողություններին, կարող են հռետորաբանության մակարդակում շատ կոշտ լինել, բայց բանակցային գործընթացը հասցնել արդյունքի։

-Իրանում ընտրություններին ընտրողների մոտ կեսն է մասնակցել, ինչը հիմք է տվել արևմտյան լրատվամիջոցներին պնդելու, որ Ռայիսին չունի ներքին լայն աջակցություն, հետևաբար նաև լեգիտիմություն։ Արդյո՞ք դա այդպես է, պարոն Միսակյան։

-Ընտրություններին մասնակցությունը այս անգամ պասիվ էր այն պատճառով, որ բարեփոխիչների լուրջ թեկնածու չկար։ Սակայն  Ռայիսիի քվեները  բավականին շատ են եղել՝   մոտ 18 մլն։ Դատելով Իրանի իշխանության  համակարգի տարբեր ճյուղերի վերաբերմունքից Ռայիսիի հանդեպ և ընդհանրապես նաև քաղաքական դաշտի վերաբերմունքից՝  նա ունի բավական լեգիտիմություն  Իրանում իր քաղաքականությունը վարելու համար։

Իրանի հանրության պահպանողական հատվածը, որը մեծ թիվ է կազմում, աջակցում է  Ռայիսիին ամբողջությամբ, նաև բարեփոխիչների հատվածի մեծամասնությունը, այն մարդիկ, որոնք չեն գնացել քվեարկության, այդքան էլ  դեմ չեն Ռայիսիի իշխանությանը, այսինքն Ռայիսին ունի բավականաչափ հասարակական աջակցություն ներկա պահին։

Պնդումները, որ նա չունի բավականաչափ լեգիտիմություն, հենց այդ փափուկ ուժի գործիքակազմերից մեկն է, որ կիրառում է Արևմուտքը։

-Անդրադառնանք հայ-իրանական հարաբերություններին։ Վերջին տարիներին երկու երկրների հարաբերությունները փաստացի «լավ օրեր չեն ապրում»։ Ի՞նչ կարող ենք ակնկալել այս ոլորտում՝ հաշվի առնելով, որ Հայաստանում ընտրությունների արդյունքում իշխանությունը չի փոխվել։

-Եթե դատելու լինենք Արցախյան պատերազմից հետո Իրանում տիրող կարծիքներից և ԶԼՄ ու  փորձագիտական հրապարակումներից, ապա Իրանում կա ցանկություն հետպատերազմյան շրջանում տնտեսական ակտիվություն ցուցաբերել Հայաստանում և ընդհանրապես Հարավային Կովկասում։ Նրանք չեն  ցանկանում այս տարածաշրջանում թուրքական ազդեցության աճ և փորձում են դրան հակակշռել սեփական տնտեսական ներկայությամբ։  Երկրորդ, Իրանը բավականին անհանգստացած է Սյունքի մարզի շուրջ  տեղի ունեցող զարգացումներով։

Կարծում եմ, ավելի հստակ այս մասին կարելի է խոսել, երբ երկու երկրներում ձևավորվեն կառավարությունները և հայտի դառնա երկկողմ հարաբերությունների  օրակարգը, ինչը կարծում եմ, պետք է բավականին  հագեցած լինի։

- Իրանն ի՞նչ լծալներ ունի՝ կանխելու  Սյունքիում իր համար ոչ ցանկալի սցենարների իրականացումը։

-Միջանցքի վերաբերյալ Իրանում  բացասական կարծիքներ կան։ Ընդհանրապես Իրանում բացասաբար են մոտենում  հայ-իրանական ցամաքային  կապի հանդեպ հնարավոր ոտնձգություններին։ Իսկ հակազդելու հիմնական գործիքակազմը ներկա պահին տնտեսական ներկայությունն է։ Եթե Իրանը խոշոր ներդրումային ծրագրեր իրականացնի Սյունքիում, նաև այդ առումով պարտավորվելու է պահպանել իր ներդրումներն  այդ տարածքում։

-Որպեսզի թվարկածը կյանքի կոչվի, հայկական կողմն էլ պետք է նման ցանկություն ունենա և նախաձեռնողականություն դրսևորի։ Ձեր կարծիքով՝ ունե՞նք նման ցանկություն։

-Դատելով Հայաստանում վերջին շրջանում  Իրանի հետ ռազմավարական համագործակցության վերաբերյալ հնչող հայտարարություններից՝ կարծում եմ, որ Հայաստանում էլ կա այդ ցանկությունը, հատկապես արցախյան պատերազմից հետո, երբ հստակ դարձավ, թե ինչ կարևորություն ունի Հայաստանի հարավային սահմանը։

 

Իրան Իրանագետ հայ-իրանական հարաբերություններ Սյունիքի մարզ Սյունիքի անվտանգություն Գարիկ Միսակյան Էբրահիմ Ռայիսի հարցազրույց

Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ավելին
Ավելին