f

Անկախ

Ծաղկաբերդ․ թռիչքային զարգացման սկզբնակետին հասած գյուղը, որ մնաց թշնամուն


Արցախի Քաշաթաղի շրջանի Ծաղկաբերդ գյուղը (Բերձորից 30 կմ, իսկ Ստեփանակերտից 80 կմ հեռավորության վրա գտնվող գյուղ Հագարի գետի ափին) 2020-ի պատերազմից առաջ ուներ 220 բնակիչ։ Այն Արցախի՝ ինքնաֆինանսավորման անցած առաջին գյուղերից մեկն էր,   ուներ արևային էներգիայով գործող գիշերային լուսավորություն, նորակառույց դպրոց, իսկ ակումբագրասենյակային համալիրը (մշակույթի պալատ և համայնքապետարան) նորագույն տեխնիկայով և գույքով, 100 հոգու համար կահավորված դահլիճով, խաղասրահով 2019-ին էր շահագործման հանձնվել։ Պատերազմից առաջ էլ խոշոր ՀԷԿ էր կառուցվել, ջրագիծ էր անցկացվել, որպեսզի բնակիչները մշտական տաք և սառը ջրով ապահովվեին․ հույս ունեինք, որ վերջապես երկու ձեռքով կլողանանք, կատակում են նրանք։ Բայց վրա հասավ պատերազմը։ Հոկտեմբերի 19-ին թշնամու զորքերը մտան գյուղ։ Իսկ բնակիչները հազիվ կարողացան հեռանալ գյուղից՝ տեղում թողնելով իրենց տարիների քրտինով ստեղծած ունեցվածքը։

Գյուղի բնակեցման, շենացման և կորստի  պատմությունն «Անկախի» հետ զրույցում ներկայացրել է գյուղի առաջին բնակիչներից Ազատ Եղոյանը։ Նա 1997-2019թթ․ եղել է Ծաղկաբերդի գյուղապետը։

Ծաղկաբերդի բնակեցումը

Դեռ 1988-ից ակտիվ մասնակցություն եմ ունեցել Ղարաբաղյան շարժմանը, եղել եմ Սահմանադրական խմբերի միության անդամ։ Մասնագիտությամբ ճանապարհաշինարար եմ։ Ուսանողական շինջոկատով Սպիտակաշենն էինք վերականգնում՝ սահմանային վերջին գյուղն էր, միաժամանակ նաև ինքնապաշտպանություն էինք իրականացնում։ Ինձ ձերբակալեցին, տարան Շուշի, հետո Ստեփանակերտ, հետագայում ազատ արձակեցին։ Ճանապարհին Ծաղկաբերդի մոտով անցանք։ Ու իմ մեջ տպավորվեց այդ գեղեցիկ տեսարանը, բարդիները, բնությունը։

Իսկ դիպլոմայինի պաշտպանության շրջանակներում Ազոխում ասֆալտի գործարան հիմնեցինք, մինչև Տող գյուղ ճանապարհ կառուցեցինք։ Ուզում էինք ճանապարհներ կառուցել, որոնք թուրքերի բնակավայրերով չէին անցնի։ Բայց թշնամին 14 գյուղ գրավեց և մեր գործարանը ողջ տեխնիկայով մնաց նրանց ձեռքում։

Հետո տեղափոխվեցի Երևան, որոշ ժամանակ աշխատեցի Էրեբունու շրջխորհրդում։ Բայց այդպես էլ չհամակերպվեցի Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ  այն ժամանակվա քաղաքական ղեկավարության վարած քաղաքականության հետ։ Ու երբ իմացա, որ Ալեքսան Հակոբյանը Քաշաթաղի վերաբնակեցում է նախաձեռնել, որոշեցի տեղափոխվել Քաշաթաղ։ Իսկ բնակության համար ընտրեցի գյուղը, որի բնապատկերները  դրոշմվել էին հիշողությունումս։ Ծնողներիս, քրոջս ու եղբորս հետ Ծաղկաբերդ ենք տեղափոխվել 1994-ի ապրիլի 3-ին, այն ժամանակ, երբ դեռ պատերազմը չէր էլ ավարտվել։

Գյուղի վերաբնակները հիմնականում Չարենցավանից էին և Գորիսից։ Միայն մենք էինք Երևանից։

Դժվարություններին դիմացել ենք ու գյուղը ծաղկեցրել, քանի որ գիտակցում էինք՝ մեր հայրենիքն է

Այսօր, եթե մարդկանց նման պայմաններում առաջարկես աշխատել և գյուղ հիմնել, ոչ մեկը չի գնա։ Գյուղը պատերազմի ընթացքում 3 անգամ ձեռքից ձեռք էր անցել, չորս կողմից ականապատված էր։  Մինչև 2020թ․ գյուղի տարածքն ականազերծում էին, բայց դեռ չէին ավարտել։ Եվ շատ մարդիկ ու կենդանիներ են ականների վրա պայթել։ Առաջին  տարիներին ասում էին՝ աջ գնալ չի կարելի, ձախ գնալ չի կարելի, միայն ճանապարհով դեպի Բերձոր։

Գյուղում էլեկտրականություն չկար, մեքենա չկար, վարարած գետը կամուրջը քշեց, տարավ և միակ ճանապարհից էլ զրկվեցինք։ Ոչինչ չկար։ Տարածքում շրջում էինք, որ թուրքի թողած կարտոֆիլի սերմ գտնենք, ցանենք։ Կիլոմետրերի վրա կարող է որևէ շինանյութ գտնեինք, օրինակ, շիֆեր, ու շալակած ժամերով ճանապարհ անցնեինք, որ տուն սարքեինք։

Մարդկանց ձեռքին, անգամ եթե փող կար, խանութ չկար, որտեղից կարելի էր առաջին անհրաժեշտության իրեր, մթերքներ գնել։ Ստացած բերքը ձեռնասայլակով  13 կմ տանում էինք քարքարոտ ճանապարհներով, որ հասնեինք Կոռնիձոր, փոխանակեինք ալյուրի հետ ու նորից նույն ճանապարհով գյուղ վերադառնայինք։ Բոլորս քաղաքաբնակներ էինք, գյուղատնտեսությունից անտեղյակ, ուղղորդող էլ չկար, որ գոնե մի քիչ հեշտ լիներ նոր պայմաններին հարմարվելը, ապրուստ ստեղծելը։ Մարդկանց կեսը չդիմացավ և հեռացավ՝ 5-6 հարյուր բնակիչ կար սկզբնական շրջանում։ Բայց 2020-ին արդեն ունեինք 220 բնակիչ և 57 երեխա։

1994-ի սեպտեմբերի 1-ին սկսեց գործել գյուղի դպրոցը․ 4 սենյականոց բնակարան էր, որտեղ դասասենյակը 32 քմ էր։ Մեկ դասասենյակում 3 գրատախտակ էր տեղադրված և 3 ուսուցիչ միաժամանակ դաս էր անում։ Ուսուցիչ էլ չունեինք։ Դպրոցը գերազանցությամբ ավարտածներին ուսուցիչ էինք նշանակում։ Հետո քիչ-քիչ կարգավորվեց, մասնագետներ ունեցանք, 2002-ին էլ նոր դպրոց կառուցեցինք։

Նման դժվարություններին դիմացել ենք ու գյուղը ծաղկեցրել, քանի որ գիտակցում էինք՝ մեր հայրենիքն է, պետք է բնակեցնենք։ Նաև ապագա էինք տեսնում, մեր ընտանիքների ապագան այդ բնակավայրում։  

Մեր գյուղն էր, սրտացավ էինք

Ծաղկաբերդ գյուղը սկզբում ուներ 1 աշխատող՝ համայնքի ղեկավարը, որը  5-6 հազար դրամ աշխատավարձ էր ստանում, հետո  30 հազար, վեջերս էլ դարձել էր 120 հազար դրամ։ Բայց  վերջին տարիներին աշխատակազմն արդեն ընդլայնվել էր՝ 4-5 աշխատող կար։

Երբ հողատարածքների տնօրինումը տվեցին համայնքներին,  մեր համայնքն  իր ամբողջ տարածքները  սկսեց կադաստրով անցկացնել, գրանցել և մենք հասանք նրան, որ 2007-ին պետությունից  ֆինանսական աջակցություն ստացանք մեր բյուջեի ընդհանուր հնարավորության 10 տոկոսի չափով՝ մի քանի հարյուր հազար դրամ, դրանից հետո 2008-ից արդեն ամբողջությամբ կարողացանք մեր  ֆինանսական հարցերը լուծել  և նաև որոշակի գումար կուտակել՝  փոքր զարգացման ծրագրեր իրականացնելու համար։ Մենք եղանք  Արցախի առաջին համայնքը, որ ինքնաֆինանսավորման էր անցել։ Մեր հնարավորության սահմաններում  գյուղում ծրագրեր ենք իրականացրել՝ ջրագծի մաքրման աշատանքներ, ճանապարհների շեբենապատում։ 7 տարի շարունակ գյուղի խնայողությունները տրամադրել ենք 300 քմ տարածքով ակումբագրասենյակային համալիրի կառուցմանը։ Պետությունը շենքի կառուցումը 50 մլն էր գնահատել, մենք 15-ով կառուցեցինք։ Գույքը ինքներս Իրանից բերեցինք, որ էժան լիներ։ Ափսոս, չհասցրեցինք օգտագործել։

Մեր ուժերով ոռոգման ջրի հարցն ենք լուծել։ 1998-ին վարչակազմից կանչեցինք, որ ոռոգման ջրի խնդրին լուծում տան, ասացին, որ փող չկա։ Մենք ջրանցքի մաքրման հարցը լուծեցինք՝ ծախս կատարելով միայն դիզվառելիքի վրա․ ունեինք չաշխատող տրակտոր, այն առաջարկեցինք մեկ այլ տրակտորիստի հարևան բնակավայրից, նա էլ պարտավորվեց դրա դիմաց 3 անգամ անվճար մաքրել ջրանցքը։ Արդյունքում 9 տարի ջրանցքն  անխափան գործել է, համայնքն էլ ընդամենը մաքրման աշխատանքների համար դիզվառելիքի ծախսն է հոգացել։ Մեր գյուղն էր, սրտացավ էինք, ամեն խնդիր փորձում էինք անձնական կապերով ու համատեղ ջանքերով լուծել։

Մոտ 1 մլն դրամով գյուղում գիշերային լուսավորություն անցկացվեց,այն էլ արևային էներգիայով գործող, որ հետագա այլ ծախսեր չլինեն։

Գյուղն ապրում ու զարգանում էր գյուղատնտեսության շնորհիվ։ Մեր գյուղը տալիս էր այնքան հացահատիկ, որ կբավարարեր Երևանի 3 օրվա հացի պաշարը։ Մենք 10-15 տարվա մեր փորձի, սխալների ու ինքնակրթության շնորհիվ էինք հասել նման արդյունքի, չնայած, եթե հենց սկզբից պետությունը մասնագետներ տրամադրեր, մեզ ուղղորդեր, 1-2 տարում այդ արդյունքին կարող էինք հասնել։

Չմշակվող վարելահող չկար Քաշաթաղում, մարդիկ անգամ ձորերն ու արոտավայրերն էին վարում և մշակում։ Համատեղ տեխնիկա, գործիքներ  էինք ձեռք բերել, որ կարողանանք բերքի ինքնարժեքը նվազեցնել և մրցունակ լինել։ Հեկտարներով այգիներ էին հիմնվել, որոնք արդեն բերքատու էին։

Մարդիկ հաց ու պանիր էին ուտում, որ իրենց եկամուտը ներդնեն, այգիներ ու ֆերմաներ հիմնեն։ Մարդկանց գիտեմ, որ ՀՀ-ում իրենց տունը և նույնիսկ  2 տունը  վաճառել են, Ծաղկաբերդում ներդրում են արել, հետո էլ ամեն ինչ ստիպված թողել են թուրքին։ Հիմա ոչինչ չունեն։

Օրինակ, ես մտածելով, որ չեմ կարող ներդրում անել հողի վրա, եթե այն իմը չէ, մինչև 2019 թ․ անընդհատ ներդրում եմ արել՝ փողով սեփականաշնորհելով  եմ հողատարածքները։ Իմ եկամուտն ամեն տարի  դրել եմ, հող եմ գնել, քանի որ ուզում էի անասնապահությունը դաշտավարությամբ փոխել։ Իսկ հողը պետք է քարերից մաքրել,  մոլախոտերից մաքրել, պարարտացնել։ 2019-ին գնեցի, վերջացրեցի, 2020-ին էլ թողեցինք թուրքին, եկանք։ Բայց ներդրումները հասցրել էի այն աստիճանի, որ իմ հողն անգամ երաշտի պայմաններում շատ բարձր բերք էր տալիս։

10 հազար հատ միայն  նռան ծառ եմ տնկել, որոնք արդեն բերքատու էին, կաթիլային ոռոգմամբ ինտենսիվ այգի էի  հիմնել։ Հարյուրավոր անասուններ, պահեստներում կուտակված  բերքը, սերմնացուն,  պարարտանյութերը, ամեն բան մնաց թշնամուն։

Հասել էինք զարգացման սկզբնակետին, թռիչքաձև զարգացում էր սպասվում ու ամեն ինչ թողեցինք, եկանք։

Շարունակելի

Լուսանկարները՝ ԱՀ Քաշաթաղի շրջանի Ծաղկաբերդ գյուղի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից

Քաշաթաղ Ծաղկաբերդ Արցախյան հիմնախնդիր 44-օրյա պատերազմ խմբագրի ընտրանի կորսված հայրենիք

Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
Ավելին
Ավելին