Ադրբեջանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 105 նոր դեպք է գրանցվել, իսկ ընդհանուր վարակվածների թիվը հասել է 822-ի։ Այդ մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը՝ հղում անելով նախարարների կաբինետի քարտուղար Իբրահիմ Մամեդովին: Գրում է Gazeta.ru-ն։
«Այսօր գրանցվել է կորոնավիրուսով վարակման 105 նոր դեպք։ Դա հուշում է այն մասին, որ վարակման դեպքերի թիվն աճում է», - հայտարարել է Մամեդովը։
Հաղորդվել է նաև կորոնավիրուսի հետևանքով ութ մահացածների և 63 բուժվածների մասին։
2019թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին։ Հիվանդության հարուցիչ նոր տեսակի կորոնավիրուսն է դարձել, որին տրվել է COVID-19 պաշտոնական անունը։
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին։