f

Անկախ

Կրթության զարգացման պետական ծրագրի համաձայն  2030-ին դրախտային կրթություն ենք ունենալու․ փորձագետը ծրագրի իրատեսականության, ուժեղ և թույլ կողմերի մասին


8 տարի անց ՀՀ բոլոր բնակավայրերում կգործեն նախադպրոցական ծառայություններ, որոնք հասանելի կլինեն համայնքի յուրաքանչյուր ընտանիքի, բոլոր խոշորացված համայնքներում կգործեն մսուր-մանկապարտեզներ, բոլոր դպրոցները կունենան պատշաճ կահավորանք, արդիական սարքավորումներ, մանկավարժի, դասախոսի գործունեությունը կլինի պատշաճ վարձատրվող և հասարակական հեղինակություն վայելող մասնագիտություն, կրթական համակարգի յուրաքանչյուր շրջանավարտ կունենա մասնագիտական որակավորում, որը հնարավորություն կտա նրան կարճ ժամանակում ձեռքբերել արժանապատիվ աշխատանք կամ սկսել սեփական բիզնեսը, ՀՀ-ում գործող առնվազն չորս բուհ ընդգրկված կլինի միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի մեջ, ուսումնարանը, քոլեջն ու բուհը ավարտելուց հետո, ըստ մասնագիտության, աշխատանքի կանցնեն շրջանավարտների 90%-ը,Հայաստանի բարձրագույն կրթությունը ձեռք կբերի այնչափ միջազգային հեղինակություն, որ օտարերկրյա ուսանողների թիվը կրկնապատկվի:

Այս և նման բազմաթիվ այլ հավակնոտ խոստումներ է պարունակում ՀՀ կրթության մինչև 2030թ․ զարգացման պետական ծրագիրը։ Օրենքի նեխագիծը ներկայում հանրային քննարկումների փուլում է։ «Անկախը» զրուցել է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ՝ պարզելու, թե որքանով է իրատեսական նման հավակնոտ ծրագրի իրագործումն առաջիկա 8 տարիներին։

-Պարոն Խաչատրյան, ԿԳՄՍ նախարարությանը 7 տարի պահանջվեց՝ մշակելու և հանրային քննարկման ներկայացնելու ՀՀ կրթության մինչև 2030թ․ զարգացման պետական ծրագիրը, այն իրականում 2015-2030թթ․ համար պետք է գործեր։ Հաշվի առնելով, թե որքան ժամանակ է պահանջվել ծրագիրը մշակելու համար՝ արդյո՞ք այն հղկված ու ամբողջական փաստաթուղթ է։

-Որոշ հատվածներ հղկված են։ Օրինակ՝  սկզբի մասը, որտեղ նշվում են խնդիրները։ Փաստաթղթի մոտ 60 տոկոսը կրթական համակարգի դիագնոստիկան է․ ներկայացվում է, թե ինչ խնդիրներ ունենք, բերվում է վիճակագրություն։ Իհարկե, դրանք հիմնականում ավելի երևացող խնդիրներն են։ Մենք բազմաթիվ ավելի խորը խնդիրներ  ունենք։ Այնպես չէ, որ բոլոր խնդիրներն են նշված։ Բայց կրթական քաղաքականության մեջ տարածված խնդիրները փաստաթղթում նշված  են։ Սակայն բավական հում է ստացվել սկզբունքների մասը։ Իսկ արդյունքների մասը, թե ինչ ենք ուզում ստանալ, բավական հավակնոտ է ստացվել։

Ընդհանրապես, լավ ռազմավարությունը պետք է երեք բաղկացուցիչ ունենա։ Առաջինը՝ պետք է տա իրավիճակի և առկա  խնդիրների դիագնոստիկան։ Սա կա։ Երկրորդ մասում  պետք է  ներկայացնի մեխանիզմները, խթանիչ ուժերը, որոնցով կարողանալու է նշված խնդիրները լուծել։ Ռազմավարությունը կարդալիս պետք է հասկանալի լինի՝ ինչպես ենք կարողանալու համակարգի  ձեռքբերումների վրա հենվելով թափանիվը պտտել և դուրս գալ այդ իրավիճակից։ Եթե այդ մասը համոզիչ չեղավ, առաջին մասը կմնա որպես զուտ  խնդիրների փաստագրում։ Մինչդեռ երկրորդ մասում գրված են հերթապահ բառեր, որոնք ինձ չեն համոզում, որ դրանցով առաջնորդվելիս առկա խնդիրները կլուծենք։

Ռազմավարության երրորդ բաղադրիչը գործողություններն են, որն այս պարագայում լինելու է առանձին փաստաթուղթ, որովհետև այս ծրագիրը հաստատվելու է որպես օրենք ԱԺ-ում, հետո դրա հիման վրա կառավարությունն  ընդունելու է ծրագրից բխող գործողությունների ծրագիր։ Այս փուլում այդ ծրագրից  ակնկալվում էր ընդամենը  ցույց տալ ռազմավարության օպերացիոն համակարգը՝ ի՞նչ ես անելու, որ այս վիճակից պոկվես ու թափանիվը սկսի քեզ առաջ տանել։

-Մեր կրթական համակարգը 2015-ից ի վեր առաջնորդվել է առանց զարգացման ծրագրի։ Այս ընթացքում ի՞նչ կորուստներ ենք ունեցել։

-Կորուստները  շատ մեծ են եղել, քանի որ համակարգը մեծամասամբ ընթացել է իներցիայով, տիրել է անորոշություն։ Արվել են փոքր, ֆրագմենտար փոփոխություններ, որոնք առանձնապես շատ բան չեն տվել։  Ուսուցիչը, դասախոսը, ծնողը չեն հասկացել, թե  մենք ուր ենք գնում։ Բայց այս ռազմավարությամբ ևս այս հարցը բաց է մնում։ Այս փաստաթղթից ոչ մի կերպ չի երևում՝ մենք որ տեսակի պետության համար ենք գրում այս ռազմավարությունը՝ սա լիբեր՞ալ պետություն է, կոնսերվատի՞վ,  թե՞ ազգայնական։ Թիրախներն էլ շատ առումներով չեն տալիս այդ կոնցեպտը։ Մեզ պետք է  հասկանալ՝ այս կրթական համակարգը ինչ տեսակի հասարակության համար է պատրաստում քաղաքացի։  Սա ամենամեծ բացն է,  որի հետևանքով կրթության զարգացման պետական ծրագրերը միշտ կիսատ են մնում։ Բոլոր այն երկրները, որոնք կրթության ոլորտում հաջողության են հասնում, գիտեն  իրենց երկրի հստակ ուղղվածությունը և դրան համապատասխան կրթական համակարգ են ստեղծել։

-Պարոն Խաչատրյան, զարգացման այս ծրագիրը որքանո՞վ է իրատեսական։ 

-Շատ հավակնոտ թիրախներ են ընտրված։ Երբ կարդում եմ այդ փաստաթուղթը, ես չեմ համոզվում, որ իրոք կարող ենք սահմանված վերջնակետին հասնել այդ ձևով։ Մի շատ հայտնի անեկդոտի հետ եմ Հայաստանի կրթության համակարգը համեմատում։ Երկու հոգի աշխատում են, մեկը բահով հողը փորում է, մյուսը փորած հողը հետ է լցնում նույն փոսի մեջ։ Կողքից անցնողը զարմացած հարցնում է, թե ինչ են անում, աշխատանքի իմաստը որն է։ Ասում են՝ գիտեք, մենք ընդհանրապես երեք հոգով ենք աշխատում, մեկը փորում է, մյուսը ծառ է տնկում, երրորդը հողը հետ է լցնում, պարզապես այսօր այդ ծառ տնկողը հիվանդ է, չի եկել։ Հիմա  մեր կրթական համակարգն այդ վիճակում է, այսինքն մենք փորում ենք հողը, ցույց ենք տալիս խնդիրները,արդյունքների, նպատակների մասում հողը հետ ենք լցնում, կարծես ամեն ինչ լուծվեց, բայց որտե՞ղ է ծառը, որը պետք է աճի։ Մենք շատ լավ ասում ենք, թե որտեղ ենք և շատ ամպագորգոռ ասում ենք՝ ուր կարող ենք հասնել, բայց մենք ճանապարհը չենք տեսնում, մինչդեռ դա հիմնական բաղադրիչն է։ Այդ իմաստով շատ հարցեր ունեմ։ Օրինակ՝  արդյունքների  մասում ասվում է, որ ուսուցիչներն  արժանապատիվ աշխատավարձ կստանան և հասարակական հարգանք կվայելեն։ Եթե  30 տարի այս հարցը չենք կարողացել լուծել, որտեղի՞ց երաշխիք, որ 7-8 տարում ոչ միայն  արժանապատիվ աշխատավարձ կտանք, այլ նաև հասարակական հարգանքը կվերականգնենք։ Ի՞նչ պետք է անի նախարարությունը, որ մարդիկ սկսեն ուսուցիչներին հարգել։ 

Նախարարությունն ասում ՝ ազգային և համամարդակային արժեքներն են մեր սկզբունքները։ Այդ սկզբունքներով ինչպե՞ս է այս խնդիրը լուծելու։

Նույնը նաև համալսարանների առումով։ Ծրագիրը սահմանում է, որ 2030-ին  4 համալսարաններ  ընդգրկվելու են աշխարհի լավագույն 500 համալսարանների շարքում։

Շատ լավ է։ Բայց այս պահին մեր լավագույն համալսարանը ԵՊՀ-ն է, որը 800-1000-րդ  հորիզոնականում է։ Եթե 30 տարվա ընթացքում ընդամենը մի  համալսարան, այն էլ շատ հեռվից է մոտեցել լավագույն  500-յակին, այս 8  տարում այդ ի՞նչ պետք է անենք, որ  միանգամից 4 համալսարան 500-յակի մեջ ընդգրկվեն։ Ես չեմ ասում՝ անհնար է, բայց դրա համար լրջագույն ներդրումներ են պետք։ Եթե մենք մտածում ենք, որ  համալսարանների դասախոսներն  արտասահմանյան հեղինակավոր  ամսագրերում հոդվածներ գրելով ռեյտինգ կբերեն համալսարանին, դա  այդքան էլ ռեալ չէ։ Նախ, միայն այդպես հարց չի լուծվի։ Բացի այդ, էլի գրելու են այն մարդիկ, որոնք մինչև հիմա էլ գրել են, եթե  ինչ-որ կտրուկ փոփոխություններ չլինեն։ Դրա համար եմ ասում՝ պետք է ցույց տան, թե ինչ քայլերով դա հնարավոր կլինի։

Կամ նշվում է, որ բուհերի և քոլեջների շրջանավարտների 90 տոկոսն աշխատելու է իր մասնագիտությամբ։ Նախ՝ պարտադիր չեմ համարում, որ  մարդն աշխատի իր մասնագիտությամբ,  քանի որ հիմա շատ բաներ խառնվել են, շատ մասնագիտություններ նոր են ստեղծվում, ի վերջո մարդ կարող է փոխել իր մտադրությունը՝ մի բան սովորի, հետո մի այլ ոլորտում ուզենա աշխատել։ Գուցե քոլեջների դեպքում այո, քանի որ այնտեղ մարդուն տրվում է շատ կոնկրետ  որակավորում, օրինակ՝ խոհարար։ Եվ շրջանավարտն  այդ ոլորտում պետք է գնա աշխատի, և դրա պահանջարկը կա։ Բայց բարձրագույն կրթությունն այսօր այնքան լայն է։ Եթե ռոմանոգերմանական ֆակուլտետի շրջանավարտը մենեջեր աշխատի, դա կհամարեմ շատ լավ արդյունք, բայց ըստ այս ծրագրի դա վատ է, քանի որ իր մասնագիտությամբ չի աշխատում։ Այդ իմաստով շատ ճկուն է դարձել աշխարհը, և չեմ հասկանում, թե ինչու ենք նման մաքսիմալ թիվ դրել՝ 90 տոկոս։

-Դատելով այդ թվից՝  գործազրկություն էլ չենք ունենալու։

-Այո։ Այս ծրագրից ստացվում է, որ ամեն ինչ լավ է լինելու․ 2030-ին լրիվ դրախտային կրթություն ենք ունենալու։  Գուցե  պետք է հավակնոտ բաներ գրենք, որ կեսի կեսն անենք։ Բայց եթե գրում ես ու չես անում․․․։  Ինչո՞ւ այս ծրագիրն այսքան  ուշացավ։ Որովհետև նախորդը գրվեց և չիրականացվեց, այսնիքն մի բան գրվեց, մի այլ բան իրականացվեց, դրա համար այդ փաստաթուղթը ոչ մեկը ոչ կարդաց, ոչ էլ լուրջ ընդունեց։ 

-Դուք հավատո՞ւմ եք, որ 8 տարի անց ամբողջությամբ կամ մասմաբ կունենանք ծրագրով սահմանված արդյունքները։

-Այո, մասնակի կարող են իրականացվել։ Հնարավոր համարում եմ, որ  ԹԻՄՍ-ի  մյուս ստուգատեսում, որ լինելու է 2023-ին, մեր դպրոցականները 500-ի փոխարեն բերեն 520 միավոր։  Չնայած, իմ կարծիքով կորոնավիրուսի համավարակն  այնքան վնաս  է տվել  մեր կրթությանը, որ կարող է նաև ավելի ցածր հավաքենք։ Ես նաև այդ ռիսկն եմ տեսնում։ Այսօրվա  1-2-րդ դասարանցիների մոտ  անգրագիտության ցուցանիշները բավականին լուրջ են, հիմա այս երեխաները, երբ   4-րդ դասարանում ԹԻՄՍ-ի թեստը գրեն, վստահ չեմ, որ իրենք լավ արդյունք կունենան։

Վերջին տարիներին, երբ պետությունները մշակում են իրենց կրթության ռազմավարությունները, պարտադիր և շատ կարևոր փաստաթուղթ է իրականացման ճանապարհային քարտեզը, որովհետև աշխարհը հասկացել է, որ ռազմավարություն գրելը շարադրություն է, այսինքն հավաքվում են մասնագետներով ու շարադրում իրենց մտքերը։ Եթե կառավարությունը կամ ազգային  ժողովը դա հաստատում է, դրանով փաստաթուղթը իրականություն չի դառնում,  պետք է պլան, թե ոնց ես այդ հաստատածը տեսությունից վերածում պրակտիկայի։ 

-Տարիներ շարունակ խոսում ենք սովորողակենտրոն միջավայրի ստեղծման և կրթության արդյունավետության բարձրացման մասին։ Սակայն, դատելով փաստաթղթում ներկայացված խնդիրներից, այդ ամենը դեռ կյանքի չի կոչվել։ Փաստաթուղթն էլ որպես նպատակ է հռչակում սովորողակենտրոն միջավայրի ստեղծումը և կրթության արդյունավետության բարձրացումը։ Ձեր կարծիքով՝ նախորդ սխալներից դասեր քաղե՞լ ենք, որպեսզի այս անգամ կարողանանք ճիշտ ճանապարհով ընթանալ։ 

-Չեմ կարող ասել։ Բայց այս վերջին շրջանում դպրոցներին մոտենալու  ինչ-որ քայլեր ձեռնարկվում են։ Ցավոք, այսօր մարզպետարանները և նախարարությունը հիմնականում դարձել են գրասենյակային աշխատողներ, այսինքն իրենք կաբինետում նստած  Մալբրիով ինչ-որ գրությունների են պատասխանում, բայց այդ ձևով զարգացում չի լինի, այդ մարդիկ ամենօրյա ռեժիմով պետք է լինեն դպրոցներում և օգնեն, որ օրինակ՝ տնօրենը կարողանա ռազմավարական ծրագիր գրել, որ կարողանա իր ռազմավարական  ծրագրի իրականացումը մշտադիտարկել և այլն։ Ստատիկ վիճակից պետք է անցնենք դինամիկայի։ Նաև կրթության համակարգում կամուրջներ են պետք, որ ցանց ստեղծվի և «արյունատար անոթները» սկսեն գործել։

-Ծրագրում որպես մեգանպատակ է ներկայացված սեփական առողջության ու բարեկեցության համար պատասխանատու քաղաքացի ունենալը։ Արդյո՞ք այս նպատակը չի սահմանափակում կրթությունը։ Եվ արդյոք պետությունն այսպիսով չի՞ փորձում իր որոշ պարտավորություններից հրաժարվել։

-Դե հա, այդ նպատակը լիբերալ համակարգերի նպատակ է՝ բնորոշ բարեկեցիկ երկրներին։ Բայց մեր երկրում մենք դեռ դրան չենք հասել։ Դրանք այն երկրներն են, որոնք ունեն լավ տնտեսություն, ու մարդիկ կարողանում են  իրենց բարեկեցությունն ապահովել։ Հայաստանում տնտեսական և սոցիալական զարգացման այդ մակարդակը չկա, որ քաղաքացին  փորձի հասնել դրան։

 

Սերոբ Խաչատրյան կրթության զարգացման ծրագիր ԿԳՄՍ նախարարություն խմբագրի ընտրանի հարցազրույց հանրակրթություն բարձրագույն կրթություն Հայաստան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին