f

Անկախ

Արձանագրել քաղաքացիական հասարակության տարածքը զավթելու փաստը.168.am


46 հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ պահանջելով ԱԺ-ից մինչև հանրաքվեի անցկացումը ճանաչել նախորդ իշխանությունների կողմից պետության զավթման փաստը: Հայտարարության մեջ 10 անգամ օգտագործվում է «պետություն զավթել» արտահայտությունը՝ առավել շեշտելու համար, թե նախորդ իշխանությունները զավթել են պետությունը։ Թե ումից են զավթել, ինչպես են զավթել, և ինչ է նշանակում՝ պետության զավթում, հայտարարության մեջ չի ասված։

Ինչի՞ն կարելի է անվանել պետության զավթում

Եթե պետության զավթումն այն է, որ խոշոր բուրժուաները գումարներով իշխանության տարբեր օղակներում իրենց ներկայացուցիչներին էին բերում, և պետությունը բուրժուազիայի շահերն է պաշտպանում ու ոտնահարում մյուս դասակարգերի իրավունքները, ապա սա կապիտալիստական պետությունների օրենքն է, կապիտալիզմն հենց այն է, որ իշխանությունը պատկանում է կապիտալին։

Աշխատավոր դասակարգերի շահագործման դեմ պայքարը տարբեր արդյունքներ է տվել՝ Ռուաստանում հանգեցրել է 1917 թվի հեղափոխությանը, որի արդյունքում «պետությունը զավթողների» սեփականությունն էքսպրոպրիացիայի ենթարկեցին, հանրայնացրին կամ պետականացրին, ապա իշխանությունն անցավ Կոմկուսի ձեռքը, իսկ հակասովետական ուժերն արձանագրեցին մեկ այլ «պետության զավթում», այս անգամ՝ Կոմկուսի կողմից։

Արևմտյան մյուս երկրներում ձախ կուսակցությունները երկարամյա պայքարի արդյունքում կարողացել են աշխատավորների և աղքատների շահերը ներկայացնել պետական կառույցներում, հաճախ երկրի նախագահ կամ վարչապետ են դարձել սոցիալիստները, այսպիսով ստեղծվել է արևմտյան ժամանակակից սոցիալական ուղղվածությամբ լիբերալ-դեմոկրատական համակարգը։

Հայաստանում, սակայն, Արևմուտքին բնորոշ այդ պայքարը չի եղել, 1991-ի անկախացումից սկսած երկրում իշխող գաղափարախոսությունն է դարձել ազատականությունը, որի առանցքը տնտեսության մեջ անձնական շահն ու շուկայական հարաբերությունն է, և որի հետևանքով առաջացել է փոքրաթիվ խոշոր բուրժուաների իշխող դասակարգը և իրավազուրկ ընչազուրկ գործազուրկների ու շահագործվող աշխատավորների դասակարգերը։

2018 թվին, հեղափոխության անվան տակ, ժողովրդական զանգվածների արդարության զգացումն օգտագործելով՝ կրկին իշխանության են եկել ազատականներ:

Հեղափոխությունն ինչո՞ւ եղավ, ինչո՞ւ հարյուր-հազարավոր մարդիկ փողոց դուրս եկան և ստիպեցին իշխանությանը հեռանալ։ Այն, որ Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնից ուզում էր տեղափոխվել վարչապետի պաշտոնին, պատրվակն էր, իրական պատճառը տնտեսական վիճակն էր, աղքատությունը, արտագաղթը, անհուսությունը։ Նոր իշխանությունների ներկայացուցիչների բերանում, թեև երկու բառից մեկը «ժողովուրդն» է, այսուհանդերձ, նրանք շատ ավելի հակաժողովրդական են, քան նախկինները, իսկ որպես ազատական՝ առավել արմատական, որոնց վկայությունն էր այն, որ Հայաստանում գործող պրոգրեսիվ եկամտահարկը վերացրին և մտցրեցին համահարթ եկամտահարկը: Այսինքն՝ բարձր աշխատավարձ ստացողների հարկերը նվազեցրեց, իսկ ցածր ստացողներինը՝ թողեցին նույնը։ Նաև կառավարությունը պարբերաբար խոշոր բիզնեսին հարկային արտոնություններ է տալիս, իսկ աղքատներին էլ վարչապետն ասում է՝ աղքատությունը ձեր գլուխներում է, մենք գործ չունենք, գնացեք ձեր հարցերը լուծեք։ Վերջին դեպքը՝ երբ Ստեփանավանում չարքաշ աշխատավորը վարչապետին խնդրեց իրեն տանիքով ապահովել, քանի որ վագոնում է ընտանիքով բնակվում, իսկ վարչապետը նրան կոպտեց, թե՝ «արժանապատվության հարց ա, առողջ տղամարդը ուրիշ առողջ տղամարդու կգա կասի՝ հացի հարցս լուծի՞», այսպիսով պետական բյուջեն դիտարկելով որպես իր՝ որպես առողջ տղամարդու սեփականություն։

Իմքայլականները նախորդ իշխանությանը մեղադրում էին բյուջեն թալանելու մեջ, սակայն իրենց աշխատավարձերը կրկնակի բարձրացնում են, իրենք իրենց միլիոնավոր դոլարների պարգևավճարներ են բաժանում, բյուջեի հաշվին շքեղ կյանք վարում, վարչապետի կնոջ միայն մակիաժի և վարսահարդարման վրա բյուջեից ծախսվել է մոտ 40 հազար դոլար։ Եթե բյուջեն կթելը պետության զավթում է, ապա նոր իշխանություններն են պետությունը զավթել։

Եթե պետության զավթումն ընտրությունները կեղծելն է, ապա մինչև 1950-60 ական թվերն ԱՄՆ-ում պարբերաբար պետությունը զավթվում էր, քանի որ ընտրությունները կեղծվում էին, ընտրակաշառքներ էին բաժանվում։ Չիկագոյում ասում էին՝ ընտրությունների ժամանակ գերեզմանների մեռյալները հարություն են առնում։

30 տարիների մարդու իրավունքների վիճակի ուրվագիծ

Եթե, այնուամենայնիվ, 46 ՀԿ-ներն ընտրական իրավունքի ոտնահարումը նկատի ունեն, ապա ինչո՞ւ են պետության զավթումը թվագրում 1998 թվից։ Հայտարարության մեջ ասվում է, որ պետությունը զավթել են 20 տարի առաջ. «Ժամանակն է հասկանալու, որ օրենսդրական, տնտեսական և վարչական լծակների զավթման ավելի քան 20 տարիների ընթացքում կարծրացած կառույցներն ապամոնտաժելու կարճ և պարզունակ ճանապարհ չկա»: Եթե 2018 թվի հեղափոխությունից 20 տարի հետ տանք, կլինի 1998 թվականը, եթե հայտարարության պահից հետ տանք, ապա՝ 2000 թվականը, սակայն Հայաստանում ընտրակեղծիքների հաստատությունը հիմնադրվել է 1995 թվի սահմանադրության հանրաքվեի և ԱԺ ընտրությունների, ապա՝ 1996 թվի նախագահական ընտրությունների կեղծիքներով։ Ուրեմն, պետության զավթումը ոչ թե 20, այլ առնվազն 25 տարի առաջ պետք է գցեին։

Իսկ գուցե 46 կազմակերպություններից յուրաքանչյուրի համար «պետության զավթում» արտահայտությունը խորհրդանշում է մարդու իրավունքների այն ոտնահարումները, որի դեմ ինքը պայքարո՞ւմ է։

Այս դեպքում էլ, ինչո՞ւ են պետության զավթումը սկսում 1998 թվից, չէ՞ որ մինչ այդ շատ ավելի կոպիտ էր ոտնահարվում մարդու իրավունքները, խնդրեմ.

Խղճի ազատության ոլորտում

Հայաստանի պատմության մեջ Խղճի ազատության դեմ ուղղված ամենածանր հարվածը 1995-ի ապրիլին-մայիսին էր, երբ Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հրամանով երկրապահները ներխուժեցին յոթ կրոնական կազմակերպությունների հավաքատեղիներ, ծեծեցին հավատացյալներին ու թալանեցին ունեցվածքը:

Տարբեր համայնքների 9 հավատացյալների տարան ռազմական ոստիկանություն և մոտ 15 օր պահեցին:

Հավատացյալների դիմումներն իրավապահ մարմիններում անպատասխան էին մնում:

«Սա սև բիծ է մեր Հայաստանի անկախության առաջին շրջանի վրա»,- ասում է Հայ ավետարանչական ընկերակցության առաջնորդ Ռընե Լևոնյանը:

Կրոնագետ, գիտության թեկնածու, Կյանքի խոսք կրոնական կազմակերպության մամուլի քարտուղար Արմեն Լուսյանն ասում է, որ կրոնական կազմակերպությունների համար Տեր-Պետրոսյանի իշխանությունն ամենադաժանն էր, իսկ Ռոբերտ Քոչարյանի շրջանը՝ ամենահանդուրժողը («Համայնք և երկիր. Հայաստանում խղճի ազատության ուսումնասիրություն», Հայաստանի հելսինկյան կոմիտե, 1914թ. 57 էջ)։

Կալանավորների իրավունքները

Ցմահ դատապարտված Արսեն Արծրունին վկայում է, որ մինչև 2000 թվականը բանտը դժոխք էր, կալանավորներին ռեժիմով ծեծում էին, հիվանդ կալանավորին չէին բուժում, թողնում էին մեռնի, որ 1999-ից հետո ամեն ինչ փոխվեց։

Հանգուցյալ, ցմահ դատապարտված Մանուկ Սեմերջյանը վկայում է, որ ցմահներին սպանելու հանձնարարություն էր տվել ԼՏՊ-ի զինակից, այն ժամանակ գաղութների վարչության պետ Մուշեղ Սաղաթելյանը. «Տարբեր մահապարտների վկայությունների վրա հիմնվելով, հսկիչների ու սպաների վկայությամբ` Մուշեղ Սաղաթելյանի ներքին կարգով կարգադրությունն է եղել՝ «վարի տվեք սրանց», և, որ «իրավիճակը փոխվել է 2000թ. գարնանից սկսած»:

Մինչև 1998թ. փաստաբանն իրավունք չուներ մասնակցել հարցաքննություններին, ծանոթանալ քրեական գործին, մինչև այն չավարտվեր ու դատարան չուղարկվեր։

Զինծառայողների իրավունքներ

Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանատարության տարիներին, 1996-1998 թթ. բանակում տարեկան 100-200-ից ավելի զինվոր էր սպանվում, 1996-ին՝ 260, 1997-ին՝ 217, 1998-ին՝ 196։ Միայն 1999-ից են թվերը երկնիշ դառնում, այդ տարի՝ 93, 2000-ին՝ 86, 2001-ին՝ 72, 2002-ին՝ 45 զինվորի մահ։

Խոսքի ազատություն

ՀՀՇ-ական ռեժիմի տարիներին մինչ 1998թ. անընդհատ լրագրողներին ծեծելու մասին լուրեր էին պտտվում, 1994-ին փակվեց 13 լրատվամիջոց միայն այն բանի համար, որ կապ ունեին ՀՅԴ-ի հետ, որոնց մեջ՝ «Երկիր», «Ազատամարտ», կանանց նվիրված «Առագաստ» շաբաթաթերթը, իսկ խմբագրությունների գույքը բռնագրավվեց։ Փակվեց նաև «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակումը։

1998-ից երկիրը սկսեց շնչել, վերաբացվեցին մի շարք փակված լրատվամիջոցներ, սակայն մի մասը ռեսուրսներ չունենալու պատճառով չկարողացան վերաբացվել։

Ազգային փոքրամասնությունների իրավունքներ

Հայտարարությունը ստորագրել է «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» ՀԿ-ն, արդյո՞ք նա գտնում է, որ պետության զավթումն այն է, երբ սկսում են ոտնահարվել ազգային փոքրամասնությունների, մասնավորապես՝ եզդիների իրավունքները։ Եթե այո, ապա հակառակը, 20 տարի առաջ նրանց իրավունքներն ավելի պաշտպանված էին, քան նախորդ տարիներին։

1992 թ.  Զովունի գյուղում Կառավարությունը հայերին հող սեփականաշնորհեց, իսկ 165 եզդի ընտանիքները հող չստացան։

1992-1993 թվերին «Սասունցի Դավիթ» ջոկատի տղաները ներխուժում են Զովունի, կրակում տների վրա ու պահանջում, որ եզդիները հեռանան Հայաստանից։

1996-ին Եղվարդի զորամասի մայոր Սարիկ Կարապետյանը կրակում, սպանում է եզդիների հոտի շանը, չորս ոչխար վիրավորում, հովվին ծեծում ու, զինվորների հետ, վիրավոր ոչխարներին տանում զորամաս։ Հոտի տերը՝ Օրո Ավդալյանը, դռնեդուռ է ընկնում, հասնում զինվորական ոստիկանապետ Վահրամ Խորխոռունու մոտ, բարևում ու ստանում՝ «դու ո՞վ դառար, որ ինձ բարևես, ձեզ բոլորիդ պիտի կոտորեին, որ իմանայիր» պատասխանը։

1997թ. Աբովյանի սարերում, ուր տասնամյակներ իրենց ոչխարներն են արածացրել եզդիները, Մարատ Ջամվելյանը՝ ներկայանալով որպես Վանո Սիրադեղյանի մտերիմ, ահաբեկումներով եզդիներին ստիպում է, որ էլ ոչխար չբերեն այդ տարածք, ծեծում է 16-ամյա Ագիթ Կարոյանին, քացով հարվածում եզդի կանանց՝ Գուլե և Թառլան Կարոյաններին։ Եզդիների դիմումները ոստիկանություն որևէ արդյունք չեն տալիս (տեղեկությունները՝ «Եզդիները առանց թիկունքի», «Այժմ» շաբաթաթերթ, 1997, #28):

Կանանց իրավունքներ

46-ի Հայտարարությունը ստորագրել են կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող չորս կազմակերպություն՝ «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն, «Կանանց իրավունքների տուն», Կանանց ռեսուրսային կենտրոն, Մարտունու կանանց համայնքային խորհուրդ։ Արդյո՞ք նրանք գտնում են, թե պետության զավթումն այն է, որ կանանց իրավունքները ոտնահարվել են։

Եթե այդպես է, ապա կրկին թյուրիմացության մեջ են գցում հանրությանը՝ հայտարարելով, թե 20 տարի առաջ են սկսել կանանց իրավունքները խախտվել։ Հակառակը, 2003-ին Հայաստանը ունեցավ իր առաջին կին նախարարը՝ 2003-ին մշակույթի նախարար դարձավ Թամար Պողոսյանը, ապա 2010-ականներին Ազգային ժողովի ընտրություններում մտցվեց կանանց քվոտա, որ պատգամավորների 4-ից մեկը կին լինի։

Միասեռականների իրավունքներ

Այս կազմակերպությունների մեջ մի քանիսը, մասնավորապես՝ «Փինք» իրավապաշտպան և «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հ/կ-ները զբաղվում են ԼԳԲՏ անձանց իրավունքներով: Եթե նրանց համար պետության զավթումը միասեռականների իրավունքների ոտնահարումն է, ապա մինչև 2000 թիվը նրանց վիճակը շատ ավելի վատ էր։

Սովետական Միության քրեական օրենքից եկած, անկախ Հայաստանում տղամարդկանց միասեռական կապը քրեական հանցանք էր, Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության բոլոր տարիներին միասեռականությունը հանցագործություն է համարվել, 1990-2002թթ. 75 հոգի այդ հոդվածով դատապարտվել է, 2003-ին այդ հոդվածը վերացվեց։

Մինչ 2000-ական թվերը միասեռականների թեմայով խոսելը տաբու էր, որևէ մեկի մտքով չէր անցնի նրանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություն գրացնել։ 2000- ականներից հետզհետե վիճակը փոխվեց, մամուլում հայտնվեցին միասեռականների իրավունքները պաշտպանող հրապարակումներ, ապա այն աստիճան ազատ դարձավ նրանց իրավունքերի պաշտպանությամբ զբաղվելը, որ սկսեցին կազմակերպություններ գրանցվել՝ դրամաշնորհային բիզնեսի՞, թե՞ իրավապաշտպանության համար, դժվար է ասել։

Ընկերային վիճակ

Եթե երկրում կենսամակարդակի բարձրացումը բոլորի, նաև կանանց իրավունքները բարելավում է, ապա 1998-ին երկրում աղքատությունը 55 տոկոս էր, իսկ ծայրահեղ աղքատությունը՝ 22 տոկոս, 9 տարի անց՝ 2007-ին, աղքատությունն իջավ 25 տոկոսի, այսինքն՝ 2 անգամ կրճատվեց, իսկ ծայրահեղ աղքատությունն իջավ մինչև 4 տոկոս, այսինքն՝ կրճատվեց մոտ 6 անգամ։

Հանրային ունեցվածքի սեփականացում

Եթե պետության զավթումը սեփականաշնորհումն է՝ Խորհրդային Միությունից ժառանգած համայնական ունեցվածքի բաժանումը մասնավոր անձանց, ապա պետության զավթումը սկսվել է 1993-1995 թվերից: Լրագրող Արա Մարտիրոսյանը հաղորդում է.

«Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք՝ մինչև 1997 թվականը, մասնավորեցվեց 4917 օբյեկտ, իսկ պետական բյուջե մուտք գործեց ընդամենը 40,2 մլրդ դրամ։ Համեմատության համար նշենք, որ 1997-2007 թվականներին կամ Ռոբերտ Քոչարյանի վարչապետության, ապա՝ նախագահության շրջանում սեփականաշնորհվեց 230-ով պակաս օբյեկտ, բայց պետությունը ստացավ 122 մլրդ դրամ և 108 մլն դոլար (կամ մոտ 52 մլրդ դրամ)»։

Կազմակերպությունների ստեղծում

1996-1998 թթ. իշխանության ներսում կարգ մտցվեց, որով Արդարադատության նախարարությունը որևէ հասարակական կազմակերպություն գրանցում էր այն դեպքում, երբ նրա վերաբերյալ ԱԱԾ-ից դրական պատասխան էր ստանում։ Չէին գրանցում այն կազմակերպությունները, որոնց անդամները քննադատաբար էին տրամադրված իշխանություններին։ 1998-ից հետո վերացվեց այդ կարգը։ Այս 46 կազմակերպություններից շատերը, որոնք մշտապես քննադատել են նախորդ իշխանություններին, եթե պահպանվեր այն կարգը, գրանցում չէին ստանա։

ԱՄՆ-ի Մերիլանդի համալսարանի գիտնականների խմբի մշակած polity index-ի գրաֆիկում երևում է ժողովրդավարության և մարդու իրավունքների վիճակը Հայաստանում անկախության 24 տարիներին՝ մինչև 2014թ.։ Հետազոտությունը ներառում է աշխարհի բոլոր երկրները, ուր մի ծայրում -10-ն է, ամենաբռնատիրականը, որ ունի, օրինակ, Հյուսիսային Կորեան, մյուս ծայրում +10-ն է, ամենաժողովրդավարականը, որտեղ Շվեյցարիան է։ Հայաստանն անկախանալուց կարճ ժամանակ անց՝ 1995-ից, կտրուկ անկում է ապրել՝ ընկել է մինչև -6՝ հասել «դժոխքի դռանը» դեպի ավտոկրատիա, և միայն 98-ից սկսած 9 կետով բարձրացել է, բայց 5-ից չի անցել։

Հայաստանի անկախությունից ի վեր մարդու իրավունքների իրավիճակի այս ուրվագիծն անհրաժեշտ էր՝ հասկանալու համար, թե այս 46 կազմակերպություններն արդյո՞ք իրավապաշտպան են, թե՞ «պետության զավթումը» թվագրելով 1998-ից և թաքցնելով նախորդ տարիներին մարդու իրավունքների ոտնահարման ամենադաժան շրջանը՝ իրավապաշտպանությամբ քողարկում են ինչ-որ շահեր։

Հետհեղափոխական Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարումների նկատմամբ այս կազմակերպությունների անտարբերությունը (երբ ոստիկաններն ասֆալտին են փռում քաղաքական գործիչներին, բանտում հացադուլից մահանում է Մհեր Եղիազարյանը, դատավորների նկատմամբ ճնշումները, և այլն) ավելի է մատնում ներգրավվածությունը որոշակի շահերի մեջ։

Եվ եթե քաղաքական շահեր են հետապնդում, ապա այդ ի՞նչ է եղել 20 տարի առաջ, որ նրանց այդպես անհանգստացնում է։

Հայտարարության տակ թաքնված արտաքին շահերը

1998թ. իշխանությունից հեռացվեցին Արցախյան խնդրի կարգավորման փուլային լուծման կողմնակիցները՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, և իշխանության եկան փաթեթային լուծման կողմնակիցները, այսինքն՝ նրանք, ովքեր պնդում էին, որ առանց Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման՝ կարգավորում հնարավոր չէ։ Նրանք նաև համոզված էին, որ քանի որ տարածաշրջանում դեռ երկար ժամանակ հնարավոր չէ կայուն խաղաղություն  հաստատել, հետևաբար՝ Հայաստանը պետք է մշտապես հզորացնի ռազմական պաշտպանությունը, իսկ դրա համար անհրաժեշտ է Ռուսաստանի հետ ամրացնել ռազմավարական դաշինքը։

Վերսկսված սառը պատերազմի ընթացքում ԱՄՆ-ը իր դաշնակիցների հետ ամեն կերպ սեղմում է Ռուսաստանի շուրջ օղակը, որի արդյունքում Վրաստանից դուրս բերվեցին ռուսական ռազմաբազաները, իսկ Ուկրաինայից էլ երկրի մասնատման գնով հեռացվեցին ռուսական ռազմաբազաները։

Եվրախորհրդի երկրներից ռուսական ռազմաբազաներ մնացել են միայն Հայաստանում։ Հայաստանի դեպքում ևս մի պլան է գործում. իր տիրապետությունից դուրս մնացած մյուս ռեսուրսներով հարուստ և ազդեցիկ երկիրը՝ Իրանին էլ օղակի մեջ սեղմել, այս դեպքում Արցախյան հակամարտությունը տանել այն ուղղությամբ, որ Իրանի սահմանին խաղաղապահի անվան տակ ՆԱՏՕ-ի զորամիավորումներ բերվեն։

ԱՄՆ-ը միլիոնավոր դոլարներ է ծախսում, որ Հայաստանում հակառուսական տրամադրություններն աճեն այնքան, որ ռուսական բազաները հեռացվեն, և Իրանի սահմանի սահմանն իր վերահսկողության տակ առնի։

Թե ինչպես կհոշոտվի երկու թշնամական պետություններով շրջափակված Հայաստանը, եթե հանվեն ռուսական ռազմաբազաները, ԱՄՆ-ին բացարձակապես չի հուզում։

Այս 46 կազմակերպությունները ֆինանսավորվում են Արևմտյան ֆոնդերից, հատկապես նրանց միավորում է այն, որ դրամաշնորհներ են ստանում միջազգային օլիգարխ, հակառուս ամերիկացի Ջորջ Սորոսի կողմից, ով վերջերս էր կոչ արել Արևմուտքին, որ Իդլիբում աջակցի Թուրքիային՝ ընդդեմ Ռուսաստանի։

Թեև ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ Հայաստանում գործող Սորոսի ֆոնդը սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը, այսուհանդերձ Սորոսն այնքան բացահայտ է միջամտում Հայաստանի ներքին գործերին, որ 46-ի հայտարարությունը ստորագրել է նաև Սորոսի ֆոնդը՝ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը»։

Հայտարարությունը ստորագրած մյուս կազմակերպություններից շատերն էլ աչքի են ընկնում հակառուսական քարոզչությամբ.

Իրազեկ քաղաքացիների միավորման նախագահ Դանիել Իոաննիսյանն անցած դեկտեմբերին ԱՄՆ-ի Կոնգրեսում ասում է, որ հեղափոխական իշխանության դեմ պայքարում են Ռուսաստանի աջակցությունը վայելող ուժերը, ու կոչ է անում «սառեցնել ԱՄՆ-ում և ամենուրեք այն անձանց սեփականությունը, որոնք դատապարտվել են Հայաստանում իրավախախտումների համար»։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն անցյալ հոկտեմբերին հրապարակեց «Ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում և դրա ազդեցությունը մարդու իրավունքների վիճակի վրա» զեկույցը։Վերնագիրը խոսում է այն մասին, թե ինչպես են «մարդու իրավունքների» գաղափարը՝ որպես գործիք, օգտագործում քաղաքական շահերում։

Սաքունցը 2016-ի մայիսին գրում է ՖԲ-ում՝ «ռուս-թուրքական սահմանը պետք է դառնա հայ֊թուրքական սահման…», մեկ այլ գրառման մեջ ասում է, թե՝ Ռուսաստանն ինչքան շուտ տանի ռազմաբազաները, այնքան լավ։

Իսկ փետրվարի 25-ին ՖԲ-ում գրում է. «Միայն մեկ վտանգավոր վիրուս կա աշխարհում և այն կոչվում է պուտինովիրուս, իսկ այդ վիրուսի պատճառով առաջացած համաճարակը՝ պուտինոդեմիա»։

Ահա թե ինչու այս կազմակերպությունները, որոնք հանդես են գալիս իրավապաշտպանության դիրքերից, հանրաքվեն քննադատում են ոչ թե այն պատճառով, որ հակաիրավական է և հակասահմանադրական, որ հանրաքվեի «այո»-ն, նպատակ դնելով հեռացնել ՍԴ յոթ դատավորներին, վերացնում է անկախ դատական հաստատությունը, չէ, իրավական հարցը նրանց չի հետաքրքրում, այլ քննադատում են այն պատճառով, որ իշխանությունը չի ձեռնարկում հավելյալ միջոցներ՝ ճնշելու համար նրանց, ովքեր Ռուսաստանի հետ դաշինքի կողմնակիցներն են: Իհարկե, բացահայտ չեն ասում՝ քողարկում են «պետության զավթիչներ» տպավորիչ արտահայտության տակ։

Արևմտյան շրջանակներն աջակցում են հեղափոխությամբ եկած իշխանությանն այն բանի համար, որ նրա մեջ տեսնում են Հայաստանը Ռուսաստանից տարանջատելու ներուժ։ ԱՄՆ NED հիմնադրամի տնօրեն Միրիամ Լանսկոյը Հայաստանի ձեռքբերումների մեջ նշում է, թե կալանավորվել և դատվում է Պուտինի ընկերը՝ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

NED-ը, որ առնչություն ունի Ամերիկյան հատուկ ծառայությունների հետ (այդ մասին տե’ս Human Rights and Media Manipulation և «Վաշինգտոն Պոստ»-ի նյութում՝ INNOCENCE ABROAD: THE NEW WORLD OF SPYLESS COUPS), դրամաշնորհներ է տալիս Հայաստանի հասարակական մի շարք կազմակերպությունների, որոնց մեջ է նաև Սաքունցի, Դանիել Իոաննիսյանի և հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը», որի կայքը լցված է հակառուսական քարոզչությամբ (նրա կայքը լցված է այսպիսի արտահայտություններով՝ «Մոսկվան կարող է վտանգավոր քայլեր ձեռնարկել ընդդեմ Հայաստանի», «Անվտանգության «ռուսական» համակարգը չի ապահովում Հայաստանի անվտանգության սպառնալիքների լիարժեք չեզոքացումը կամ ռիսկերի նվազեցումը», «Ռուսաստանի պատճառով է, որ Հարավային Կովկասում երկրները կան միայն աշխարհագրորեն, ոչ քաղաքականապես»)։

Այսուհանդերձ, արևմտյան իշխող շրջանակների սրտով չի, որ հեղափոխությունն այնքան էլ չի ազդել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերության վրա, նորերը շարունակում են նախկինների արտաքին քաղաքական ուղեգիծը։ Հետևաբար, իրենց պրոքսիների միջոցով հրահրում են, որ գնան նախկինների նկատմամբ առավել կոշտ ռեպրեսիաների, որ մի կողմից՝ Ռուսաստանի հետ սրվեն հարաբերությունները, չէ՞ որ Ռուսաստանը չի կարող անընդհատ հանդուրժել, որ իր դաշնակիցներին բռնաճնշումների ենթարկեն (Մարտի 4-ին ռուսական «Կոմերսանտը» հաղորդել էր, թե Կրեմլի աղբյուրն ասում է, որ «Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը քաղաքական է, և եթե շարունակեն նրան պահել կալանքի տակ, ապա այն կարող է ռուս-հայկական հարաբերությունների ամենաակտուալ հարցերից մեկը դառնալ»), մյուս կողմից՝ նրանք տարանջատվեն նախկինների մշակած արտաքին քաղաքական ուղեգծից։

Մարդու իրավունքների մեջ ամենագլխավորը կյանքի իրավունքն է, իսկ ահա Արևմտյան ֆոնդերը, քանդելով Հայաստանի անվտանգության համակարգը՝ Ռուսաստանի հետ ռազմական դաշինքը, հարված են հասցնում հենց կյանքի իրավունքին։

Արևմտյան իշխող շրջանակները հսկա գումարներով զավթել են Հայաստանի քաղաքացիական հասարակության տիրույթը և ձգտում են զավթել նաև պետական իշխանությունը, որը եթե հաջողացնեն, կավերվի երկրի անվտանգության համակարգը։

 


Վահան Իշխանյան

168.am

Վահան Իշխանյան Սորոսի հիմնադրամ քաղաքացիական հասարակություն Հայաստան Խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Forbes  ամսագիրը հայտնել է  ամենաբարձր վարձատրվող համաշխարհային աստղի անունը
Մեկ օրում Թուրքիայում  կորոնավիրուսի 988 նոր դեպք  է  հայտնաբերվել
ՊԵԿ-ում կլինեն նաեւ այլ հրաժարականներ․ 168․am
Այս լուսանկար տեղադրողը երկրի վրա իշխանություն չունի, նա չի կարողանում կառավարել, հաստատությունները չեն կատարում հրանհանգները, քաղաքացները չեն լսում նրա հորդորները
ԱՄՆ գլխավոր դատախազը հայտարարել է բողոքի ցույցերում  «արտաքին միջամտության» մասին
Արցախյան  թեմայով  «Եթե  քամին վրա հասնի» ֆիլմը՝  Կաննի  փառատոնի  ծրագրում
Գյումրիում մի քանի տնտեսվարողի գործունեությունը կասեցվել է, շուկայում նախազգուշացրել են
ԵՊԲՀ-ում անցկացված Covid-19-ին նվիրված շուրջ մեկուկես ժամ տևողությամբ մասնագիտական քննարկումն ամբողջական տաբերակով
Բիլ Գեյթսը 100 միլիոն դոլար է նվիրաբերել  կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի  տարածման  համար
Մերկելը խնդրել է կորոնավիրուսի  դեմ  պատվաստանյութը  համընդհանուր հասանելի դարձնել
Պարետատունը դիտարկում է միջազգային գործընկերներին աջակցության հարցով դիմելու հնարավորությունը
Ազգային ժողովի դահլիճները պատրաստել են հեռավար նիստերի անցկացմանը
Ծիծեռնակաբերդի անտառում ծառից կախված 30-ամյա տղամադու դի է հայտնաբերվել
Փաշինյանը ցույց է տվել` որտեղից կարելի է 2 դիմակ գնել 200 դրամով
Թրամփը՝ Պենտագոնի նախկին ղեկավարի  մասին 
Բրազիլիայում մեկ  օրում  կորոնավիրուսից մահացությունների ռեկորդային թիվ է գրանցվել
Չի կարող լինել որևէ ստանդարտ դեղատոմս, որից կորոնավիրուսով վարակված քաղաքացիները կարող են օգտվել մինչև բժշկի այցելությունը. Թորոսյան
Ադրբեջանի իշխանությունը օգտագործում է վիրուսի դեմ պայքարը մարդու իրավունքների խախտումներ իրականացնելու համար․ԱԳՆ
Սլավիկ Գալստյան. «Միասնական լինելու դեպքում կհաղթահարենք ամեն դժվարություն»
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների աշխատավարձը կկազմի առնվազն 250 000 դրամ. Ռուստամ Բադասյան
Աջափնյակի ռեստորաններում եւ սրճարաններում անուշադրության ու անփութության դրսևորումներ են եղել․ ՍԱՏՄ
ՁԱԽՈՂԻՐ, ՈՐ ՊԱՇՏՈՆԱՎԱՐԵՍ
Երևանի վեց դպրոցի տնօրենների նկատողություն է հայտարարվել պարետատան սահմանած կանոնները չպահպանելու համար
Քննարկում ենք մի քանի սցենարներ, դրանցից մեկով որոշում կկայացվի. Նիկոլ Փաշինյան
Դուք էլ մեզ համար պայքարեք ու մեզ վերադարձրեք մեր ընտանիքներին. բժիշկը՝ քաղաքացիներին
Ավելին
Ավելին