f

Անկախ

Չինաստանից մինչև Հայաստան կամ հակառակը


«Անկախը» շարունակում է «Կորոնավիրուս. դժվարություններ և հնարավորություններ» հոդվածաշարը։ Այսօրվա մեր զրուցակիցը մասնագիտությամբ մանկավարժ Անահիտ Հայրապետյանն է։ Երկու երեխաների մայրիկը 2019-ի հունվարին մեկնել է Չինաստանի մայրաքաղաք Պեկին՝ որպես անգլերենի ուսուցչուհի, որտեղից հետ է վերադարձել ուղիղ մեկ տարի անց։ Ուստի մեր զրույցը ծավալվեց թե´ Չինաստան մեկնելու պատճառների, չինական մշակույթի ու կենսաձևի առանձնահատկությունների, թե՛ արտակարգ դրության պայմաններում չինացիների ու հայերի դրսևորումների տարբերությունների շուրջ։  

Անահիտ Հայրապետյան

Անահիտը մեր զրույցի սկզբում նշեց, որ շատ է սիրում իր աշխատանքը։ Նա գտնում է, որ սերը երեխաների հանդեպ մարդուն ի վերուստ է տրված լինում։ Մի քանի տարի առաջ, երբ զրուցակիցս տեղեկանում է Չինաստանում անգլերենի ուսուցիչների պահանջարկի և բարձր վարձատրության մասին, սկսում է մտածել այդ ուղղությամբ, քանի որ նորաստեղծ ընտանիքն ուներ բնակարանի խնդիր, ինչը Հայաստանի պայմաններում չէին  կարող լուծել զուտ իրենց  աշխատավարձերով։ Արդյունքում Անահիտը հայտնվում է Պեկինում։ Ամիսներ անց ընտանիքը ևս միանում է նրան։ Չինական ամանորյա արձակուրդներով պայմանավորված 2020-ի հունվարի 25-ին գալիս են Հայաստան։ Նրանք Չինաստանում արտակարգ դության մեջ չեն եղել․ վերադարձը համընկել է կորոնավիրուսի հետ կապված չինացիների սկզբնական սահմանափակումներին։ Հայտնի պատճառներով էլ դեռևս չեն կարողանում հետ վերադառնալ, բայց ցանկանում են՝ պայմանավորված թե՛ նոր գնված տան հետ կապված ֆինանսական խնդիրներով, թե՛ Չինաստանի հանդեպ առաջացած սիրով ու կապվածությամբ։

Անահիտ Հայրապետյան

Անահիտը խոստովանում է, որ վերջին մեկ տարին իր կյանքի կարևորագույն փուլն է՝ որպես միայնակ կատարած առաջին քայլ, այն էլ՝ Հայաստանից դուրս։ Դա մի մեծ փոփոխություն էր դեպի լավը, որի միակ թերի կողմը սկզբնական շրջանում ընտանիքից հեռու լինելն էր։ Զրուցակիցս նշում է, որ Չինաստանն առավել լիարժեք դարձրեց իրեն, տվեց կյանքի մեծ փորձ՝ օգնելով ավելի շատ գնահատել հարազատներին, ընկերներին, և որ պակաս կարևոր չէ՝ հայրենիքի դերն ու նշանակությունն իր կյանքում։ Համեմատության մեջ նա կարողացավ տեսնել՝ իր փոքրիկ երկիրն ինչ մեծ հնարավորություններ ունի, ու թե որքան խելացի և ուժեղ է հայ ազգը։ Անահիտը նկատում է՝ չինացիները ևս շատ խելացի ժողովուրդ են, պարզապես դա հասկանալու համար մի քիչ երկար ժամանակ է անհրաժեշտ։ Նրան գրավել է նաև Չինաստանի անծայրածիրությունը, զարմանահրաշ բնությունն ու ճարտարապետությունը։ 

Անահիտ Հայրապետյան

Զրուցակիցս գնահատում է նաև նյութական ապահովության զգացումը, որ իրեն տվեց Չինաստանը․ «Ինչպես Հայաստանում, այնպես էլ Չինաստանում, մարդիկ ապրում են ամսական աշխատավարձերով, բայց չինացիները կարողանում են իրենց ստացած գումարով ոչ միայն բարեկեցիկ կյանք վարել, այլև ճանապարհորդել, ինչն այստեղ ուղղակի անհնար է։ 

Չինաստանն ինձ տվեց նաև լավ ընկերներ, որոնք հետաքրքվում են մեր երկրի դրությամբ, իմ որպիսությամբ՝ տարբեր հարցերում առաջարկելով իրենց օգնությունը։ Այդ ուշադրությունն իմ մեծագույն ձեռքբերումներից է։ Չինաստանում դու քեզ գնահատված ես զգում, և կուզեի, որ դա մտներ նաև հայկական իրականություն։ Գնահատված լինելու այդ զգացումը բազում գործեր է առաջ տալիս։ Պիտի նշեմ՝ նրանք հատկապես ուշադիր են իրենց օտարերկյա աշխատողների նկատմամբ։ Ու երբ տեսնում ես՝ ինչպես են քեզ սիրում ու գնահատում, ուզում ես մի բան էլ ավելին անել։ Չինացիների բարեհաճ վերաբերմունքի շնորհիվ նաև երեխաներս են շատ շուտ ընտելացել չինական միջավայրին։ Անգամ այժմ կարոտում են իրենց չինացի ընկերներին, դպրոցն ու մանկապարտեզը։ 

Մենք նման ենք մեր աշխատասիրությամբ ու իմաստությամբ և տարբեր՝ հայերիս բարդույթավորված բնավորությամբ ու անվերջանալի դժգոհություններով։ Չինացիները դժգոհում են թերևս միայն իրենց աչքերից։ Դրա համար էլ շատ են սիրում մեծ աչքեր ունեցող արտասահմանցիներին։ Ճիշտ է, կենցաղային մակարդակում կան մի շարք չինական սովորույթներ, որոնց հետ այդպես էլ չհամակերպվեցի, բայց ընդհանուր առմամբ դու քեզ այնտեղ ապահով և գնահատված ես զգում»։ 

Անահիտ Հայրապետյան

Անահիտը պատմեց, որ այժմ շարունակում է օնլայն դասեր անցկացնել այն դպրոցի աշակերտների հետ, որտեղ աշխատել է։ Դա կշարունակվի այնքան, մինչև իրավիճակն առավել հստակ կլինի։ Նա հուսով է՝ կրկին կվերադառնա այդ դպրոց, որտեղ իրեն սպասում են ու կարոտում։ 

Հետո արդեն զրուցակիցս անդրադարձավ այն հարցին, թե ինչպես է  զբաղեցնում իր երեխաներին հայաստանյան արտակարգ դրության պայմաններում․ «Բարեբախտաբար, երեխաներս շատ են սիրում ոչ միայն խաղալ, այլև դաս անել։ Իրականում պատճառը երևի այն է, որ դասերը մատուցում եմ հետաքրքիր խաղերի ու պատմությունների ձևով։ Ճիշտ է, դպրոցահասակ է միայն տղաս, բայց աղջիկս զուգահեռ մասնակցում է նրա դասերին, փորձում թեկուզ կողքից լսելով ինչ-որ բան սովորել։ Երեխաներին «աշխատեցնելու» ամենալավ պահն առավոտյան նախաճաշից ու մարմնամարզությունից հետո ունեցած ժամանակն է, երբ առույգ են ու պատրաստ սովորելուն։ Հակառակ դեպքում հետո ընկնում են խաղերով և մոռանում դասերի մասին»։  

Անահիտ Հայրապետյան

Անահիտն անդրադարձավ նաև իր զբաղմունքներին․ «Ուսուցողական ֆիլմերի դիտմանն ու հետաքրքիր գրքերի ընթերցանությանը զուգահեռ այս ընթացքում օնլայն դասերի օգնությամբ սկսել եմ չինարեն սովորել, քանի որ հասկացել եմ՝ Չինաստանում առավել հեշտորեն ինտեգրվելու և չինացի գործընկերներիս հետ ավելի կայուն հարաբերություններ կառուցելու համար գոնե որոշակիորեն պիտի տիրապետեմ նրանց լեզվին»։ 

Զրույցի այս հատվածում Անահիտը խոսեց նաև չինական ընտանիքների առանձնահատկություններից․ «Չինացիները շատ հետաքրքիր ժողովուրդ են։ Որքան էլ օրվա ընթացքում զբաղված լինեն, միշտ մեծ պատասխանատվությամբ են մոտենում երեխաների հետ ժամանակ անցկացնելու փաստին։ Դրա համար էլ նրանք մեկուսացման մեջ չդժվարացան իրենց երեխաների հետ, ինչը չէի ասի մեր մասին։ Ինձ թվում էր՝ հայերիս մոտ է ճիշտ դրված ընտանիքի գաղափարը, բայց չինացիները ոչնչով չեն զիջում, եթե չասենք՝ երբեմն անգամ գերազանցում են մեզ։ Ի դեպ, Չինաստանում մի չգրված օրենք կա, որ տղա ունեցող ընտանիքները պարտավորվում են նրա համար տուն առնել մինչ ամուսնանալը, քանի որ միասին չեն ապրելու։ Աղջկա դեպքում էլ պիտի փեսան անպայման տուն ունենա։ Այդ դեպքում նրանք մի կլորիկ գումար են փոխանցում նրան։ Թոռնիկների գրեթե ողջ պատասխանատվությունն ընկած է արդեն թոշակառու տատիկ-պապիկների ուսերին, որոնք անպայման աջակցում են երիտասարդ աշխատող զույգերին՝ մինչև ժամը վեցը թոռնիկների խնամքը վերցնելով իրենց վրա։ Ժամը վեցից հետո բոլորով միասին գնում են հաց ուտելու, որն էլ մեկ այլ կարևոր արարողություն է։ Չինաստանում դրսում սնվելը շատ ընդունված է և միաժամանակ մատչելի բոլոր աշխատող ընտանիքների համար։ Այդպիսով, ընտանիքի իգական սեռի ներկայացուցիչները հավելյալ չեն ծանրաբեռնվում։ Նաև ուզում եմ շեշտել՝ չինացիները ոչ միայն ընդգծված հարգանք ունեն ընտանիքի մեծերի նկատմամբ, այլև հստակ պարտավորվածություն․ նրանք են հոգում իրենց ծնողների բոլոր կարգի ծախսերը»։   

Անահիտը մեկուսացման այս օրերին մեր ու չինացիների առանձնահատկությունների առումով նաև նկատեց՝ չինացիները մի մեծ տարբերություն ունեն՝ ամեն քայլափոխի հանդիպող ու կիրառվող կարգապահությունը, որը նրանց մեջ դեռ մանկուց է դաստիարակվում, և հենց դա շատ օգնեց չինացիներին մեկուսացման օրերին։ «Երբ նրանց կառավարության կողմից տանը մնալու հրաման իջավ, նրանք դա արեցին՝ առանց քննարկելու և հակադրվելու։ Չինացիները խնդիր չդարձրին, օրինակ՝ նաև ձեռնոց դնելն ու դիմակ կրելը։ Ի դեպ, Չինաստանում դիմակ կրելը ամենօրյա սովորույթ է օդի կեղտոտվածության պատճառով։ Իմ չինացի ընկերները պատմում են, որ մինչև այժմ էլ Պեկինի բոլոր փողոցները դատարկ են, և մարդիկ տանից դուրս են գալիս միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Նաև հսկողությունն է շատ խիստ։ Վայրեր կան, որտեղ տանից դուրս գալու իրավունք կա շաբաթը միայն մեկ անգամ։ Դրա համար էլ չինացիները շուտ հասան վիրուսի հաղթահարման վերջին կանգառին։ Իսկ ահա հայերս միանգամից բաժանվում ենք տարբեր ճակատների։ Մեր ժողովրդի 30-40 տոկոսն այժմ մտածում է՝ այս վիրուսը գոյություն չունի, և ընդհանրապես լուրջ չի վերաբերվում, ըստ այդմ էլ հանգիստ դուրս է գալիս տանից։ Մյուս 30 տոկոսը մտածում է՝ վիրուսը կա, բայց իրեն հաստատ չի սպառնում, ու կրկին չի հետևում մեկուսացման պահանջներին։ Մնացածն էլ արդեն այն կարգապահ հատվածն է, որ նաև մեծ պատասխանատվություն ունի տան երեխաների ու մեծահասակների նկատմամբ։ Արդյունքում շատ դեպքեր մեզ մոտ պայմանավորված էին և են հենց կարգապահության բացակայությամբ։ Անհրաժեշտության դեպքում, երբ դուրս եմ գալիս խանութ, ուղղակի սարսափում եմ դրսում եղած մարդկանց քանակից ու պահվածքից»,- ցավով նկատեց Անահիտը։

Զրուցակիցս շեշտեց՝ չինացիներն իրենք էլ են ուզում շուտ վերադառնալ բնականոն կյանքին, բայց գիտակցում են՝ առաջնահերթ կարևոր է վիրուսի դեմն առնել միասնական ջանքերով․ «Նաև մի հետաքրքիր եզրակացության եմ հանգել։ Քանի որ Չինաստանում սոցիալական ցանցերը հիմնականում փակ են, և մարդիկ ստանում են այն տեղեկատվությունը, որ տրամադրում է իրենց պետությունը, մի տեսակ չինացիներն ունեն այն միամտությունը, որ, օրինակ՝ բնորոշ էր մեր ծնողներին ԽՄ տարիներին։ Ժողովուրդը լսում է իր ղեկավարությանը՝ նաև այլ ելք չունենալով։ Այսքանով հանդերձ նրանք արդեն որերորդ վիրուսն են ընդունում ու պատվով ճանապարհում»։  

Անահիտ Հայրապետյան

Այն հարցին՝ արդյոք կորոնավիրուսով պայմանավորված այս մեկուսացումն ունի՞ իր դրական կողմերը, Անահիտը պատասխանեց․ «Սա ամենալավ ժամանակն է վերանայելու մեր ընտանեկան հարաբերություններն ու վերաբերմունքը միմյանց նկատմամբ։ Պետք է ինչքան հնարավոր է շատ ուշադրություն դարձնենք մեր հարազատներին՝ լրացնելով այն բացը, որ ունեցել ենք զբաղված լինելու պատճառով։ Երկրագնդին նորմալ պտույտ անելու համար սեր ու ջերմություն է պակասում։ Ի վերջո, նաև ժամանակն է դուրս գալ սոցցանցերից ու «վերադառնալ» ընտանիքներ։ Այժմ ողջ աշխարհի մարդկությունը հայտնվել է մի նավում, որի խորտակվելը ոչ մեկիս ձեռք չի տալիս, ուստի պիտի ամեն բան անենք՝ ցամաք հասնելու համար։ Չեմ վարանում ասել՝ եկել է նաև Աստծուն մոտենալու պահը։ Մարդիկ վաղուց մոռացել են բոլոր իրավիճակներում ամեն բացվող օրվա համար իրենց շնորհակալությունը հայտնել Տիրոջը»։

Մեր զրույցն Անահիտն այսպես եզրափակեց․ «Որքան էլ այս պահին ինձ անհրաժեշտ է լինել Չինաստանում, ես չեմ հուսահատվում և մտածում եմ՝ ուրեմն, այսպես էր պետք։ Չհուսահատվելուն ինձ նաև օգնում է իմ ամենօրյա զբաղվածության ճիշտ կազմված գրաֆիկը։ Մարդիկ այսօր հաճախ հայտնվում են հոգեկան վատ վիճակում այն պատճառով, որ ամեն բան շատ անորոշ է։ Եթե ասվեր, որ այս ամենը կվերջանա երեք ամսից, բայց հստակ ասվեր, մարդիկ ավելի թեթև կտանեին, բայց հարցականները հանգեցնում են հուսահատության։ Սակայն համոզված եմ՝ մեր ազգն այս մի փորձությունն էլ կհաղթահարի։ Ի վերջո, չմոռանանք ոչ այնքան վաղ 1990-ական թվականները, երբ ոչինչ չունեինք, բայց ապրեցինք։ Այժմ, առավել քան երբևէ, իրավունք չունենք չդիմանալու։ Ուստի, թող ամեն մի հայ սկսի ինքն իրենից։ Դադարենք քննադատել միմյանց, գոհանանք մեր ունեցածով և պայքարենք առավել պայծառ ապագայի համար՝ հուսալով լավագույնին»։ 

Չինաստան Անահիտ Հարությունյան նոր կորոնավիրուս

Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Նոր հնարավորություն. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
«Բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա». «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանը քաղցկեղ ունի
«Ցեղասպանության ուրվականը թևածում է աշխարհում». Փարիզի քաղաքապետը պարգևատրել է Արտակ Բեգլարյանին բարձրագույն մեդալով
«Խաչմերուկներ․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում». ԿԳՄՍՆ-ն հրապարակել է միջազգային փառատոնի ժամանակացույցը
Կրթության ամենակարևոր արդյունքը պետք է լինի հանդուրժողականության արմատավորումը. ՄԻՊ-ը՝ ապագա իրավաբաններին
Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ գովազդ
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում. Ներկայացնում է Արման Թաթոյանը
Ավելին
Ավելին