Թուրքիայի պաշտպանության նախարարությունը լրացուցիչ զորքեր կուղարկի սիրիական Իդլիբ նահանգ՝ հրադադարի ռեժիմի ապահովման համար: Այդ մասին հայտարարել է պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: Գրում է Gazeta.ru-ն:
«Մենք լրացուցիչ զորքեր կուղարկենք, որպեսզի ապահովենք հրադադարի ռեժիմը և այն կայուն դարձնենք: Մենք վերահսկելու ենք տարածաշրջանը», - Anadolu լրատվական գործակալությունը մեջբերում է թուրք նախարարի խոսքերը:
Աքարի խոսքերով՝ Թուրքիան կձեռնարկի բոլոր միջոցները, ներառյալ ուժի կիրառումը, ընդդեմ բոլոր նրանց, ովքեր չեն պահպանի հրադադարի ռեժիմը, ներառյալ արմատական խմբավորումների:
Ավելի վաղ Պենտագոնում հայտարարել էին, որ ԱՄՆ-ն կարող է սիրիական Իդլիբում գտնվող թուրք զինվորականներին օգնել հետախուզական տվյալների և ռազմական տեխնիկայի մատակարարմամբ: