Լեռնային Ղարաբաղի հարցով 2020 թվականի նոյեմբերին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունը հետեւողականորեն իրականացվում է: Այս մասին տեսակապով ելույթ ունենալով «դավոսյան շաբաթի» շրջանակում՝ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ Մոսկվան ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրել, որպեսզի կանգնեցնի Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունը: «Ինչպես հայտնի է, նոյեմբերին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդները եռակողմ հայտարարություն են ստորագրել: Կարեւոր է, որ այն մեծ հաշվով հետեւողականորեն իրականացվում է»,-նշել է ՌԴ նախագահը՝ հավելելով, որ հաջողվել է դադարեցնել արյունահեղությունը, իսկ ամենակարեւորն այն է, որ հաջողվել է հասնել կրակի լիարժեք դադարեցման եւ սկսել կայունացման գործընթաց: