Որոշ մարդիկ Արցախյան վերջին պատերազմում զոհված զինծառայողների եւ քաղաքացիական անձանց մարմինների եւ մասունքների նույնականացման համար արվող ԴՆԹ փորձարկումների համար նմուշները նախընտրում են արտերկիր ուղարկել: Նման դեպքերը շատ չեն, բայց դա մարդկանց իրավունքն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Ուղարկում են, մենք եւս աջակցում ենք, որ ամբողջ պրոցեսը արագ կազմակերպվի եւ մարդիկ ունենան պատասխաններ», - ասաց նա:
«Մինչեւ այս պահը արտերկրում իրականացված փորձարկումների եւ մեր կողմից իրականացված փորձարկումների արդյունքները իդենտիկ նույնն են եղել», - ավելացրեց նախարարը:
Հիշեցնենք, որ մարտի 22–ի դրությամբ Արցախյան վերջին պատերազմում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց 2147 մարմիններ և մասունքներ են նույնականացվել, իսկ 244 մարմիններ և մասունքներ չեն նույնականացվել: