f

Անկախ

Մեծ Բրիտանիայի բիզնես կապերը Լեռնային Ղարաբաղի հետ․ openDemocracy


Open Democracy-ն հետաքննություն է հրապարակել Լեռնային Ղարաբաղում Մեծ Բրիտանիայի բիզնես հետաքրքրությունների ու կապերի մասին։ Ավելի վաղ այս հարցին անդրադարձել էր Անկախը, խոսելով Մեծ Բրիտանիայի հետապնդած բիզնես շահերի և Anglo Asian Mining հանքարդյունաբերական ընկերության մասին:

Ներկայացնում ենք հոդվածի թարգմանությունն ամբողջությամբ:

Բրիտանիայի կառավարությունն աջակցել է  հանքաարդյունաբերական ընկերությանը, որը շահույթ է ստանալու Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջին պատերազմից:

Բաքվում Բրիտանիայի դեսպանատունն առաջարկել է օգնել Anglo Asian Mining ընկերությանը՝ այն բանից հետո, երբ դիվանագետները տեղեկացել են, որ ընկերությունը մտադիր է Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում հանքարդյունաբերությամբ զբաղվել
Հազարավոր մարդիկ սպանվեցին և շատ հայ բնակիչներ լքեցին իրենց տները անցյալ աշնանը Լեռնային Ղարաբաղի շուրջ պատերազմի ընթացքում, ինչը հանգեցրեց Ադրբեջանի տարածքային նվաճումներին:
Ադրբեջանում Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարփը հանդիպել է Anglo Asian Mining-ի հետ հակամարտության թեժ փուլում՝ համաձայն «Տեղեկատվության ազատություն»-ում հրապարակված էլեկտրոնային նամակագրության։
Հանդիպումից հետո Anglo Asian Mining-ը Շարփին էլեկտրոնային նամակ է ուղարկել Լեռնային Ղարաբաղում և նրա հարակից տարածքներում ոսկու հանքավայրերի մասին։
Բացի այդ, դեսպանը նաև ընկերությունից լրացուցիչ տեղեկություններ է ստացել՝ ոսկու հանքում և սահմանակից վայրերում հրադադարից հետո զարգացումների մասին՝ «Anglo Asian և հնարավորությունների երկիր» էլեկտրոնային նամակների շղթայի շրջանակում։ Այնուհետ դեսպանության պաշտոնյաներն առաջարկել են ընկերության անունից աննկատ հարցեր բարձրացնել Ադրբեջանի պետական հանքարդյունաբերական ընկերության հետ հանդիպմանը։
Դեսպանության ու բրիտանական ընկերության միջև բարեկամական կապն էլ բացահայտվում է էլեկտրոնային նամակագրությունից՝ հրապարակված Տեղեկատվության ազատության կանոններին համապատասխան։ Բրիտանիայի կառավարությունը նամակները մեծապես խմբագրել է՝ հրաժարվելով բացահայտել ամբողջական բովանդակությունը՝ չվնասելու համար ընկերության շահերը, ինչպես նաև Միացյալ թագավորության շահերը Հայաստանի ու Ադրբեջանի հետ հարաբերություններում:
Anglo Asian Mining-ն Ադրբեջանի կառավարության հետ ոսկու հանքերի շահագործման պայմանագրեր ունի՝ 20 տարի ժամկետով, բայց մինչև վերջերս չէր կարող Լեռնային Ղարաբաղում գործունեություն ծավալել։ Անցյալ աշնանը Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակումից և պատերազմի հետևանքով ԼՂ-ի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցնելուց հետո հանքերը, հնարավոր է, անցնեն բրիտանական ընկերության կառավարմանը։
«Միացյալ Թագավորությունը հետևողականորեն հստակ է իր դիրքորոշման մեջ, որ մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին` հակամարտության տևական ավարտին նպաստելու համար », - ասվում է ԱԳՆ-ի հայտարարության մեջ` հղում կատարելով միջազգային մարմնին, որը միջնորդ է Հայաստանի և Ադրբեջանի միջև: «Տարածաշրջանում ավելի մեծ բարգավաճումը հակամարտության կայուն լուծման ապահովման կարևոր մասն է»:

2020թ․ նոյեմբերին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը զգուշացրել է հակամարտության գոտում կատարված ռազմական հանցագործությունների մասին, հետագայում էլ հայտնվել են դաժան վերաբերմունքի մասին տեղեկություններ՝ ներառյալ հայ  խաղաղ բնակիչների ու գերեվարված զինծառայողների սպանությունների մասին։ Բաքվում նաև մնացել են հայ գերիներ, որոնք ենթարկվում են  դաժան ու անմարդկային վերաբերմունքի։
«Մեծ Բրիտանիայի կառավարությանը չի հաջողվել ճշմարտության առջև կանգնել, որ համաշխարհային առևտրի և ներդրումների հնարավորությունը կարող է բախվել մարդու իրավունքները պաշտպանելու իր պարտավորությանը», - նշում է Թոմ Ուիլսը՝ Բիզնեսի և մարդու իրավունքների ռեսուրս կենտրոնի կորպորատիվ հաշվետվողականության և առևտրի նախագծերի ղեկավարը:

Open Democracy-ի հարցման պատասխանում, սակայն, բրիտանական ընկերությունը նշել է, որ դեսպանատունը որևէ աջակցություն չի ցուցաբերել՝ բացառությամբ դիվանագիտական ներկայացուցչության սովորական պարտականություններից։
Բաքվում բրիտանական դեսպանատունը հարաբերություններ է պահպանում Anglo Asian-ի հետ։ Ադրբեջանում,  որը հայտնի է որպես էնդեմիկ էլիտար կոռուպցիա, ազատ քաղաքական մրցակցության և մամուլի ազատության խիստ սահմանափակումներ ունեցող ավտորիտար պետություն, Մեծ Բրիտանիայի  դեսպաններն այցելել են ընկերության Գեդաբեկի ոսկու և պղնձի հանքավայրեր:

«Մենք ուրախ ենք օգնել [դեսպանությանը] հասկանալու տեղական բիզնես միջավայրը ոչ միայն որպես Միացյալ Թագավորության լավ կորպորատիվ քաղաքացիներ, այլ նաև այն պատճառով, որ նրանք կարող են ժամանակ առ ժամանակ կապի մեջ մտնել մեր ընկերության համար ապրանքներ և ծառայություններ մատուցող բրիտանական ընկերությունների հետ», - հայտարարել էր Anglo Asian հանքարդյունաբերակիան ընկերությունը:

Հետաքրքիր է նաև այն, որ պաշտոնական կայքում և այլ գովազդային նյութերում բրիտանական ընկերությունն Ադրբեջանին ներկայացնում է որպես «քաղաքականապես կայուն ժողովրդավար  երկիր՝ մարդու իրավունքների լավ ցուցանիշներով»։

Ադրբեջանի ոսկու արդյունահանման սեկտորը հետապնդվում է նեպոտիզմի մեղադրանքներով: 2012-ին ադրբեջանցի հետաքննող լրագրողները պարզել են, որ իրենց երկրի կառավարությունը ոսկու հանքերում մենաշնորհներ է տրամադել մի ընկերությանը, որն ինչպես պարզվել է, պատկանում է Նախագահ Իլհամ Ալիևի դուստրերին:

Որպես պայմանագրի մի մաս, Anglo Asian-ն « հանածոների վաճառքից ստացված հասույթի առավելագույնը 75%-ը ծախսում է հանքարդյունաբերական գործընթացների, պետական տուրքի և այլկապիտալ ծախսերի վրա: Մնացած հասույթի 51% -ը հատկացվում է Ադրբեջանի բնական պաշարների նախարարությանը, իսկ 49% -ը ՝ Anglo Asian- ին:

Բրիտանական դեսպանատան պաշտոնյաները հանդիպել են ընկերության հետ 2020թ-ի սեպտեմբերի 7-ին՝ Լեռնային Ղարբաղի պատերազմի մեկնարկից երեք շաբաթ առաջ։ Էլեկտրոնային նամակագրությունը ցույց է տալիս, որ ընկերությունը դեսպանատանը տեղեկացրել է Ադրբեջանի կառավարության հետ իր ծրագրերի մասին։ Դրանք ընկերությանը հնարավորություն են տվել շահագործել Ադրբեջանի արևմտյան մասում գտնվող հանքերը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվողները, որոնք այդ ժամանակ դեռ հայկական վերահսկողության տակ էին։ Նամակագրությունից պարզ չէ՝ արդյո՞ք դեսպանության հետ ԼՂ-ում գոյություն ունեցող հանքերի մասով քննարկում եղել է։
«Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը հանդիպում է Ադրբեջանում բրիտանական ընկերությունների լայն շրջանակի, այդ թվում` Anglo Asian Mining PLC- ի հետ », - openDemocracy- ին ասացին Արտաքին գործերի նախարարությունից: «Այս ընկերությունները ստեղծում են տնտեսական հնարավորություններ Ադրբեջանում և աշխատատեղեր Մեծ Բրիտանիայում»:

Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած փոխհրաձգությունները սպառնում էին լայնամասշտաբ հակամարտության վերաճել 2020-ի սկզբին: Բայց խաղաղության միջազգային կոչերը անուշադրության մատնվեցին, երբ սեպտեմբերի վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում լուրջ մարտեր սկսվեցին:

Պատերազմի բռնկմանը ի պատասխան ՝ Մեծ Բրիտանիան և Կանադան հանդես եկան համատեղ հայտարարությամբ ՝ կոչ անելով Ադրբեջանին և Հայաստանին «դադարեցնել բռնությունը», և «երկու պետությունների դաշնակիցներն ու ընկերները կրկնապատկեն իրենց ջանքերը՝ ուղղված ռազմական գործողությունների դադարեցմանը և զերծ մնալ այնպիսի գործողություններ ձեռնարկելուց, որոնք վտանգում են սրել ճգնաժամը »:

Սկզբնական հումանիտար զինադադարի տապալումից հետո Ադրբեջանը լայնամասշտաբ գրոհային գործողություններ ձեռնարկեց՝ հետ վերցնելով հողերը, որոնք կորցրել էր 1990-ականների առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ:

ԼՂ-ում պատերազմի ու ճգնաժամի խորացմանը զուգահեռ, Բաքվում բրիտանական դեսպանատունը կապ է հաստատել Anglo Asian Mining-ի հետ, որը փորձում էր հանգստացնել ներդրողների նյարդերը  հրապարակային հայտարարությամբ։ Դեսպանատան նախաձեռնությամբ էլ  ընկերությանը թարմացված տեղեկություն է ուղարկվել հոկտեմբերի 14-ին։ Էլեկտրոնային նամակներում ընկերությունը հանդիպում է խնդրել դեսպանի կամ այլ պաշտոնյայի հետ։
Հաջորդող շաբաթվա ընթացքում ադրբեջանական ուժերը տարածքային հաջողություն են ունենում՝ գրավելով Իրանի հետ սահմանին Զանգելանի շրջանը։ Զանգելանում է գտնվում Վեջնալիի ոսկու հանքավայրը, իսկ Anglo Asian-ը բացառիկ իրավունքներ ունի՝ այն ուսումնասիրելու և շահագործելու, որը նախկինում շահագործվել է շվեյցարահայ գործարարի կողմից։ Հոկտեմբերի 27-ին էլ ընկերությունը ներդրողներին տեղեկացնում է «Զանգելանի ազատագրման մասին»՝ հավելելով, որ բանակցություններ է վարում Ադրբեջանի կառավարությա հետ՝ հետագա զարգացումների մասով։ Երկու օր անց դեսպան Շարփը հանդիպում է ընկերության ներկայացուցիչների հետ,  ինչը Արտաքին գործերի նախարարությունը բնութագրեց որպես «սուրճի սեղանի շուրջ հանդիպում»:
Anglo Asian- ը openDemocracy- ին ասաց, որ հանդիպումը «բնորոշ է» այն հանդիպումներին, որոնք նա ունենում է Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների հետ, բայց այլ մանրամասներ չի ներկայացրել: Ընկերությունը նաև openDemocracy- ին ասաց, որ «կարճ այցելություն է կատարել» Զանգելանի հանքավայր, բայց որ ներկայումս չունի հասանելիություն Լեռնային Ղարաբաղում և Քելբաջարում գտնվող իր հանքավայրեր:

Նոյեմբերի 10-ի կնքվում է հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը, իսկ նոյեմբերի 19-ին դեսպանատունը զեկույց է խնդրում Anglo Asian Mining-ից, որի ներկայացուցիչը պատասխան նամակում ասում է, որ իրենք են այդ ընկերությունը, որը Լեռնային Ղարաբաղում 3 հանքերի շահագործման մասով պայմանագիր ունի։ Հրապարակման մեջ խոսվում է նաև Սոթքի հանքավայրի ու այդ հատվածում հայ-ադրբեջանական սահմանային խնդիրների, ինչպես նաև այդ հարցի շուրջ ընկերության ու դեսպանատան հետաքրքրություննների մասին։

Մինչ Ադրբեջանի կողմից զինադադարին նվիրվածությունը ավելի ու ավելի էր կասկածի տակ դրվում դրա ստորագրումից արդեն մի քանի շաբաթ անց, նոյեմբերի 26-ին սոցցանցերում տարածվեցին կադրեր, որոնք ակնհայտորեն ցույց էին տալիս, որ ադրբեջանական զորքերը կուտակված են Սոթքի վերևում՝ ձյունապատ լեռնանցքում, որը Հայաստանի ամենամեծ ոսկու հանքավայրն էր:

Սոտքըով անցնում է Հայաստանի և Ադրբեջանի նոր միջազգային սահմանը, այն բանից հետո, երբ Հայաստանը նոյեմբերյան հրադադարի պայմաններով ստիպված էր զիջել Քելբաջարի շրջանը Ադրբեջանին:

Anglo Asian Mining- ը Ադրբեջանի տարածքում հանքերը շահագործելու բացառիկ իրավունքներ ունի ՝ համաձայն կառավարության հետ իր պայմանագրի: Նախկինում հանքավայրը շահագործում էր մի ռուսական ընկերություն, երբ հողերը գտնվում էին Հայաստանի վերահսկողության տակ:

Նոյեմբերի 28-ին, Սոթքի կադրերի ի հայտ գալուց երկու օր անց, Anglo Asian- ն իր գործողությունների վերաբերյալ թարմացում ուղարկեց Միացյալ Թագավորության դեսպանին: Էլ.փոստը խիստ վերամշակվել էր: Բայց հնարավոր եղավ բացահայտել մի մանրամասն. Սոտքի ոսկու հանքավայրի նկատմամբ Ադրբեջանի և Հայաստանի մրցակցային տարածքային պահանջների մասին նորությունների մի հոդված:

Anglo Asian- ը openDemocracy- ին ասաց, որ այս էլ.փոստը «հասկանալի պարզաբանումն» է իր «տարածաշրջանային հետաքրքրության» վերաբերյալ: Ընկերությունն ասաց, որ «ցանկանում է գնահատել ընդհանուր տարածքը», բայց որ դա կարող է անել միայն Ադրբեջանի կառավարության թույլտվությամբ և միայն երբ հայտարարվի հակամարտության պաշտոնական ավարտի մասին: Anglo Asian- ը նաև ավելացրեց, որ ինքը «ոչ մի ակնկալիք չունի, որ [Բրիտանական] դեսպանատունը կձեռնարկի որևէ գործողություն իրենց հետ տեղեկատվությամբ կիսվելուց հետո»:

Նոյեմբերյան զինադադարից ի վեր, Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​նոր սահմանների գծանշման հետ կապված վեճերը հիմնականում լուծված չեն: 2021-ի մայիսին ադրբեջանական ներխուժումը հայկական տարածք ռազմական տագնապ առաջ բերեց, ինչը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին ՝ Ֆրանսիային և ԱՄՆ-ին, ստիպեց կոչ անել Ադրբեջանի դուրսբերմանը: Նմանատիպ միջադեպեր վերջերս գրանցվել են նաև այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Քելբաջարի շրջանի  և Հայաստանի միջև սահմանի երկայնքով:

 Anglo Asian-ը Ադրբեջանի կառավարության հետ երկրի արևմտյան մասերի, ինչպես նաև հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքների հանքերի շահագործման մասին պայմանագիր կնքել է 1997 թվականին։

Այն մշակվել է 1990-ականներին՝ ադրբեջանական նավթային բումի ընթացքում օտարերկրյա ընկերությունների հետ համաձայնագրերի ձևաչափով։ Գործարքը հիմնականում կայացել է Ջոն Սունունուի ջանքերով՝ Նյու Հեմփշիրի նախկին նահագապետի ու նախագահ Ջորջ Բուշի վարչակազմի նախկին ղեկավարի, որն այն ամերիկացի պաշտոնյաներից է, որը եկել է Ադրբեջան՝ ԽՍՀՄ փլուզումից հետո ներդրումներ փնտրելու։ Նա շարունակում է մնալ Anglo Asian-ի հիմնական  բաժնետերերից։

Սունունուն համագործակցություն է հաստատել իրանական ծագմամբ գործարար Ռեզա Վազիրիի հետ, որն այդ ժամանակ փոխըմբռնման հուշագիր ուներ Ադրբեջանի կառավարության հետ: Վազիրին ԱՄՆ-Ադրբեջան առևտրի պալատի համանախագահն է, որը լոբբիստական գործունեություն է ծավալել Վաշինգտոնում Ադրբեջանի առևտրային շահերի օգտին: Այժմ նա Anglo Asian- ի գլխավոր տնօրենն է և ամենամեծ բաժնետերը: Վազիրին համարվում է նախագահ Իլհամ Ալիևի «անձնական ընկերը»։

Ադրբեջանի իշխող էլիտայի հետ նրա կապերի մասին բացահայտվել է 2016 թվականի էլեկտրոնային նամակների հրապարակման արդյունքում, որոնք կապված էին Unaoil ընկերության հետ։ Հետաքննության մեջ նաև խոսվում է Ադրբեջանում բրիտանական ներդրումների մասին։ Նշվում է, որ Միացյալ Թագավորությունը Ադրբեջանում շարունակում է մնալ ամենամեծ ներդրողը։ Լոնդոնի և Բաքվի կապերը հիմնված են բրիտանական ընկերությունների, այդ թվում՝ BP-ի վրա, որը երկրի նավթագազային ոլորտում գերիշխող դիրք ունի։ Անցյալ ամիս էլ նախագահ Ալիևը Բաքվում հանդիպել է Մեծ Բրիտանիայի արտահանման նախարար Գրեհեմ Ստյուարտին։ Նախարարի հետ հանդիպմանը Ալիևն ասել է, որ բրիտանական ընկերություններն «առաջին արտասահմանյան ընկերություններից են, որոնք իրենց հետ աշխատում են ազատագրված տարածքների վերականգնման, վերակառուցման ուղղությամբ»: Բացի այդ, բրիտանական Chapman Taylor ընկերությունը բազմամիլիոնանոց պայմանագիր է կնքել Ադրբեջանի հետ՝ հայկական Շուշի քաղաքի գլխավոր հատակագծի նախագծման համար։

«Քանի որ կառավարությունը զբաղվում է աշխատանքով՝ բանակցելով նոր առևտրային գործարքների շուրջ, Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ է գործակցում և գումար ծախսում՝ դրսում բրիտանական բիզնես շահերի խթանման համար, ապա շտապ ռազմավարություն է պետք, որը պարզ կդարձնի, որ մարդու իրավունքները բրիտանական կորպորացիաների շահույթից առավել են»,- հոդվածը եզրափակվում է Բիզնեսի ու Մարդու իրավունքների ռեսուրսների կենտրոնի մասնագետ Թոմ Ուիլլի խոսքերով։
 

Ադրբեջան ԼՂ հակամարտություն Սոթքի հանքավայր Մեծ Բրիտանիա հանքարդյունաբերություն

Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում. Ներկայացնում է Արման Թաթոյանը
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը
Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ
Ղազախական կողմի առաջարկով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ խոսնակ
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված զբոսայգին բարեկարգվել է
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
Երևանում իրար են բախվել «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում․ Shamshyan.com
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Ավելին
Ավելին